Skip to main content

Բուժում - Բերանային քաղցկեղ

Բերանի կամ բերանի խոռոչի քաղցկեղի բուժումը կախված է ձեր քաղցկեղի տեղակայումից և զարգացման փուլից, ինչպես նաև ձեր ընդհանուր առողջական վիճակից և անձնական նախասիրություններից:

Դուք կարող եք ստանալ քաղցկեղի դեմ միայն մեկ տեսակի բուժում կամ համակցված բուժում: Բուժման հիմնական տարբերակները ներառում են վիրահատություն, ճառագայթում և քիմիոթերապիա: Քննարկեք բուժման տարբերակները ձեր բժշկի հետ:

Վիրահատություն

Բերանի քաղցկեղի վիրահատական բուժումը կարող է ներառել հետևյալ միջամտությունները`

  • ուռուցքի հեռացման վիրահատություն
  • դեպի պարանոց տարածված քաղցկեղի հեռացում
  • բերանի խոռոչի վերականգնողական (ռեկոնստրուկտիվ) վիրահատություն:

Վիրահատությունն ունի արյունահոսության և վարակի ռիսկ: Բերանի քաղցկեղի վիրահատությունը հաճախ ազդում է ձեր արտաքին տեսքի, ինչպես նաև խոսելու, ուտելու և կուլ տալու ունակության վրա:

Ձեզ կարող է անհրաժեշտ լինել սնուցող խողովակ (զոնդ), որը կօգնի ձեզ ուտել, խմել և դեղ ընդունել: Կարճաժամկետ օգտագործման համար ստամոքսային սնուցող խողովակը կարող է տեղադրվել քթի միջով: Ավելի երկար օգտագործման համար ստամոքսի մեջ խողովակ կարող է ներմուծվել որովայնի պատից:

Բժիշկը կարող է ձեզ ուղղորդել տարբեր մասնագետների մոտ, ովքեր կարող են օգնել ձեզ հաղթահարելու այս դժվարություններն ու կենսակերպի փոփոխությունները:

Ճառագայթային թերապիա (ռադիոթերապիա)

Ճառագայթային թերապիան օգտագործում է բարձր էներգիայի ճառագայթներ, ինչպիսիք են ռենտգենյան ճառագայթները և պրոտոնները՝ ոչնչացնելու քաղցկեղային բջիջները: Ճառագայթային թերապիան առավել հաճախ տրվում է ձեր մարմնից դուրս գտնվող մեքենայից (արտաքին փնջային ճառագայթում), թեև կարող է տրվել նաև ձեր քաղցկեղի մոտ տեղադրված ռադիոակտիվ պատիճներից և լարերից (բրախիթերապիա):

Ճառագայթային թերապիան հաճախ նշանակվում է վիրահատությունից հետո: Սակայն, երբեմն այն կարող է օգտագործվել միայնակ, եթե ունեք բերանի քաղցկեղի վաղ փուլ: Այլ իրավիճակներում ճառագայթային թերապիան կարող է զուգակցվել քիմիոթերապիայի հետ: Այս համադրությունը մեծացնում է ճառագայթային թերապիայի արդյունավետությունը, թեև միաժանակ ավելացնում է նաև հնարավոր կողմնակի ազդեցությունները: Բերանի խոռոչի տարածված քաղցկեղի դեպքում ճառագայթային թերապիան կարող է օգնել քաղցկեղի հետևանքով առաջացած գանգատների և ախտանիշների մեղմացմանը, ինչպիսին է ցավը:

Ճառագայթային թերապիայի տեղային կողմնակի ազդեցությունները կարող են ներառել բերանի չորացում, ատամների քայքայում և ծնոտի ոսկորների վնասում:

Ձեր բժիշկը խորհուրդ կտա նախքան ճառագայթային թերապիան սկսելը այցելել ատամնաբույժի, որ համոզվեք, որ ձեր ատամները հնարավորինս առողջ են: Ցանկացած անառողջ ատամ կարող է բուժման կամ հեռացման կարիք ունենալ: Ատամնաբույժը նաև կարող է օգնել ձեզ հասկանալու, թե ինչպես լավագույնս խնամել ատամները ճառագայթային թերապիայի ընթացքում և դրանից հետո, ինչը կարող է նվազեցնել բարդությունների ռիսկը:

Քիոմիոթերապիա

Քիմիոթերապիան բուժում է, որն օգտագործում է քիմիական նյութեր, որոնք ունակ են ոչնչացնելու քաղցկեղային բջիջները: Քիմիոթերապիայի դեղերը կարող են նշանակվել միայնակ, քիմիոթերապիայի այլ դեղերի հետ կամ քաղցկեղի բուժման այլ միջոցների հետ միասին: Քիմիոթերապիան կարող է բարձրացնել ճառագայթային թերապիայի արդյունավետությունը, ուստի բուժման այդ երկու տեսակները հաճախ նշանակվում են միասին:

Քիմիոթերապիայի կողմնակի ազդեցությունները կախված են նրանից, թե որ դեղամիջոցներն եք ստանում: Ընդհանուր կողմնակի ազդեցությունները ներառում են սրտխառնոց, փսխում և մազաթափություն: Հարցրեք ձեր բժշկին, թե որ կողմնակի ազդեցություններն են ավելի հավանական ձեզ նշանակված քիմիոթերապիայի դեղերի համար:

Թիրախային դեղորայքային թերապիա

Թիրախային դեղամիջոցները բուժում են բերանի խոռոչի քաղցկեղը՝ ազդելով քաղցկեղային բջիջների աճին նպաստող հատուկ «կետերի» վրա: Թիրախային դեղամիջոցները կարող են օգտագործվել միայնակ կամ քիմիոթերապիայի կամ ճառագայթային թերապիայի հետ միասին:

Ցետուքսիմաբը (Էրբիտուքս) թիրախային թերապիայի դեղամիջոց է, որն օգտագործվում է որոշակի իրավիճակներում բերանի խոռոչի քաղցկեղի բուժման համար: Այս դեղամիջոցը դադարեցնում է որոշակի սպիտակուցի գործառույթը, որը հայտնաբերվում է առողջ բջիջների շատ տեսակներում, սակայն ավելի տարածված է որոշ տեսակի քաղցկեղային բջիջներում: Կողմնակի ազդեցությունները ներառում են մաշկի ցան, քոր, գլխացավ, փորլուծություն և վարակներ:

Այլ թիրախային դեղամիջոցները կարող են նշանակվել, եթե ստանդարտ բուժումը չի օգնում:

Իմունոթերապիա

Իմունոթերապիան օգտագործում է ձեր իմունային համակարգը քաղցկեղի դեմ պայքարելու համար: Ձեր օրգանիզմի հիվանդությունների դեմ պայքարող իմունային համակարգը չի կարող վնաս պատճառել քաղցկեղային բջիջներին, քանի որ դրանք արտադրում են սպիտակուցներ, որոնք «կուրացնում են» իմունային համակարգի բջիջները: Իմունոթերապիան ազդում է՝ միջամտելով այդ գործընթացին։

Իմունոթերապիայի բուժումները հիմնականում վերապահված են բերանի խոռոչի քաղցկեղով հիվանդ այն մարդկանց համար, որոնք չեն արձագանքում ստանդարտ բուժմանը:

Հոդվածը հրապարակվել է՝ 01-11-2023
Վերջին վերանայում՝ 05-05-2024