Այն, թե մեզոթելիոմայի դեմ ինչպիսի բուժումն կնշանակվի, կախված է անձի առողջական վիճակից և քաղցկեղի որոշ առանձնահատկություններից, ինչպիսիք են զարգացման փուլը և տեղակայումը:
Ցավոք, մեզոթելիոման հաճախ ագրեսիվ հիվանդություն է, և մարդկանց մեծամասնության համար որևէ արդյունավետ բուժում չկա: Մեզոթելիոման սովորաբար ախտորոշվում է տարածված փուլում, երբ հնարավոր չէ հեռացնել քաղցկեղը վիրահատության միջոցով: Փոխարենը, այսպիսի վիճակում բժիշկը կարող է աշխատել քաղցկեղը վերահսկելու ուղղությամբ՝ մեղմացնելու առկա գանգատներն ու ախտանիշները:
Քննարկեք բուժման նպատակները ձեր բժշկի հետ: Որոշ մարդիկ ցանկանում են անել ամեն ինչ իրենց քաղցկեղը բուժելու համար, նույնիսկ եթե դա նշանակում է դիմանալ բուժման կողմնակի ազդեցություններին՝ ակնկալելով բարելավման միայն փոքր հնարավորություն: Մյուսները նախընտրում են այնպիսի բուժումներ, որոնք ուղղված են միայն գանգատների մեղմացմանը, որ կարողանան ապրել իրենց մնացած ժամանակը հնարավորինս առանց ախտանիշների:
Վիրահատություն
Վիրաբույժները փորձում են հեռացնել մեզոթելիոման, երբ այն ախտորոշվում է վաղ փուլում: Որոշ դեպքերում դա կարող է բուժել քաղցկեղը:
Այնուամենայնիվ, ավելի հաճախ հնարավոր չէ հեռացնել ամբողջ քաղցկեղը: Այս իրավիճակում վիրահատությունը կարող է օգնել ձեր օրգանիզմում տարածվող մեզոթելիոմայի հետևանքով առաջացած գանգատների և ախտանիշների մեղմացմանը:
Վիրաբուժական տարբերակները կարող են ներառել հետևյալը:
- Հեղուկի կուտակման նվազեցմանն ուղղված վիրահատություն․ պլևրալ մեզոթելիոման կարող է հանգեցնել ձեր կրծքավանդակում՝ պլևրալ խոռոչում հեղուկի կուտակման, որը դժվարացնում է շնչառությունը: Վիրաբույժները խողովակ կամ կաթետեր են ներմուծում ձեր կրծքավանդակի մեջ՝ հեղուկը դատարկելու համար (թորակոցենտեզ): Բժիշկները նաև կարող են դեղ ներարկել ձեր կրծքավանդակի մեջ՝ կանխելու հեղուկի կուտակման կրկնությունը (պլևրոդեզ):
- Թոքերը շրջապատող հյուսվածքի հեռացման վիրահատություն. վիրաբույժները կարող են հեռացնել ներսից՝ կողերը և դրսից՝ թոքերը պատող հյուսվածքը (պլևրէկտոմիա): Այս միջամտությունը չի բուժում մեզոթելիոման, սակայն կարող է թեթևացնել գանգատներն ու ախտանիշները:
- Թոքի և հարակից հյուսվածքների հեռացման վիրահատություն․ախտահարված թոքի և այն շրջապատող հյուսվածքի հեռացումը կարող է թեթևացնել պլևրալ մեզոթելիոմայի գանգատներն ու ախտանիշները: Եթե վիրահատությունից հետո ստանաք կրծքավանդակի ճառագայթային թերապիա, այս միջամտությունը նաև թույլ կտա բժիշկներին օգտագործել ճառագայթման ավելի մեծ չափաբաժիններ, քանի որ նրանք կարիք չեն ունենա անհանգստանալու ձեր թոքը վնասակար ճառագայթումից պաշտպանելու համար:
- Վիրահատություն որովայնային մեզոթելիոմայի դեպքում. պերիտոնեալ մեզոթելիոման երբեմն բուժվում է վիրահատությամբ՝ հնարավորինս քաղցկեղը հեռացնելու համար: Քիմիոթերապիան կարող է նշանակվել վիրահատությունից առաջ կամ հետո:
Քիմիոթերապիա
Քիմիոթերապիան օգտագործում է քիմիական նյութեր՝ քաղցկեղի բջիջները ոչնչացնելու համար: Համակարգային քիմիոթերապիան անցնում է ամբողջ օրգանիզմով և կարող է կրճատել կամ դանդաղեցնել մեզոթելիոմայի աճը, որը հնարավոր չէ հեռացնել վիրահատության միջոցով: Քիմիոթերապիան նաև կարող է նշանակվել վիրահատությունից առաջ (նեոադյուվանտ քիմիոթերապիա)՝ վիրահատությունը հեշտացնելու համար կամ վիրահատությունից հետո (ադյուվանտ քիմիոթերապիա)՝ նվազեցնելու քաղցկեղի կրկնման հավանականությունը:
