Եթե ունեք գանգատներ և ախտանշաններ, որոնք կարող են վկայել մեզոթելիոմայի մասին, ձեր բժիշկը կանցկացնի ֆիզիկական քննություն (բուժզննում)՝ ստուգելու, թե արդյոք ունեք որևէ գոյացություն, ուռուցք կամ այլ արտասովոր նշաններ:
Ձեր բժիշկը կարող է պատվիրել պատկերային սքանավորումներ, ինչպիսիք են կրծքավանդակի ռենտգենը և ձեր կրծքավանդակի կամ որովայնի համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ), որ ստուգի հնարավոր շեղումների առկայությունը:
Ելնելով հայտնաբերված շեղումներից, դուք կարող եք անցնել լրացուցիչ հետազոտություններ՝ պարզելու, թե արդյոք ձեր ախտանիշների պատճառը մեզոթելիոման է կամ մեկ այլ հիվանդություն:
Բիոպսիա
Բիոպսիան՝ լաբորատոր թեստի համար հյուսվածքային փոքր հատված հեռացնելու միջամտությունը, միակ միջոցն է պարզելու, թե արդյոք ունեք մեզոթելիոմա: Կախված նրանից, թե ձեր օրգանիզմի որ շրջանն է ախտահարված, ձեր բժիշկն ընտրում է ձեզ համար ճիշտ բիոպսիայի միջամտությունը:
Տարբերակները ներառում են հետևյալը:
- Մաշկի միջով ասեղի ներմուծում. բժիշկը կարող է ձեր կրծքավանդակի կամ որովայնի մաշկի միջով անցկացված բարակ ասեղով հեռացնել հեղուկ կամ հյուսվածքային նմուշ:
- Վիրահատական միջամտության ընթացքում հյուսվածքային նմուշի հեռացում. վիրահատության ընթացքում կարող է հավաքվել հեղուկ կամ հեռացվել հյուսվածքային նմուշ: Վիրաբույժը կարող է փոքր կտրվածք անել և տեսախցիկով խողովակ (էնդոսկոպ) տեղադրել՝ ձեր կրծքավանդակի կամ որովայնի խոռոչը զննելու համար: Հյուսվածքային նմուշ ստանալու համար այդ խողովակով կարող են ներմուծվել հատուկ գործիքներ:
Հյուսվածքային նմուշը զննվում է մանրադիտակի տակ՝ տեսնելու, թե արդյոք ոչ նորմալ հյուսվածքը մեզոթելիոմա է և բջիջների ինչ տեսակներ են առկա: Մեզոթելիոմայի տեսակն իմանալը թույլ է տալիս բժշկին, որ նշանակի տվյալ դեպքին և անձին առավել համապատասխանող բուժական ծրագիր:
Քաղցկեղի տարածման որոշում
Երբ մեզոթելիոմայի ախտորոշումը հաստատվում է, բժիշկը կարող է խորհուրդ տալ լրացուցիչ հետազոտություններ՝ հասկանալու, թե արդյոք քաղցկեղը տարածվել է դեպի մոտակա ավշային հանգույցներ կամ օրգանիզմի այլ՝ ավելի հեռավոր շրջաններ:
Այսպիսի հետազոտություններից են՝
- կրծքավանդակի և որովայնի խոռոչի օրգանների համակարգչային տոմոգրաֆիկ (ԿՏ) սքանավորում
- մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)
- պոզիտրոնային-էմիսիոն տոմոգրաֆիա (ՊԷՏ):
Ձեր բժիշկը կորոշի, թե որ հետազոտություններն են ձեզ անհրաժեշտ, առավել ևս, որ ոչ բոլոր մարդկանց է պետք անցնել թվարկված բոլոր տեսակները:
Բժիշկն օգտագործում է այս պատկերային հետազոտություններով ստացված տեղեկատվությունը՝ քաղցկեղի փուլը սահմանելու համար: Պլևրալ մեզոթելիոմայի փուլերը նշանակվում են հռոմեական թվանշաններով՝ I-ից սկսած մինչև IV: Ավելի ցածր թվանշանը նշանակում է, որ ավելի հավանական է, որ քաղցկեղը սահմանափակված է միայն թոքերի շրջակայքում, իսկ ամենաբարձր փուլը նշանակում է, որ քաղցկեղը տարածվել է օրգանիզմի այլ՝ հեռավոր շրջաններ:
Քաղցկեղի փուլավորման համակարգը շարունակվում է կատարելագործվել՝ դառնալով ավելի բարդ, քանի որ քաղցկեղի ախտորոշման և բուժման մեթոդները մշտապես բարելավվում են: Բժիշկն օգտագործում է քաղցկեղի փուլը՝ տվյալ դեպքի համար ամենաճիշտ բուժումներն ընտրելու համար:
Մեզոթելիոմայի այլ տեսակների համար դեռևս հստակ փուլային համակարգ սահմանված չէ:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024