Գրադարան
Մելանոմա. կանխարգելում

2 րոպե
Դուք կարող եք նվազեցնել մելանոմայի և մաշկի քաղցկեղի այլ տեսակների ռիսկը, եթե հետևեք այս խորհուրդներին:
- Խուսափեք կեսօրվա արևից. Հայաստանում բնակվող բազմաթիվ մարդկանց համար արևի ճառագայթներն ամենաուժեղն են առավոտյան 10-ից մինչև 16-ը: Նախատեսեք բացօթյա գործերն օրվա այլ ժամերի համար, նույնիսկ ձմռանը կամ երբ երկինքն ամպամած է: Դուք ուլտրամանուշակագույն ճառագայթումը կլանում եք ամբողջ տարին, իսկ ամպերը քիչ են պաշտպանում վնասակար ճառագայթներից: Ամենաուժեղ ճառագայթող արևից խուսափելն օգնում է, որ կանխարգելեք արևայրուքը և մաշկի թուխացումը, որոնք վնասում են մաշկը և մեծացնում մաշկի քաղցկեղի զարգացման ռիսկը: Մաշկի քաղցկեղ նաև կարող է առաջացնել ժամանակի ընթացքում կուտակված արևի ազդեցությունը:
- Ամբողջ տարին օգտագործեք արևապաշտպան քսուքներ. օգտագործեք լայն սպեկտրի արևապաշտպան քսուքներ առնվազն 30 SPF-ով, նույնիսկ ամպամած օրերին: Առատորեն քսեք արևապաշտպան քսուք և կրկնակի կիրառեք երկու ժամը մեկ կամ ավելի հաճախ, եթե լողում կամ քրտնում եք:
- Հագեք պաշտպանիչ հագուստ. ձեր մաշկը ծածկեք մուգ, ամուր հյուսված հագուստով, որը ծածկում է ձեր ձեռքերն ու ոտքերը, և լայնեզր գլխարկ, որն ավելի շատ պաշտպանություն է ապահովում, քան բեյսբոլի գլխարկը կամ երեսկալը: Որոշ ընկերություններ նաև արտադրում են հատուկ պաշտպանիչ արտահագուստ: Մաշկաբանը կարող է առաջարկել համապատասխան ապրանք: Մի՛ մոռացեք արևային ակնոցի մասին: Ընտրեք այնպիսի ակնոց, որն արգելափակում է ուլտրամանուշակագույն ճառագայթների երկու՝ A և B տեսակները (UVA և UVB):
- Խուսափեք մաշկը թուխացնող սոլյարիներից և ՈւՄ ճառագայթման այլ աղբյուրներից. սոլյարիներն ու մաշկը թուխացնող այլ սարքերն ու միջոցները կարող են մեծացնել ձեր մաշկի քաղցկեղի ռիսկը:
- Պարբերաբար զննեք ձեր մաշկը, որ փոփոխությունները հայտնաբերեք հնարավորինս շուտ. հաճախակի հետազոտեք ձեր մաշկը նոր գոյացումների կամ գոյություն ունեցող խալերի, պեպենների, բշտիկների և բնածին հետքերի հայտնաբերման համար: Հայելիների օգնությամբ ստուգեք ձեր դեմքը, պարանոցը, ականջները և գլխամաշկը։ Զննեք նաև ձեր կրծքավանդակը և իրանը, ինչպես նաև ձեռքերի և դաստակների ներսային ու դրսային մակերեսները: Զննեք ձեր ոտքերի և ոտնաթաթերի ինչպես առջևի, այնպես էլ ետին շրջանները, ներառյալ ներբանները և մատների միջև ընկած տարածությունները: Ստուգեք նաև ձեր սեռական շրջանը և ձեր հետույքի ծալքը:
Հոդվածը տեղադրվել է՝ 29-07-2023 վերանայվել է՝ 01-08-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: