Առողջական խնդիրներ
Տեսողական (օպտիկ) նևրիտ

2 րոպե
Տեսողական նյարդը աչքից դեպի գլխուղեղ է փոխանցում տեսողական բնույթի նյարդային ազդակներ, որի շնորհիվ մեր գլխուղեղում որպես տեսողական զգացողություն արտացոլվում է այն ամենն, ինչ մեր աչքերն ընկալում են:
Տեսողական նևրիտն այս նյարդի բորբոքումն է, որն ուղեկցվում է տվյալ աչքի ցավերով և նույն աչքում տեսողության հանկարծակի մասնակի կամ լրիվ կորստով:
Տեսողական նևրիտի պատճառները
Տեսողական նյարդի բորբոքման հստակ պատճառը հայտնի չէ: Սակայն համընդհանուր կարծիք կա, որ այն կարող է զարգանալ իմունային համակարգի կողմից նյարդը շրջապատող հյուսվածքները գրոհելով: Այսպիսի վիճակ առաջանում է, երբ խախտված իմունային համակարգը չի կարողանում սեփական հյուսվածքները տարբերել օտարից:
Տեսողական նևրիտը կարող է կապված լինել առողջական այլ խնդիրների ու հիվանդությունների հետ, օրինակ՝
- ցրված սկլերոզ
- աուտոիմուն հիվանդություններ
- բակտերիալ և վիրուսային վարակներ, օրինակ՝ ջրծաղիկ, ռինոգեն վիրուս, սիֆիլիս և այլն:
Տեսողական նևրիտը սովորաբար ախտահարում է չափահասների միայն մեկ աչքը: Սակայն հիվանդությունը կարող է ներգրավել նաև զույգ աչքերը կամ զարգանալ երեխաների մոտ:
Տեսողական նևրիտի ախտանիշները
Տեսողական նևրիտի ախտանիշներից են՝
- աչքի ներսում կամ շուրջը տեղակայված ցավեր, որոնք կարող են սաստկանալ աչքերը շարժելիս
- գունային տեսողության վատթարացում (գույները երևում են աղոտված կամ «գունազրկված»)
- մեկ կամ զույգ աչքերում տեսողության մասնակի կամ լիարժեք հանկարծակի կորուստ:
Տեսողական նևրիտի ախտորոշումը
Եթե դուք ունեք աչքի որևէ ցավ կամ տեսողության կորուստ, առանց հետաձգելու 24 ժամվա ընթացքում դիմեք բուժօգնության: Բժիշկը կարող է ձեզ ուղեգրել ակնաբույժի խորհրդատվության, ով հաստատում է ախտորոշումը՝ ելնելով հետևյալ թեստերից՝
- տեսադաշտի ստուգում
- աչքերի ներսի շրջանների ստուգում
- գունային տեսողության ստուգում
- կողմնային (ծայրամասային) տեսողության ստուգում
- բբային ռեակցիա (ինչպես են ձեր բբերը պատասխանում լույսին):
Ձեզ կարող են նաև առաջարկել այլ հետազոտություններ, որպեսզի ստուգեն այլ հիվանդությունների առկայությունը կամ հայտնաբերեն նևրիտի պատճառը: Որոշ դեպքերում ձեզ կարող են ուղեգրել նաև մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ), հատկապես, եթե անհրաժեշտություն է առաջացել հաստատելու կամ ժխտելու ձեզ մոտ ցրված սկլերոզի առկայությունը:
Տեսողական նևրիտի բուժումը
Դեպքերի մեծ մասի ժամանակ ձեր տեսողությունը կարող է մի քանի շաբաթվա ընթացքում առանց բուժման վերականգնվել: Սակայն, բոլոր դեպքերում կարևոր է բժշկին այցելել, եթե ձեր տեսողությունը կտրուկ վատթարացել է:
Բազմաթիվ մարդկանց տեսողությունը վերականգնվում և դառնում է գրեթե նորմալ մինչև մեկ տարվա ընթացքում, սակայն տեսողական նյարդը կարող է նաև կայուն վնասվել: Ստերոիդ լուծույթներով ներարկումները կարող են արագացնել նյարդի վերականգնումը, սակայն նման բուժումը չի կարող երաշխավորել, թե ինչ չափով ձեր տեսողությունը կվերականգնվի:
Հոդվածը տեղադրվել է՝ 29-05-2019 վերանայվել է՝ 18-06-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: