Ծխախոտի ծուխը պարունակում է ավելի քան 60 հայտնի քաղցկեղ առաջացնող քիմիական նյութեր և հազարավոր այլ վնասակար նյութեր:
Նույնիսկ «լրիվ բնական» կամ բուսական ծխախոտներն ունեն վնասակար քիմիական նյութեր:
Դուք արդեն գիտեք, որ ծխախոտ ծխողների մոտ որոշ հիվանդությունների զարգացման և մահանալու հավանականությունը շատ ավելի մեծ է, քան չծխողների մոտ: Բայց դուք կարող եք չհասկանալ, թե որքան տարբեր առողջական խնդիրներ է առաջացնում ծխելը։
- Թոքերի քաղցկեղ և թոքային հիվանդություն. ծխելը թոքերի քաղցկեղից մահացության գլխավոր պատճառն է։ Բացի այդ, ծխելը առաջացնում է թոքային հիվանդություններ, ինչպիսիք են էմֆիզեման և քրոնիկ բրոնխիտը: Ծխելը նաև վատթարանում է ասթման:
- Այլ քաղցկեղներ. ծխելը մեծացնում է քաղցկեղի բազմաթիվ տեսակների, այդ թվում՝ բերանի խոռոչի, ըմպանի, կերակրափողի, կոկորդի, միզապարկի, ենթաստամոքսային գեղձի, երիկամների, արգանդի վզիկի և լեյկոզների որոշ տեսակների ռիսկը: Ընդհանուր առմամբ, ծխելը քաղցկեղից մահվան դեպքերի 30%-ի պատճառն է:
- Սրտի և շրջանառության համակարգի հետ կապված խնդիրներ. ծխելը մեծացնում է սրտի և արյունատար անոթների (սրտանոթային) հիվանդություններից, ներառյալ սրտամկանի ինֆարկտիվ և ինսուլտից մահանալու ռիսկը: Եթե դուք ունեք սրտի կամ արյունատար անոթների հիվանդություններ, ինչպիսին է սրտային անբավարարությունը, ծխելը վատթարանում է ձեր վիճակը:
- Դիաբետ. ծխելը մեծացնում է ինսուլինակայունությունը, ինչը կարող է հիմք ստեղծել 2-րդ տիպի դիաբետի համար: Եթե դուք ունեք դիաբետ, ապա ծխելը կարող է արագացնել բարդությունների զարգացումը, ինչպիսիք են երիկամային հիվանդությունը և աչքերի խնդիրները:
- Աչքի խնդիրներ. ծխելը կարող է մեծացնել աչքի լուրջ խնդիրների առաջացման վտանգը, ինչպիսիք են կատարակտը և մակուլյար դեգեներացիայի պատճառով տեսողության կորուստը:
- Անպտղություն և իմպոտենցիա. ծխելը մեծացնում է կանանց անպտղության, իսկ տղամարդկանց մոտ՝ իմպոտենցիայի ռիսկը:
- Բարդություններ հղիության ընթացքում. հղիության ընթացքում ծխող մայրերը վաղաժամ ծննդաբերության և ցածր քաշ ունեցող երեխաներ ունենալու ավելի մեծ ռիսկի են ենթարկվում:
- Մրսածություն, գրիպ և այլ հիվանդություններ. ծխողները ավելի հակված են շնչառական վարակների, ինչպիսիք են մրսածությունը, գրիպը և բրոնխիտը:
- Ատամների և լնդերի հիվանդություն. ծխելը կապված է լնդերի բորբոքման և լնդերի լուրջ վարակի զարգացման ռիսկի հետ, որը կարող է ոչնչացնել ատամները պահող համակարգը (պարոդոնտիտ):
Ծխելը նաև վտանգ է ներկայացնում ձեր շրջապատի առողջության համար: Ծխող մարդկանց չծխող ամուսինները և զուգընկերները թոքերի քաղցկեղի և սրտի հիվանդությունների ավելի բարձր ռիսկ ունեն՝ համեմատած այն մարդկանց հետ, ովքեր չեն ապրում ծխողների հետ: Երեխաները, որոնց ծնողները ծխում են, ավելի հակված են ասթմայի, ականջի վարակների և մրսածության վատթարացմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-02-2023
Վերջին վերանայում՝ 27-04-2024