Որոշ միջոցներ և քայլեր կարող են թեթևացնել բերանի կամ բերանի խոռոչի քաղցկեղի կամ դրա դեմ բուժման հետ կապված անհարմարավետությունները:
Դադարեցրեք ծխախոտի օգտագործումը
Բերանի խոռոչի քաղցկեղը սերտորեն կապված է ծխախոտի օգտագործման հետ՝ ներառյալ գլանակը, սիգարը, ծխամորճը, ծամելու ծխախոտը, քթախոտը և այլն: Բերանի խոռոչի քաղցկեղ ունեցող ոչ բոլոր մարդիկ են ծխախոտ օգտագործում։ Սակայն, եթե դուք օգտագործում եք, ժամանակն է կանգ առնել, քանի որ ծխախոտի օգտագործումը՝
- բուժումը դարձնում է ավելի քիչ արդյունավետ
- դժվարացնում է վիրահատությունից հետո վերականգնումը
- մեծացնում է բուժումից հետո քաղցկեղի կրկնության կամ ապագայում մեկ այլ քաղցկեղի զարգացման հավանականությունը:
Ծխախոտի օգտագործումից հրաժարվելը կարող է շատ դժվար լինել: Եվ դա շատ ավելի դժվար է, երբ փորձում եք հաղթահարել սթրեսային իրավիճակները, ինչպիսիք են քաղցկեղի ախտորոշումը և բուժումը: Ձեր բժիշկը կարող է ներկայացնել ծխախոտից ձերբազատվելու բոլոր տարբերակները, ինչպիսիք են դեղամիջոցները, նիկոտինին փոխարինող արտադրանքները և խորհրդատվությունը:
Դադարեցրեք ալկոհոլի օգտագործումը
Ալկոհոլը, հատկապես ծխախոտի օգտագործման հետ զուգակցելիս, զգալիորեն մեծացնում է բերանի խոռոչի քաղցկեղի առաջացման ռիսկը: Եթե ալկոհոլ եք օգտագործում, ժամանակն է դադարեցնել որևէ տեսակի ալկոհոլ խմելը: Սա կարող է օգնել նվազեցնելու երկրորդ քաղցկեղի ռիսկը:
Այլընտրանքային բժշկություն
Ոչ մի հավելյալ կամ այլընտրանքային բժշկության միջոց չի կարող բուժել բերանի խոռոչի քաղցկեղը: Այնուամենայնիվ, դրանք կարող են օգնել ձեզ հաղթահարելու բերանի խոռոչի քաղցկեղի և քաղցկեղի բուժման կողմնակի ազդեցությունները, ինչպիսին է հոգնածությունը:
Բազմաթիվ մարդիկ, ովքեր ստանում են քաղցկեղի բուժում, զգում են հոգնածություն: Ձեր բժիշկը կարող է բուժել հոգնածության հիմքում ընկած պատճառները, սակայն լիովին հյուծվածության զգացումը կարող է պահպանվել՝ չնայած այս բուժումներին: Հավելյալ թերապիաները կարող են օգնել ձեզ հաղթահարելու հոգնածությունը:
Հարցրեք ձեր բժշկին հետևյալ մեթոդների մասին՝
- վարժանքներ, օրինակ՝ շաբաթվա օրերի մեծ մասը մինչև 30 րոպե տևող թեթև ֆիզիկական գործեր
- մերսող թերապիա
- ռելաքսացիա, ինչպիսին է երաժշտություն լսելը
- ասեղնաբուժություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 01-11-2023
Վերջին վերանայում՝ 05-05-2024