Ձեր մելանոմայի լավագույն բուժումը կախված է քաղցկեղի չափից և փուլից, ձեր ընդհանուր առողջական վիճակից և ձեր անձնական նախապատվությունից:
Փոքր մելանոմաների բուժումը
Վաղ փուլերում մելանոմայի բուժումը սովորաբար ներառում է մելանոմայի հեռացման վիրահատություն (լայնածավալ տեղային բացազատում (էքսցիզիա)): Շատ բարակ մելանոման կարող է ամբողջությամբ հեռացվել բիոպսիայի ընթացքում և չի պահանջում հետագա բուժում: Հակառակ դեպքում, ձեր վիրաբույժը կհեռացնի քաղցկեղը, ինչպես նաև նորմալ մաշկի եզրը և մաշկի տակ գտնվող հյուսվածքային շերտը: Վաղ փուլերի մելանոմա ունեցող մարդկանց համար սա կարող է լինել միակ անհրաժեշտ բուժումը:
Մաշկից դուրս տարածված մելանոմայի բուժումը
Եթե մելանոման տարածվել է մաշկից ավելի խոր կամ հեռավոր հյուսվածքներ, բուժման տարբերակները կարող են ներառել հետևյալը:
- Ախտահարված ավշային հանգույցների հեռացման վիրահատություն. եթե մելանոման տարածվել է մոտակա ավշային հանգույցների վրա, ձեր վիրաբույժը կարող է հեռացնել ախտահարված հանգույցները: Վիրահատությունից առաջ կամ հետո նաև կարող են առաջարկվել լրացուցիչ բուժումներ:
- Իմունոթերապիա. իմունոթերապիան դեղորայքային բուժում է, որն օգնում է ձեր իմունային համակարգին, որ ներգրավվի քաղցկեղի դեմ պայքարին: Ձեր օրգանիզմի հիվանդությունների դեմ պայքարող իմունային համակարգը չի կարող վնասել քաղցկեղը, քանի որ քաղցկեղային բջիջներն արտադրում են սպիտակուցներ, որոնք օգնում են նրանց թաքնվելու իմունային համակարգի բջիջներից: Իմունոթերապիան գործում է՝ միջամտելով այդ գործընթացին։ Իմունոթերապիա հաճախ առաջարկվում է մելանոմայի վիրահատությունից հետո, որը տարածվել է ավշային հանգույցներ կամ օրգանիզմի այլ շրջաններ: Երբ մելանոման հնարավոր չէ վիրահատության միջոցով ամբողջությամբ հեռացնել, իմունոթերապիայի դեղամիջոցը կարող է ուղղակիորեն ներարկվել մելանոմայի մեջ:
- Թիրապային թերապիա. թիրախային դեղորայքային թերապիաները կենտրոնանում են քաղցկեղի բջիջներում առկա կոնկրետ թուլությունների՝ առանձնահատկությունների վրա: Թիրախավորելով և արգելափակելով այս թույլ կողմերը՝ թիրախային դեղորայքային թերապիաները կարող են հանգեցնել քաղցկեղի բջիջների մահվան: Ձեր մելանոմայի բջիջները կարող են ենթարկվել լաբորատոր հետազոտության՝ պարզելու, թե արդյոք թիրախային թերապիան արդյունավետ կլինի կոնկրետ ձեր քաղցկեղի դեմ: Մելանոմայի դեպքում թիրախային թերապիա կարող է առաջարկվել, եթե քաղցկեղը տարածվել է մոտակա ավշային հանգույցներ կամ օրգանիզմի այլ շրջաններ:
- Ճառագայթային թերապիա (ռադիոթերապիա). այս թերապիան օգտագործում է բարձր էներգիայի ճառագայթներ, ինչպիսիք են ռենտգենյան ճառագայթները և պրոտոնները, որոնք կարող են ոչնչացնել քաղցկեղային բջիջները: Ճառագայթային թերապիան կարող է ուղղվել դեպի ավշային հանգույցներ, եթե մելանոման տարածվել է այնտեղ։ Ճառագայթային թերապիան նաև կարող է օգտագործվել այն մելանոմայի բուժման համար, որը հնարավոր չէ ամբողջությամբ հեռացնել վիրահատության միջոցով: Եթե մելանոման արդեն տարածվել է օրգանիզմի այլ շրջաններ, ճառագայթային թերապիան կարող է օգնել ախտանիշների թեթևացմանը:
- Քիմիոթերապիա. քիմիոթերապիան օգտագործում է դեղամիջոցներ, որոնք կարող են ոչնչացնել արագ աճող, այդ թվում՝ քաղցկեղային բջիջները: Ընդհանուր օրգանիզմի վրա ազդող քիմիոթերապիան կարող է տրվել ներերակային, բերանային (օրալ) հաբերի ձևով կամ երկուսն էլ: Այն նաև կարող է տրվել ձեր ձեռքի կամ ոտքի երակով, որը կոչվում է վերջույթների մեկուսացված պերֆուզիա: Այս միջոցառման ընթացքում ժամանակավորապես թույլ չի տրվում, որ ձեր ձեռքի կամ ոտքի արյունը հոսի ձեր մարմնի այլ շրջաններ, որի նպատակն այն, որ քիմիոթերապիայի դեղերը մնան մելանոմայի շրջակա հյուսվածքներում և չտարածվեն ու չազդեն օրգանիզմի այլ շրջանների վրա:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024