Ոտքերի եղունգների սնկախտի բուժումը միշտ չէ, որ անհրաժեշտ է:
Երբեմն ինքնասպասարկման և սովորական միջոցները վերացնում են վարակը: Խոսեք ձեր բժշկի հետ, եթե ձեր վիճակը չի բարելավվում: Բուժումը կախված է ձեր վիճակի ծանրության աստիճանից և այն պատճառած սնկերի տեսակից: Բուժման արդյունքները կարող են տեսանելի դառնալ միայն ամիսներ անց: Եվ, նույնիսկ եթե ձեր եղունգների վիճակը բարելավվում է, վարակների կրկնությունները տարածված են:
Դեղորայքային բուժում
Ձեր բժիշկը կարող է նշանակել հակասնկային դեղամիջոցներ, որոնք ընդունում եք բերանով (օրալ) կամ քսում եք վարակված եղունգին:
- Բերանային (օրալ) հակասնկային դեղամիջոցներ. այս դեղամիջոցները հաճախ առաջին ընտրության միջոցներ են: Տարբերակներից մեկը Իտրակոնազոլն է (Սպորանոքս): Այս դեղամիջոցները օգնում են նոր եղունգին աճել առանց վարակի՝ դանդաղորեն փոխարինելով վարակված հատվածը: Դուք սովորաբար ընդունում եք այս տեսակի դեղամիջոցն ամեն օր՝ 6-ից 12 շաբաթվա ընթացքում: Սակայն դուք չեք տեսնի բուժման վերջնական արդյունքը, քանի դեռ եղունգն ամբողջությամբ չի աճել: Վարակի վերացումը կարող է տևել չորս ամիս կամ ավելի երկար: Այս դեղամիջոցներով բուժման հաջողության հավանականությունն, ըստ երևույթին, ավելի ցածր է 65 տարեկանից բարձր տարեց մարդկանց մոտ: Բերանային հակասնկային դեղամիջոցները կարող են առաջացնել կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են ցանը և լյարդի վնասումը: Կամ դրանք կարող են խանգարել այլ դեղամիջոցների ազդեցությանը: Ձեզ կարող է անհրաժեշտ լինել երբեմն հանձնել արյան թեստեր՝ ստուգելու, թե ինչպես եք վարվում այս տեսակի դեղերի հետ (շարունակում եք օգտագործելը, թե դադարեցնում): Բժիշկները կարող են խորհուրդ չտալ բերանային հակասնկային դեղամիջոցները լյարդի հիվանդություններով, սրտային անբավարարությամբ կամ այլ հիվանդությունների դեմ որոշակի դեղամիջոցներ ընդունող մարդկանց համար:
- Եղունգների դեղորայքային լաք. ձեր բժիշկը կարող է նշանակել եղունգների հակասնկային լաք, որը կոչվում է Ցիլոպիրոքս (Պենլակ): Դուք այս միջոցը քսում եք ձեր վարակված եղունգների և շրջակա մաշկի վրա օրական մեկ անգամ: Յոթ օր հետո ալկոհոլով մաքրում եք կուտակված և եղջերացած շերտերը և սկսում եք քսել նույն լաքը: Հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ լինի օգտագործել այս տեսակի եղունգների լաքը ամեն օր՝ գրեթե մեկ տարի շարունակ:
- Եղունգների դեղորայքային նրբաքսուք (կրեմ). ձեր բժիշկը կարող է նշանակել հակասնկային նրբաքսուք, ինչպիսիք են Էֆինակոնազոլը (Յուբիլա) և Տավաբորոլը (Կերիդին): Դուք այս միջոցը քսում եք ձեր վարակված եղունգներին՝ դրանք թրջելուց հետո: Այս նրբաքսուքները կարող են ավելի լավ ազդել, եթե նախ խարտոցով բարակացնեք ախտահարված եղունգները: Սա օգնում է, որ դեղամիջոցը եղունգների կոշտացած մակերեսի միջով հասնի հիմքում ընկած սնկերին: Եղունգները բարակացնելու համար կարող եք ախտահարված եղունգն օծել միզանյութ պարունակող լոսյոնով: Կամ ձեր բժիշկը կարող է բարակացնել եղունգի մակերեսը խարտոցով կամ այլ գործիքով (դեբրիդ): Եղունգների դեմ հակասնկային նրբաքսուքները կարող են առաջացնել կողմնակի ազդեցություններ, ինչպիսին է ցանը:
Վիրահատություն
Ձեր բժիշկը կարող է առաջարկել եղունգի ժամանակավոր հեռացում, որ հակասնկային դեղամիջոցը հնարավոր լինի կիրառել անմիջապես եղունգի տակ գտնվող վարակի վրա:
Ամենաարդյունավետ, բայց ամենաքիչ օգտագործվող տարբերակը եղունգը և դրա արմատը մշտապես հեռացնելու վիրահատությունն է:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024