Ընդհանուր առմամբ, քաղցկեղը սկսվում է այն ժամանակ, երբ բջջի ԴՆԹ-ում տեղի են ունենում մի շարք փոփոխություններ (մուտացիաներ):
ԴՆԹ-ն պարունակում է հրահանգներ, որոնք բջջին ասում են, թե ինչ անել: Մուտացիաները բջջին հրահանգում են, որ այն աճի և բազմանա անվերահսկելի կերպով: Այսպիսի ոչ նորմալ՝ քաղցկեղային բջիջները կուտակվում են և առաջացնում ուռուցք։
Դեռևս պարզ չէ, թե ինչն է առաջացնում նախնական գենետիկ մուտացիաները, որոնք հանգեցնում են մեզոթելիոմայի, թեև հետազոտողները հայտնաբերել են գործոններ, որոնք կարող են մեծացնել քաղցկեղի այս տեսակի ռիսկը: Հավանական է, որ քաղցկեղը ձևավորվում է բազմաթիվ գործոնների փոխազդեցության պատճառով, ինչպիսիք են ժառանգական վիճակները, ձեր միջավայրը, ձեր առողջական խնդիրները և ձեր ապրելակերպի ընտրությունը:
Ռիսկի գործոններ
Ասբեստի ազդեցություն․ մեզոթելիոմայի առաջնային ռիսկի գործոնը
Ընդունված է, որ մեզոթելիոմաների մեծ մասը (ավելի քան 80%-ը) կապված է ասբեստի ազդեցության հետ: Ընդ որում, որքան մեծ է ազդեցությունը, այնքան մեծ է ռիսկը:
Ասբեստը հանքանյութ է, որը բնականում հայտնաբերվում է շրջակա միջավայրում: Ասբեստի մանրաթելերը ամուր են և դիմացկուն ջերմության նկատմամբ, ինչը դրանք օգտակար է դարձնում տարբեր կիրառություններում, ինչպիսիք են մեկուսացնող նյութերը, արգելակները, խողովակները, հատակը և բազմաթիվ այլ ապրանքները:
Երբ ասբեստը քայքայվում կամ կոտրվում է, օրինակ՝ հանքարդյունաբերության ընթացքում կամ ասբեստային մեկուսիչների հեռացման ժամանակ, կարող է փոշի առաջանալ: Եթե փոշին ներշնչվում կամ կուլ է տրվում, ասբեստի մանրաթելերը հայտնվում են թոքերում կամ ստամոքսում, որտեղ կարող են առաջացնել գրգռում, որն էլ կարող է ի վերջո հանգեցնել մեզոթելիոմայի: Այնուամենայնիվ, դեռևս անհասկանալի է, թե կոնկրետ ինչպես է դա տեղի ունենում: Ասբեստի ազդեցությունից հետո մեզոթելիոմայի զարգացումը կարող է տևել 20-ից 60 տարի կամ ավելի երկար:
Ասբեստի ազդեցությանը ենթարկվող մարդկանց մեծ մասի մոտ երբեք չի զարգանում մեզոթելիոմա: Սա ցույց է տալիս, որ այլ գործոններ նույնպես կարող են ներգրավվել մեզոթելիոմայի զարգացման մեջ: Օրինակ, դուք կարող եք ժառանգել նախատրամադրվածություն քաղցկեղի նկատմամբ կամ ունենալ այլ առողջական խնդիր, որը մեծացնի քաղցկեղի ձեր ռիսկը:
Մեզոթելիոմայի ռիսկը կարող են բարձրացնել հետևյալ գործոնները:
- Ասբեստի ազդեցության անձնական պատմություն․ եթե աշխատավայրում կամ տանն ուղղակիորեն ենթարկվել եք ասբեստի մանրաթելերի ազդեցությանը, ձեզ մոտ մեզոթելիոմայի ռիսկը զգալիորեն մեծանում է:
- Մեկի հետ ապրելը, ով աշխատում է ասբեստի հետ․ մարդիկ, ովքեր ենթարկվում են ասբեստի ազդեցությանը, կարող են կրել այդ մանրաթելերը իրենց մաշկի և հագուստի վրա: Այս «թափառող» մանրաթելերի ազդեցությունը երկար տարիների ընթացքում կարող է նույն հարկի տակ բնակվող մյուս մարդկանց ենթարկել մեզոթելիոմայի ռիսկին: Մարդիկ, ովքեր աշխատում են ասբեստի բարձր մակարդակով միջավայրերում, կարող են նվազեցնել ասբեստի մանրաթելերը տուն բերելու ռիսկը՝ աշխատանքից դուրս գալուց առաջ լոգանք ընդունելով և հագուստը փոխելով:
- Մեսոթելիոմայի ընտանեկան պատմություն․ եթե ձեր ծնողը, եղբայրը, քույրը կամ երեխան ունեն մեզոթելիոմա, ձեզ մոտ նույն հիվանդության ռիսկը կարող է բարձրանալ:
- Կրծքավանդակի ճառագայթային թերապիա. եթե անցել եք ձեր կրծքավանդակին ուղղված ճառագայթային թերապիա, կարող եք ունենալ մեզոթելիոմայի ռիսկի բարձրացում:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024