Տեսողական նևրիտը սովորաբար բարելավվում է ինքնուրույն:
Որոշ դեպքերում տեսողական նյարդի բորբոքումը նվազեցնելու համար օգտագործվում են ստերոիդային դեղամիջոցներ: Ստերոիդային բուժման հնարավոր կողմնակի ազդեցություններից են քաշի ավելացումը, տրամադրության փոփոխությունները, դեմքի կարմրությունը, ստամոքսի խանգարումը և անքնությունը:
Ստերոիդային բուժումը սովորաբար տրվում է երակով (ներերակային): Ներերակային ստերոիդային թերապիան արագացնում է տեսողության վերականգնումը, սակայն այն չի ազդում տեսողության չափի վրա, որը կարող է վերականգնվել սովորական տեսողական նևրիտի դեպքում:
Երբ ստերոիդային բուժման արդյունքները բավարար չեն և տեսողության լուրջ կորուստը շարունակվում է, բուժումը, որը կոչվում է պլազմայի փոխարինման թերապիա, կարող է օգնել որոշ մարդկանց տեսողության վերականգնմանը: Հետազոտությունները դեռ չեն հաստատել տեսողական նևրիտի դեպքում պլազմայի փոխարինման թերապիայի արդյունավետությունը:
Ցրված սկլերոզի կանխարգելում
Եթե ունեք տեսողական նևրիտ և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայով (ՄՌՏ) ձեր գլխուղեղում հայտնաբերվել են երկու կամ ավելի ախտահարման շրջաններ, բժիշկը կարող է առաջարկել ցրված սկլերոզի դեղամիջոցներ, օրինակ՝ Ինտերֆերոն բետա-1a կամ Ինտերֆերոն բետա-1b, որոնք կարող են հետաձգել ցրված սկլերոզի զարգացումը կամ օգնել վերջինիս կանխարգելմանը: Այս ներարկային դեղամիջոցներն օգտագործվում են ցրված սկլերոզի զարգացման բարձր ռիսկ ունեցող մարդկանց համար: Հնարավոր կողմնակի ազդեցություններից են դեպրեսիան, ներարկման տեղում գրգռվածությունը և գրիպանման ախտանիշները:
Հիվանդության ելքը
Տեսողական նևրիտի դրվագից հետո վեց ամսվա ընթացքում մարդկանց մեծամասնության մոտ տեսողությունը վերականգնվում է՝ հասնելով նորմալին մոտ մակարդակի:
Եթե տեսողական նևրիտը կրկնվում է, ուրեմն առկա է ցրված սկլերոզի, տեսողական նեյրոմիելիտի կամ միելին-օլիգոդենդրոցիտային գլիկոպրոտեինի (ՄՕԳ) նկատմամբ հակամարմինների հետ կապված խանգարումների զարգացման ավելի մեծ ռիսկ: Տեսողական նևրիտը նաև կարող է կրկնվել առանց որևէ պատճառային հիվանդության, և նման դեպքերում տեսողության երկարաժամկետ պրոնգնոզն ավելի բարենպաստ է, քան ցրված սկլերոզի կամ տեսողական նեյրոմիելիտի ժամանակ:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-04-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024