Եթե դուք ունեք սրտի փականային հիվանդություն, այդ թվում՝ միտրալ փականի հիվանդություն, կարևոր է, որ հետևեք առողջ ապրելակերպին:
Ձեր սրտաբանը կամ ընտանեկան բժիշկը կարող են խորհուրդ տալ հետևյալը:
- Սրտի համար առողջ սննդակարգ. կերեք տարբեր տեսակի մրգեր և բանջարեղեն, ցածր յուղայնության կամ անյուղ կաթնամթերք, թռչնամիս, ձուկ և ամբողջահատիկ ձավարեղեն: Խուսափեք հագեցած և տրանս-ճարպերից, աղի և շաքարի ավելցուկից:
- Առողջ քաշի պահպանում. ավելորդ քաշը մեծացնում է սրտային հիվանդության ռիսկը։ Խոսեք ձեր բժշկի հետ՝ մարմնի զանգվածի գործակցի և քաշի համար իրատեսական նպատակներ սահմանելու համար:
- Բավարար ֆիզիկական ակտիվություն. նպատակ դրեք ձեր առօրյայի մեջ ներառել մոտ 30 րոպե ֆիզիկական ակտիվություն, օրինակ՝ արագ քայլք: Խոսեք ձեր բժշկի հետ ձեզ համար լավագույն վարժանքների չափի և տեսակի մասին, հատկապես, եթե մտածում եք զբաղվել մրցակցային մարզաձևերով:
- Սթրեսի կառավարում. գտեք ուղիներ, որոնք կօգնեն կառավարել ձեր սթրեսը, օրինակ՝ հանգստի, մեդիտացիայի, ֆիզիկական ակտիվության և ընտանիքի և ընկերների հետ ժամանակ անցկացնելու միջոցով:
- Ծխախոտից խուսափում. եթե ծխում եք, թողեք այս վնասաբեր սովորույթը: Հարցրեք ձեր բժշկին այն միջոցների մասին, որոնք կօգնեն ձեզ թողնել ծխելը: Փոխօգնության խմբին միանալը կարող է օգտակար լինել:
- Ալկոհոլից խուսափում կամ սահմանափակում․ շատ ալկոհոլ օգտագործելը կարող է առաջացնել անկանոն սրտազարկ (առիթմիա): Հարցրեք ձեր բժշկին ալկոհոլ օգտագործելու հետևանքների մասին:
- Կանոնավոր բժշկական այցեր և ստուգումներ․ ձեր սրտաբանի կամ ընտանեկան բժշկի հետ կազմեք կանոնավոր այցերի ժամանակացույց: Տեղեկացրեք նրանց, եթե ունեք որևէ փոփոխություն ձեր գանգատների կամ ախտանիշների մեջ:
- Լավ քնի սովորություններ․ վատ քունը կարող է մեծացնել սրտային և այլ քրոնիկ հիվանդությունների ռիսկը: Մտեք անկողին և արթնացեք ամեն օր նույն ժամին, ներառյալ հանգստյան օրերին: Եթե դժվարանում եք քնել, խոսեք ձեր բժշկի հետ այն մեթոդների մասին, որոնք կարող են օգնել:
Հղիություն
Եթե ունեք միտրալ փականի հիվանդություն և մտածում եք հղիանալու մասին, նախ խոսեք ձեր բժշկի հետ: Հղիության ընթացքում սիրտն ավելի ծանրաբեռնված է աշխատում: Թե ինչ չափով կկարողանա միտրալ փականի հիվանդությամբ սիրտը հաղթահարել այս լրացուցիչ աշխատանքը, կախված է շատ հանգամանքներից: Բժիշկը նաև կարող է բացատրել, թե ինչպես կարելի է անվտանգ բուժել միտրալ փականի հիվանդությունը հղիության ընթացքում: Եթե հղիության ընթացքում սրտի փականային հիվանդություն ունեք, խորհուրդ է տրվում ավելի հաճախակի այցելել ձեր բժշկին:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024