Միտրալ փականի հիվանդության պատճառները հասկանալու համար կարող է օգտակար լինել իմանալ, թե ինչպես է աշխատում սիրտը:
Միտրալ կամ երկփեղկ փականը սրտի չորս փականներից մեկն է, որոնք պահպանում են արյան հոսքը ճիշտ ուղղությամբ: Յուրաքանչյուր փական ունի փեղկեր կամ թերթիկներ, որոնք կոչվում են կափույրներ: Սրտի յուրաքանչյուր կծկման ընթացքում դրանք միայն մեկ անգամ բացվում և փակվում են: Եթե կափույրները, և դրա պատճառով՝ փականը ճիշտ չի բացվում կամ փակվում, արյան հոսքը սրտի խոռոչներից դեպի օրգանիզմի այլ շրջաններ կարող է կրճատվել:
- Միտրալ փականի ռեգուրգիտացիայի (անբավարարության) դեպքում կափույրները պատշաճ՝ կիպ չեն փակվում: Արյունը ետ է հոսում, երբ փականը փակ է, ինչը դժվարացնում է սրտի ճիշտ աշխատանքը:
- Միտրալ փականի ստենոզի դեպքում փականի բացվածքը նեղանում է։ Այս վիճակում սիրտը պետք է ավելի ուժեղ կծկվի, որ կարողանա արյունն արտամղել ավելի փոքր փականային բացվածքով: Եթե այս բացվածքը բավականին փոքրանում է, արյան հոսքը ձախ սրտի խոռոչների միջև կարող է զգալիորեն նվազել:
Միտրալ փականի հիվանդությունն ունի բազմաթիվ պատճառներ: Միտրալ փականի հիվանդության որոշ ձևեր կարող են լինել ի ծնե: Սրտային խնդիրը, որով դուք ծնվել եք, կոչվում է բնածին սրտի արատ:
Միտրալ փականի հիվանդությունը նաև կարող է զարգանալ կյանքի ավելի ուշ շրջաններում: Սա նշանակում է, որ այն ձեռք բերովի է: Օրինակ, միտրալ փականի ստենոզը հաճախ առաջանում է ռևմատիզմի պատճառով: Վերջինս ստրեպտոկոկային վարակի բարդություն է, որը կարող է ազդել սրտի վրա: Երբ դա տեղի է ունենում, կոչվում է միտրալ փականի ռևմատիկ հիվանդություն:
Ձեռք բերովի միտրալ փականի հիվանդության այլ պատճառներից են՝
- այլ սրտային խնդիրներ
- վարակ
- տարիքի հետ կապված փոփոխություններ
- աուտոիմուն հիվանդություն, ինչպիսին է համակարգային կարմիր գայլախտը (լուպուս):
Ռիսկի գործոններ
Մի քանի գործոններ կարող են բարձրացնել միտրալ փականի հիվանդության զարգացման ռիսկը: Դրանցից են՝
- ավելի մեծ տարիք
- որոշակի վարակներ, որոնք ախտահարում են սիրտը
- սրտամկանի ինֆարկտ և սրտային հիվանդության որոշ տեսակներ
- որոշ դեղամիջոցների օգտագործում
- ի ծնե առկա սրտային խնդիրներ, որոնք կոչվում են բնածին սրտի արատներ
- կրծքավանդակին ուղղված ճառագայթում:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024