Այս ինքնօգնության և տնային միջոցները կարող են օգնել նեյրոդերմիտի կառավարմանը:
- Դադարեցրեք քորելը և քերծելը․ քորը կարող է սաստիկ լինել, բայց քորելուց և մաշկը քերծելուց խուսափելը կարևոր է ձեր վիճակը վերահսկելու և ավելի տանջալի քորի առաջացումը կանխելու համար:
- Կիրառեք սառը թրջոցներ․ սրանք կարող են հանգստացնել մաշկը և թեթևացնել քորը: Ախտահարված մաշկին մի քանի րոպե դրեք սառը, թաց շոր՝ նախքան բուժիչ նրբաքսուք օգտագործելը: Սա օգնում է, որ նրբաքսուքը լավ ներծծվի մաշկի մեջ, այլ ոչ թե չորանա մաշկի մակերևույթին:
- Փորձեք սառեցնող լոսյոններ․ կիրառեք կալամինային լոսյոն կամ լոսյոն, որը պարունակում է կամֆորա կամ մենթոլ:
- Փորձեք դեղատոմս չպահանջող դեղեր․ ախտահարված հատվածին քսեք քորի դեմ նրբաքսուք (կրեմ) կամ լոսյոն: Կրկնեք դա օրական երեք անգամ՝ երկու օր շարունակ։ Հիդրոկորտիզոնային նրբաքսուքը կարող է ժամանակավորապես թեթևացնել քորը: Եթե նրբաքսուքը պահում եք սառնարանում, օգտագործելիս այն լինում է սառը և հանգստացնող: Կամ փորձեք ոչ ստերոիդային մենթոլով կամ պրամոքսինով նրբաքսուք (ՍերաՎե, Սարնա և այլն), որը կօգնի քորի մեղմացմանը: Բերանային (օրալ) հակահիստամինները, ինչպիսին է Դիֆենհիդրամինը (Բենադրիլ), կարող է թեթևացնել ուժեղ քորը և օգնել քնելուն: Որոշ մարդիկ հաջողության են հասնում կապսաիցինի նրբաքսուքով, բայց այն կարող է սկզբում առաջացնել խայթոցի զգացողություն:
- Ծածկեք ախտահարված տարածքը․ վիրակապը կամ ստերիլ ծածկույթը կարող են օգնել մաշկի պաշտպանությանը և կանխել քորելով մաշկը վնասելը: Դրանք կարող են առանձնակի օգտակար լինել, եթե քորում եք քնած ժամանակ:
- Կտրված պահեք ձեր եղունգները․կարճ եղունգները կարող են ավելի քիչ վնասել մաշկը, հատկապես, եթե հակված եք քորել քնած ժամանակ: Կարող եք նաև փորձել քնելուց առաջ հագնել ձեռնոց:
- Ընդունեք կարճատև գոլ լոգանքներ և խոնավացրեք ձեր մաշկը․ լոգանքի ջուրը պետք է լինի գոլ, բայց ոչ՝ տաք: Ջրի մեջ շաղ տվեք վարսակի ալյուրի վրա հիմնված կամ կոլոիդային լոգանքի արտադրանք, օրինակ՝ Ավեենո: Օգտագործեք թույլ, անգույն և անհոտ օճառներ: Սահմանափակեք լողանալու ժամանակը և հաճախականությունը: Լավագույն դեպքում, ցնցուղ կամ լոգանք ընդունեք ոչ ավելի, քան օրը մեկ անգամ և ոչ ավելի երկար, քան 10 րոպե: Վերջում նրբորեն չորացրեք ձեր մաշկը և օծեք այն անհոտ խոնավացնող միջոցով:
- Խուսափեք հրահրող գործոններից․ ուշադրություն դարձրեք, թե ինչն է ըստ ձեզ նպաստում քորի առաջացմանը և խուսափեք դրանից: Օրինակ, եթե քոր է առաջացնում սթրեսային իրադարձությունը, փորձեք սովորել և կիրառել սթրեսի կառավարման մեթոդներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2024
Վերջին վերանայում՝ 23-07-2024