Մելանոմաները կարող են առաջանալ ձեր մարմնի ցանկացած շրջանում, սակայն առավել հաճախ զարգանում են արևի ազդեցությանը ենթարկվող տարածքներում, ինչպիսիք են մեջքը, ոտքերը, ձեռքերը և դեմքը:
Մելանոմաները նաև կարող են առաջանալ այն շրջաններում, որոնք շատ չեն ենթարկվում արևի ազդեցությանը, ինչպիսիք են ոտքերի ներբանները, ձեռքերի ափերը և եղունգները: Այս թաքնված մելանոմաները ավելի հաճախ հանդիպում են ավելի մուգ մաշկ ունեցող մարդկանց մոտ:
Մելանոմայի առաջին գանգատներն ու ախտանիշները հաճախ հետևյալն են՝
- գոյություն ունեցող ձեր խալի փոփոխություն
- ձեր մաշկի վրա նոր գունային կամ անսովոր տեսք ունեցող աճի զարգացում։
Մելանոման միշտ չէ, որ սկսվում է որպես խալ: Այն նաև կարող է առաջանալ այլապես նորմալ տեսք ունեցող մաշկի վրա:
Սովորական խալեր
Սովորական խալերն, ընդհանուր առմամբ, ունեն միատեսակ գույն են, օրինակ՝ թուխ, շագանակագույն կամ սև, և ունեն հստակ եզրագիծ, որով առանձնանում են շրջապատող մաշկից: Դրանք ձվաձև կամ կլոր են և սովորաբար ոչ ավելի քան մոտ 6 միլիմետր տրամագծով (մատիտի ռետինի չափ):
Խալերի մեծ մասը սկսում է ի հայտ գալ մանկական տարիքում, և նոր խալերը կարող են ձևավորվել մինչև մոտ 40 տարեկանը: Մինչև հասուն տարիքը, մարդկանց մեծամասնության մոտ կա 10-ից 40 խալ: Խալերի տեսքը ժամանակի ընթացքում կարող է փոխվել, իսկ որոշները՝ տարիքի հետ նույնիսկ անհետանալ:
Անսովոր խալեր, որոնք կարող են հուշել մելանոմայի մասին
Հնարավոր մելանոմաների կամ մաշկի այլ քաղցկեղների մասին հուշող անսովոր խալերի հատկանիշները հիշելու համար բազմաթիվ բժիշկներ օգտվում են ABCDE մնեմոնիկայից:
- A-ն ասիմետրիկ ձևի համար է (asymmetrical shape). փնտրեք անկանոն ձևի խալեր, ինչպիսիք են խալի երկու խիստ տարբեր տեսք ունեցող կեսերը:
- B-ն անկանոն եզրագծի համար է (irregular border). փնտրեք խալեր, որոնք ունեն անկանոն, ակոսավոր կամ փաթաթված եզրագծեր, որոնք մելանոմայի հատկանիշներից են:
- C-ն գույնի փոփոխության համար է (changes in color). փնտրեք գոյացություններ, որոնք ունեն բազմաթիվ գույներ կամ գույնի անհավասար երանգավորում:
- D-ն տրամագծի համար է (diameter). փնտրեք նոր աճ մոտ 6 միլիմետրից ավելի մեծ խալի մեջ:
- E-ն զարգացման՝ փոփոխությունների համար է (evolving). փնտրեք ժամանակի ընթացքում փոփոխություններ, օրինակ՝ խալ, որը մեծանում է չափերով, փոխում է գույնը կամ ձևը: Խալերը նաև կարող են զարգանալ՝ առաջացնելով նոր նշաններ և ախտանիշներ, ինչպիսիք են նոր ի հայտ եկած քորը կամ արյունահոսելը:
Քաղցկեղային (չարորակ) խալերը զգալի կերպով տարբերվում են իրենց արտաքին տեսքով: Որոշները կարող են դրսևորել վերևում թվարկված բոլոր փոփոխությունները, մինչդեռ մյուսները` ունենալ միայն մեկ կամ երկու անսովոր հատկանիշ:
Թաքնված մելանոմաներ
Մելանոմաները նաև կարող են զարգանալ ձեր մարմնի այն շրջաններում, որոնք քիչ են ենթարկվում կամ ընդհանրապես չեն ենթարկվում արևի ազդեցությանը, օրինակ՝ ոտքի մատների միջև և ձեռի ափերին, ներբաններին, գլխամաշկին կամ սեռական օրգաններին: Դրանք երբեմն կոչվում են թաքնված մելանոմաներ, քանի որ դրանք ի հայտ են գալիս այնպիսի վայրերում, որոնք շատերը չեն մտածում ստուգել: Երբ մելանոման առաջանում է ավելի մուգ մաշկ ունեցող մարդկանց մոտ, ավելի հավանական է, որ այն առաջանա թաքնված տարածքում:
Թաքնված մելանոմաները ներառում են հետևյալը:
- Մելանոմա եղունգի տակ. ակրալ-լենտիգինոզ մելանոման մելանոմայի հազվադեպ ձև է, որը կարող է առաջանալ ձեռքի կամ ոտքի մատի եղունգի տակ: Այն նաև կարող է հայտնաբերվել ձեռքերի ափերի կամ ոտքերի ներբանների վրա: Այն ավելի տարածված է ասիական ծագում ունեցող մարդկանց, սևամորթների և մաշկի մուգ գունավորում ունեցող մարդկանց մոտ:
- Մելանոմա բերանի խոռոչում, մարսողական խողովակում, միզուղիներում կամ հեշտոցում. լորձաթաղանթային մելանոման զարգանում է քթի, բերանի, կերակրափողի, հետանցքի, միզուղիների և հեշտոցի լորձաթաղանթի վրա: Լորձաթաղանթային մելանոման առանձնակի դժվար է հայտնաբերել, քանի որ դրանք հեշտությամբ կարող են շփոթվել այլ շատ ավելի տարածված վիճակների հետ:
- Մելանոմա աչքում. աչքի մելանոման, որը նաև կոչվում է ակնային (օկուլյար) մելանոմա, ամենից հաճախ առաջանում է ուվեայում՝ աչքի սպիտակենու տակ գտնվող շերտում (եղջերաթաղանթ կամ սկլերա): Աչքի մելանոման կարող է առաջացնել տեսողության շեղումներ և կարող է ախտորոշվել աչքի հետազոտության ժամանակ:
Ե՞րբ դիմել բժշկին
Պայմանավորվեք ձեր բժշկի հետ արտահերթ այցի համար, եթե նկատել եք ձեր մաշկի անսովոր որևէ փոփոխություն։
Հոդվածը հրապարակվել է՝ 29-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024