Բերանի կամ բերանի խոռոչի քաղցկեղի ախտորոշման համար օգտագործվող հետազոտություններն ու միջամտությունները ներառում են հետևյալը:
- Ֆիզիկական քննություն (բուժզննում). ձեր բժիշկը կամ ատամնաբույժը կզննեն ձեր շրթունքները և բերանի խոռոչը՝ ստուգելու հնարավոր փոփոխությունների առկայությունը, ինչպիսիք են խոցերը և սպիտակ բծերը (լեյկոպլակիա):
- Հետազոտման համար հյուսվածքի հեռացում (բիոպսիա)․ եթե հայտնաբերվի կասկածելի տարածք, ձեր բժիշկը կամ ատամնաբույժը կարող են բիոպսիա կոչվող միջամտությամբ հեռացնել բջիջների նմուշ՝ լաբորատոր հետազոտության համար: Բժիշկը կարող է օգտագործել կտրող գործիք՝ հյուսվածքի նմուշը կտրելով հեռացնելու կամ ասեղ՝ նմուշը ներծծմամբ հեռացնելու համար: Լաբորատորիայում այդ բջիջները հետազոտվում են քաղցկեղի կամ նախաքաղցկեղային փոփոխությունների համար, որոնք վկայում են ապագա քաղցկեղի ռիսկի մասին:
Քաղցկեղի տարածման որոշում
Երբ բերանի քաղցկեղի ախտորոշումը հաստատվում է, բժիշկն աշխատում է որոշել քաղցկեղի տարածման աստիճանը (փուլը): Բերանի քաղցկեղի փուլավորման հետազոտությունները կարող են ներառել հետևյալը:
- Փոքրիկ տեսախցիկի օգտագործում՝ կոկորդը ստուգելու համար․ էնդոսկոպիա կոչվող միջոցառման ընթացքում բժիշկը կարող է ձեր բերանի խոռոչով դեպի կոկորդ անցկացնել ազատ ծայրին լույս ունեցող փոքրիկ, ճկուն տեսախցիկ, որ փնտրի բերանից դուրս՝ ավելի հեռու քաղցկեղի տարածման նշաններ:
- Պատկերային հետազոտություններ. մի շարք պատկերային հետազոտություններ կարող են օգնել պարզելու, թե արդյոք քաղցկեղը տարածվել է ձեր բերանի խոռոչից այն կողմ: Ի թիվս այլոց, դրանք կարող են ներառել ռենտգեն, համակարգչային տոմագրաֆիա (ԿՏ), մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) և պոզիտրոնային-էմիսիոն տոմոգրաֆիա (ՊԷՏ): Ձեր բժիշկը կորոշի, թե որ հետազոտություններն են անհրաժեշտ՝ ելնելով ձեր վիճակից:
Բերանի քաղցկեղի փուլերը նշվում են հռոմեական I-ից IV թվանշաններով: Ստորին փուլը, ինչպիսին է I փուլը, ցույց է տալիս մեկ տարածքով սահմանափակված ավելի փոքր քաղցկեղ: Ավելի բարձր փուլը, ինչպիսին է ամենաբարձր IV փուլը, ցույց է տալիս ավելի մեծ քաղցկեղ կամ այն, որ քաղցկեղը տարածվել է դեպի գլխի, պարանոցի կամ մարմնի այլ հատվածներ: Քաղցկեղի փուլն օգնում է բժշկին որոշելու բուժման տարբերակները:
Հոդվածը հրապարակվել է՝ 01-11-2023
Վերջին վերանայում՝ 05-05-2024