Պերիտոնեալ մեզոթելիոմայի ժամանակ քիմիոթերապիայի դեղամիջոցները նաև կարող են տաքացվել և ներարկվել ուղղակիորեն որովայնի խոռոչի մեջ (ներպերիտոնեալ քիմիոթերապիա):
Ճառագայթային բուժում
Ճառագայթային թերապիան կամ ռադիոթերապիան իրականացվում է մարմնի որոշակի կետեր կամ դաշտեր ուղղվող բարձր էներգիայի ճառագայթներով, որոնք ստացվում են այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են ռենտգենյան ճառագայթները և պրոտոնները: Ճառագայթումը կարող է օգտագործվել վիրահատությունից հետո մնացած քաղցկեղային բջիջները ոչնչացնելու համար: Այն նաև կարող է օգնել նվազեցնելու տարածված քաղցկեղի գանգատներն ու ախտանիշներն այն իրավիճակներում, երբ վիրահատական տարբերակը քննարկման առարկա չէ:
Այլ բուժումներ
Որոշ իրավիճակներում մեզոթելիոմայի բուժման համար կարող են առաջարկվել այլ բուժումներ:
- Իմունոթերապիա. իմունոթերապիան օգտագործում է ձեր իմունային համակարգը քաղցկեղի դեմ պայքարելու համար: Ձեր օրգանիզմի հիվանդությունների դեմ պայքարող իմունային համակարգը չի կարողանում վնաս պատճառել ձեր քաղցկեղին, քանի որ քաղցկեղային բջիջները արտադրում են սպիտակուցներ, որոնք «կուրացնում են» իմունային համակարգի բջիջները: Իմունոթերապիան ազդում է՝ միջամտելով այդ գործընթացին։ Այս բուժումը կարող է տարբերակ լինել, եթե այլ բուժումները չեն օգնում:
- Թիրախային թերապիա. թիրախային թերապիան օգտագործում է դեղամիջոցներ, որոնք ազդում են քաղցկեղային բջիջների առանձնահատուկ խոցելի կետերի վրա: Այս դեղերը սովորաբար չեն օգտագործվում մեզոթելիոմայի բուժման համար, սակայն ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ թիրախային թերապիա՝ հիմնվելով ուռուցքի ԴՆԹ թեստավորման արդյունքների վրա:
Կլինիկական փորձարկումներ
Կլինիկական փորձարկումները մեզոթելիոմայի բուժման նոր մեթոդների արդյունավետության և ռիսկերի հետազոտություններ են: Մեզոթելիոմա ունեցող մարդիկ կարող են որոշել ներգրավվել կլինիկական փորձարկումների մեջ, որ իրենց վրա փորձարկեն բուժման նոր տեսակները: Այնուամենայնիվ, բուժումը երաշխավորված չէ: Զգուշորեն դիտարկեք ձեր բուժման տարբերակները և խոսեք ձեր բժշկի հետ այն մասին, թե առկա որ կլինիկական փորձարկումներին կարող է դիտարկվել ձեր մասնակցությունը: Ձեր մասնակցությունը կլինիկական փորձարկմանը կարող է օգնել բժիշկներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես բուժել մեզոթելիոման ապագայում:
Ներկայումս կլինիկական փորձարկումների շնորհիվ ուսումնասիրում են մեզոթելիոմայի բուժման մի շարք նոր մոտեցումներ, այդ թվում՝ թիրախային թերապիայի նոր դեղամիջոցներ և իմունոթերապիայի նոր մոտեցումներ:
Մեզոթելիոմայի այլ տեսակների բուժումը
Պերիկարդիալ մեսոթելիոման և տունիկա վագինասլի մեզոթելիոման շատ հազվադեպ հանդիպող քաղցկեղներ են: Վաղ փուլի քաղցկեղը կարող է հեռացվել վիրահատության միջոցով: Այնուամենայնիվ, բժիշկները դեռ պետք է որոշեն քաղցկեղի հետագա փուլերի բուժման լավագույն տարբերակը: Բժիշկը կարող է առաջարկել այլ բուժումներ՝ ձեր կյանքի որակը բարելավելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 04-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024