Վիժման բուժումը կախված է տեսակից կամ փուլից և ձեր նախապատվությունից:
Սպառնացող վիժում
Սպառնացող վիժման դեպքում ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հանգիստ և անկողնային ռեժիմ այնքան ժամանակ, մինչև արյունահոսությունը կամ ցավը նվազեն: Ապացուցված չէ, որ անկողնային հանգիստը կարող է կանխել վիժումը, բայց երբեմն այն նշանակվում է որպես հղիությունը պաշտպանելու միջոց: Ձեզանից կարող է պահանջվել նաև ֆիզիկական վարժություններից և սեռական կյանքից խուսափում: Չնայած ապացուցված չէ, որ այս քայլերը նվազեցնում են վիժման վտանգը, դրանք կարող են բարելավել ձեր ինքնազգացողությունը:
Որոշ դեպքերում լավ գաղափար է նաև հետաձգել ճանապարհորդությունը, հատկապես այնպիսի տարածաշրջաններ, որտեղ դժվար կլինի անհետաձգելի բժշկական օգնություն ստանալ: Հարցրեք ձեր բժիշկը , թե արդյոք խելամիտ կլինի հետաձգել ձեր ծրագրած առաջիկա ուղևորությունները:
Վիժում
Գերձայնային հետազոտությանը (սոնոգրաֆիա) միջոցով այժմ շատ ավելի հեշտ է որոշել՝ սաղմը մահացել է, թե երբեք չի ձևավորվել: Երկու դեպքում էլ վիժումն այնպայմանորեն տեղի է ունենում: Այս իրավիճակում դուք կարող եք ընտրել մի քանի տարբերակներից մեկը:
- Սպասողական մոտեցում և վերահսկողություն. եթե վարակի նշաններ չունեք, կարող եք թույլ տալ, որ վիժումը բնականաբար զարգանա: Սովորաբար դա տեղի է ունենում մի քանի շաբաթվա ընթացքում, երբ պարզվում է, որ սաղմը մահացել է: Ցավոք, դա կարող է տևել մինչև երեք կամ չորս շաբաթ: Սա կարող է լինել դժվար հուզական ժամանակաշրջան: Եթե պտղի հյուսվածքի և ընկերքի արտամղումն ինքնուրույն չկատարվի, անհրաժեշտ կլինի դեղորայքային կամ վիրաբուժական բուժում:
- Դեղորայքային բուժում. եթե հղիության կորստի ախտորոշումից հետո դուք նախընտրում եք արագացնել գործընթացը, դեղորայքը կարող է արագացնել ձեր արգանդից հղիության հյուսվածքի և ընկերքի հեռացումը: Դեղորայքը կարող է ընդունվել բերանով կամ որպես ներհեշտոցային միջոցներ: Վերջին տարբերակը բարձրացնում է դեղամիջոցի արդյունավետությունը և նվազեցնում կողմնակի ազդեցությունները, ինչպիսիք են սրտխառնոցն ու փորլուծությունը: Կանանց մոտ 70-ից 90 տոկոսի մոտ այս բուժման ազդեցությունը դրսևորվում է 24 ժամվա ընթացքում:
- Վիրահատական բուժում. մեկ այլ տարբերակ է փոքր վիրաբուժական միջամտությունը, որը կոչվում է վակուում-ասպիրացիա և լայնացում ու կուրտաժ: Այս միջամտության ընթացքում ձեր բժիշկը լայնացնում է ձեր արգանդի վզիկը և հեռացնում հյուսվածքները ձեր արգանդի ներսից: Բարդությունները հազվադեպ են, բայց կարող են ներառել արգանդի վզիկի կամ արգանդի պատի շարակցական հյուսվածքի վնասը: Վիրաբուժական բուժումն անհրաժեշտ է, եթե դուք ունեք վիժում, որն ուղեկցվում է առատ արյունահոսությամբ կամ վարակի նշաններով:
Ֆիզիկական վերականգնում
Բազմաթիվ դեպքերում վիժումից հետո ֆիզիկական վերականգնումը տևում է ընդամենը մի քանի ժամից մինչև մի քանի օր: Այս ընթացքում զանգեք ձեր բժշկին, եթե ունեք առատ արյունահոսություն, ջերմություն կամ որովայնի ցավ:
Դուք կարող եք ձվազատում (օվուլյացիա) ունենալ վիժումից երկու շաբաթ անց: Ակնկալեք ձեր դաշտանի վերականգնումը չորսից վեց շաբաթվա ընթացքում: Դուք կարող եք սկսել օգտագործել ցանկացած տեսակի հակաբեղմնավորիչ միջոց վիժումից անմիջապես հետո: Այնուամենայնիվ, վիժումից հետո երկու շաբաթվա ընթացքում խուսափեք սեռական հարաբերությունից կամ ներհեշտոցային միջոցներից, օրինակ՝ տամպոն:
Ապագա հղիություններ
Հնարավոր է հղիանալ դաշտանային ցիկլի ընթացքում՝ վիժումից անմիջապես հետո: Բայց եթե դուք և ձեր զուգընկերը որոշեք փորձել ևս մեկ հղիություն, համոզվեք, որ ֆիզիկապես և հուզապես պատրաստ եք: Հարցրեք ձեր բժշկին այն մասին, թե երբ կարող եք փորձել հղիանալ:
Սովորաբար ինքնաբուխ վիժումը մեկ անգամ է լինում: Շատ կանայք, ովքեր վիժում են, շարունակում են առողջ հղիություն ունենալ վիժումից հետո: Կանանց 5 տոկոսից պակասն է ունենում երկու անընդմեջ վիժումներ, և միայն 1 տոկոսն է ունենում երեք և ավելի անընդմեջ վիժումներ:
Եթե դուք ունենում եք մի քանի վիժումներ, սովորաբար՝ երկու կամ երեք անընդմեջ, մտածեք թեստ անցնելու մասին՝ հիմքում ընկած հնարավոր պատճառները բացահայտելու համար: Նման պատճառները կարող են ներառել արգանդի, արյան մակարդման կամ քրոմոսոմների հետ կապված խնդիրներ: Եթե ձեր վիժումների պատճառը հնարավոր չէ բացահայտել, մի կորցրեք հույսը: Անբացատրելի կրկնվող վիժումներ ունեցող կանանց մոտ 60-80 տոկոսը ի վերջո կարողանում է առողջ հղիություն ունենալ:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024