Միտրալ փականի հիվանդության բուժումը կախված է ախտանիշներից, վիճակի ծանրության աստիճանից և նրանից, թե արդյոք վիճակը վատթարանում է:
Միտրալ փականի հիվանդություն ունեցող մարդկանց բուժմամբ սովորաբար զբաղվում է սրտի հիվանդությունների ոլորտում մասնագիտացված բժիշկը՝ սրտաբանը: Միտրալ փականի հիվանդության բուժումը կարող է ներառել կանոնավոր այցեր՝ ստուգելու, թե որքան լավ եք հետևում բուժմանը կամ որքան արդյունավետ կերպով է այդ բուժումն օգնում ձեզ: Եթե ունեք միտրալ փականի հիվանդություն, բժիշկը ձեզ կարող է խորհուրդ տալ՝
- կատարել առողջ ապրելակերպի փոփոխություններ
- ընդունել դեղեր՝ ախտանիշները բուժելու կամ մեղմացնելու համար
- ընդունել արյունը ջրիկացնող միջոցներ՝ արյան մակարդուկների (թրոմբ) ռիսկը նվազեցնելու համար, եթե ունեք անկանոն սրտազարկ, որը կոչվում է նախասրտերի ֆիբրիլյացիա (շողացող առիթմիա):
Վիրահատություն և այլ միջամտություններ
Ախտահարված կամ վնասված միտրալ փականը կարող է ի վերջո վերականգնման կամ փոխարինման կարիք ունենալ, նույնիսկ եթե ախտանիշներ չունեք: Միտրալ փականի հիվանդության վիրահատական բուժումը ներառում է միտրալ փականի վերականգնում և միտրալ փականի փոխարինում:
Եթե ձեզ անհրաժեշտ է վիրահատություն մեկ այլ սրտային հիվանդության համար, վիրաբույժը կարող է միաժամանակ կատարել միտրալ փականի վերականգնում կամ փոխարինում:
Որոշ բժշկական կենտրոնների վիրաբույժներն իրականացնում են ռոբոտ-օժանդակող սրտի վիրահատություն, երբ վիրահատությունը կատարվում է ռոբոտ-ձեռքերով: Սա թույլ է տալիս նվազագույնի հասցնել վիրահատական միջամտությամբ պատճառվող վնասի չափը:
Միտրալ փականի վերականգնում
Միտրալ փականի վերականգնման վիրահատության ժամանակ վիրաբույժը կարող է՝
- փակել սրտի փականում առկա անցքերը
- վերամիացնել փականի կափույրները (փեղկերը)
- հեռացնել փականի ավելորդ հյուսվածքը, որ կափույրներն ավելի կիպ փակվեն
- վերականգնել միտրալ փականի կառուցվածքը՝ փոխարինելով այն պահող ձգանները
- առանձնացնել միմյանց միաձուլված փականի կափույրները:
Միտրալ փականի վերականգնման այլ միջամտություններից մի քանիսը ներկայացված են ստորև:
- Անուլոպլաստիկա. վիրաբույժը ձգում կամ ամրացնում է փականի շուրջ օղը, որը կոչվում է անուլուս: Անուլոպլաստիկա կարող է իրականացվել սրտի փականի վերականգնման այլ տեխնիկայի հետ միասին:
- Վալվուլոպլաստիկա. այս բուժումն օգտագործվում է նեղացած բացվածքով միտրալ փականի վերականգնման համար: Այն կարող է առաջարկվել, նույնիսկ եթե դեռևս ախտանիշներ չունեք: Միջամտությունը կատարվում է բարակ խողովակի միջոցով, որը կոչվում է կաթետեր, որի ծայրին փուչիկ է: Վիրաբույժը կաթետերը ներմուծում է ձեռքի կամ աճուկի զարկերակի մեջ և ուղղորդում դեպի միտրալ փական: Փուչիկը փչվում է՝ լայնացնելով միտրալ փականի բացվածքը։ Այնուհետև փուչիկը դատարկվում է, և կաթետերն ու փուչիկը հեռացվում են:
- Միտրալ փականի սեղմակ (կլիպս). այս բուժման ժամանակ բժիշկը աճուկի զարկերակով դեպի միտրալ փական է ուղղորդում է հատուկ կաթետեր, որի ծայրին առկա է սեղմակ: Սեղմակն օգտագործվում է միտրալ փականի կափույրների փակումը բարելավելու համար: Այն նվազեցնում է փականով արյան հետհոսքի (ռեգուրգիտացիայի) չափը: Այս միջամտությունը կարող է քննարկվել այն մարդկանց համար, ովքեր ունեն միտրալ փականի ծանր անբավարարություն կամ ովքեր չեն կարող ենթարկվել միտրալ փականի վիրահատության:
Միտրալ փականի փոխարինում
Միտրալ փականի փոխարինման ժամանակ վիրաբույժը հեռացնում է ախտահարված կամ վնասված միտրալ փականը և այն փոխարինում է մեխանիկական փականով կամ կովի, խոզի կամ մարդու սրտի հյուսվածքից ստացված փականով: Հյուսվածքային փականը հաճախ նաև կոչվում է կենսաբանական հյուսվածքային փական:
Երբեմն կատարվում է սրտային կաթետերիզացիա, որ այլևս լավ չաշխատող կենսաբանական հյուսվածքային փականի մեջ տեղադրվի փոխարինող փական: Սա կոչվում է փականի մեջ փականի միջամտություն:
Եթե ձեզ մոտ իրականացվել է միտրալ փականի փոխարինում մեխանիկական փականով, դուք պետք է ողջ կյանքի ընթացքում ընդունեք արյունը ջրիկացնող դեղամիջոցներ՝ հակամակարդիչներ, որ կանխարգելեք արյան մակարդուկների (թրոմբի) առաջացումը: Կենսաբանական հյուսվածքային փականները ժամանակի ընթացքում քայքայվում են, և սովորաբար որոշ ժամանակ հետո դրանք փոխարինելու կարիք կա:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024