Բազմաթիվ կանայք ցանկանում են իմանալ, թե արդյոք վիժման պատճառն իրենց ինչ-որ մի սխալն է եղել:
Դեպքերի մեծ մասի համար այսպիսի հարցադրումը տեղին չէ, քանի որ վիժումը գլխավորապես զարգանում է հղի կնոջ կամքից անկախ և ոչ նրա մեղքով:
Խնդիրներ գեների կամ քրոմոսոմների հետ
Բազմաթիվ վիժումներ տեղի են ունենում, քանի որ պտուղը չի զարգանում այնպես, ինչպես սպասվում էր: Վիժումների մոտ 50 տոկոսը կապված է ավելորդ կամ բացակայող քրոմոսոմների հետ: Ավելի հաճախ, քրոմոսոմային խնդիրները առաջանում են սխալների հետևանքով, որոնք պատահաբար տեղի են ունենում սաղմի բաժանման և աճի ժամանակ, այլ ոչ թե ծնողներից ժառանգված խնդիրներից:
Քրոմոսոմային խնդիրները կարող են հանգեցնել այս հետևանքներին:
- Ոչ սաղմնային հղիություն (դատարկ պտղապարկ). սա տեղի է ունենում, երբ սաղմը չի ձևավորվում:
- Սաղմի ներարգանդային մահ. այս իրավիճակում սաղմը ձևավորվում է, բայց չի զարգանում և մահանում է՝ մինչև հղիության կորստի որևէ ախտանիշ ի հայտ գալը:
- Մոլյարային հղիություն կամ մասնակի մոլյարային հղիություն (բշտիկային զանգված). մոլյարային հղիությունը զարգանում է, քրոմոսոմների երկու խմբերն էլ գալիս են հորից: Այն հղիությունը կապված է ընկերքի աննորմալ աճի հետ: Սովորաբար պտղի զարգացում չկա: Մասնակի մոլյարային հղիությունը տեղի է ունենում, երբ մոր քրոմոսոմները մնում են, բայց հայրը տալիս է քրոմոսոմների երկու խումբ: Սա սովորաբար կապված է ընկերքի աննորմալ աճի և պտղի անոմալիաների հետ: Մոլյարային և մասնակի մոլյարային հղիությունները կենսունակ հղիություններ չեն: Դրանք երբեմն կարող են կապված լինել ընկերքի քաղցկեղային փոփոխությունների հետ:
Մայրական առողջության խնդիրներ
Քիչ դեպքերում մոր առողջական վիճակը կարող է հանգեցնել վիժման: Օրինակներից են՝
- չկառավարվող դիաբետ
- վարակներ
- հորմոնային խնդիրներ
- արգանդի կամ արգանդի վզիկի խնդիրներ
- վահանաձև գեղձի հիվանդություններ:
Ինչը ՉԻ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ վիժում
Սովորական գործերը չեն նպաստում վիժման առաջացմանը, օրինակ՝
- վարժանքներ, այդ թվում բարձր ծանրաբեռնվածության, ինչպիսիք են վազքը կամ հեծանվավարումը
- սեռական հարաբերություն
- աշխատանք, եթե դա կապված չէ վնասակար քիմիական նյութերի կամ ճառագայթման ազդեցությանը ենթարկվելու հետ: Զրուցեք ձեր բժշկի հետ, եթե մտահոգված եք ձեր աշխատանքի հետ կապված ռիսկերով:
Ռիսկի գործոններ
Բազմաթիվ գործոններ կարող են մեծացնել վիժման վտանգը:
- Տարիք. 35 տարեկանից բարձր կանայք վիժման ավելի մեծ ռիսկ ունեն, քան երիտասարդ կանայք: 35 տարեկանում մոտ 20% ռիսկ կա: 40 տարեկանում ռիսկը կազմում է մոտ 40%, իսկ 45 տարեկանում՝ մոտ 80%:
- Նախկին վիժումներ. կանայք, ովքեր ունեցել են երկու կամ ավելի անընդմեջ վիժումներ, վիժման ավելի բարձր ռիսկի են ենթարկվում:
- Քրոնիկ հիվանդություններ և վիճակներ. կանայք, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություն, ինչպիսին է չվերահսկվող դիաբետը, վիժման ավելի մեծ ռիսկ ունեն:
- Արգանդի կամ արգանդի վզիկի խնդիրներ. արգանդի որոշ հիվանդություններ կամ արգանդի վզիկի թույլ հյուսվածքները (անգործունակ վզիկ) կարող են մեծացնել վիժման վտանգը:
- Ծխախոտ, ալկոհոլ և ապօրինի թմրամիջոցներ. հղիության ընթացքում ծխող կանայք վիժման ավելի մեծ ռիսկ ունեն, քան չծխողները: Ալկոհոլի շատ օգտագործումը և ապօրինի թմրամիջոցների օգտագործումը նույնպես մեծացնում են վիժման վտանգը:
- Մարմնի քաշ. թերի քաշը կամ ավելորդ քաշը կապված են վիժման մեծ ռիսկի հետ:
- Ինվազիվ նախածննդյան (պրենատալ) թեստեր. որոշ ինվազիվ նախածննդյան գենետիկ թեստեր, ինչպիսիք են քորիոնիկ վիլուսի նմուշառումը և ամնիոցենտեզը, քիչ բարձրացնում են վիժելու ռիսկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024