Օրթոստատիկ հիպոտենզիան կարող է առաջանալ տարբեր պատճառներից և նպաստող գործոններից:
Երբ դուք նստած կամ պառկած դիրքից կանգնում եք, ձեր ոտքերում և որովայնում ծանրության ուժի ազդեցությամբ կուտակվում է արյուն: Արյան ճնշումը նվազում է, քանի որ ավելի քիչ արյուն է հոսում դեպի ձեր սիրտ:
Սովորաբար, սրտի և պարանոցի զարկերակների մոտ գտնվող հատուկ բջիջները (ճնշման ընկալիչներ կամ բարոռեցեպտորներ) զգում են այս ցածր արյան ճնշումը: Դրանք ազդանշաններ են ուղարկում դեպի գլխուղեղ: Գլխուղեղից վերադարձած ազդանշանների շնորհիվ ձեր սիրտը սկսում է ավելի արագ կծկվել և ավելի շատ արյուն մղել, ինչը կարգավորում է արյան ճնշումը: Այս բջիջները նաև նեղացնում են արյան անոթները և բարձրացնում արյան ճնշումը:
Օրթոստատիկ հիպոտենզիան առաջանում է, երբ ինչ-որ բան խանգարում է արյան ցածր ճնշման դեմ պայքարի ձեր օրգանիզմի պաշտպանական գործընթացներին: Բազմաթիվ հիվանդություններ և վիճակներ կարող են առաջացնել օրթոստատիկ հիպոտենզիա:
- Ջրազրկում (դեհիդրատացիա). բարձր ջերմությունը, փսխումը, բավականաչափ հեղուկներ չխմելը, ծանր փորլուծությունը և ուժեղ քրտնարտադրությամբ ծանր ֆիզիկական վարժանքները կարող են հանգեցնել ջրազրկման: Ջրազրկումը նվազեցնում է շրջանառող արյան ծավալը (կոչվում է հիպովոլեմա): Թեթև ջրազրկումը կարող է առաջացնել օրթոստատիկ հիպոտենզիայի ախտանիշներ, ինչպիսիք են թուլությունը, գլխապտույտը և հոգնածությունը:
- Սրտային խնդիրներ. որոշ սրտային հիվանդություններ կարող են հանգեցնել ցածր արյան ճնշման (հիպոտենզիա), ինչպիսիք են չափազանց դանդաղած սրտազարկը (բրադիկարդիա), սրտի փականային խնդիրները, սրտամկանի ինֆարկտը և սրտային անբավարարությունը: Այս վիճակները խանգարում են օրգանիզմին, որ ոտքի կանգնելիս արագորեն ավելի շատ արյուն մղի:
- Ներզատական (էնդոկրին) խնդիրներ. վահանաձև գեղձի հիվանդությունները, մակերիկամային անբավարարությունը (Ադիսոնի հիվանդություն) և արյան շաքարի ցածր մակարդակը (հիպոգլիկեմիա) կարող են առաջացնել օրթոստատիկ հիպոտենզիա: Նույնը կարող է անել նաև շաքարային դիաբետը, որը կարող է վնասել այն նյարդերը, որոնք մասնակցում են արյան ճնշումը վերահսկող ազդանշանների հաղորդմանը:
- Նյարդային համակարգի խանգարումներ. նյարդային համակարգի որոշ խանգարումներ, ինչպիսիք են Պարկինսոնի հիվանդությունը, բազմահամակարգային ատրոֆիան, Լևի մարմնիկների դեմենցիան, զուտ ավտոնոմ (վեգետատիվ) անբավարարությունը և ամիլոիդոզը, կարող են խաթարել արյան ճնշումը վերահսկելու օրգանիզմի կարողությունը:
- Սննդի ընդունում. որոշ մարդկանց մոտ ցածր արյան ճնշում զարգանում է ուտելուց հետո (հետճաշյա կամ պոստպրանդիալ հիպոտենզիա): Այս վիճակն ավելի տարածված է մեծ տարիքով չափահասների շրջանում:
- Այլ հիվանդություններ և վիճակներ. սակավարյունությունը (անեմիա) և հղիությունը նույնպես երբեմն կարող են հանգեցնել օրթաստատիկ հիպոտենզիայի:
Ռիսկի գործոններ
Օրթոստատիկ հիպոտենզիայի ռիսկի գործոնները ներառում են հետևյալը:
- Տարիք. օրթոստատիկ հիպոտենզիան տարածված է 65 տարեկան և ավելի բարձր տարիքի մարդկանց շրջանում: Սրտի և պարանոցի զարկերակների մոտ առկա հատուկ բջիջները (բարոռեցեպտորներ), որոնք վերահսկում են արյան ճնշումը, կարող են տարիքի հետ ավելի դանդաղ աշխատել: Ծերացող սրտի համար նաև կարող է ավելի դժվար լինել արագացած աշխատելը՝ արյան ճնշման անկումը կարգավորելու համար:
- Դեղեր. դրանք ներառում են դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են բարձր արյան ճնշման (հիպերտենզիայի) կամ սրտային հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են միզամուղները, ալֆա-պաշարիչները, բետա-պաշարիչները, կալցիումական անցուղիների պաշարիչները, անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի (ԱՓՖ) արգելակիչները և նիտրատները: Ալկոհոլի կամ քնաբերների հետ այս դեղերի օգտագործումը կարող է ավելի մեծացնել ցածր արյան ճնշման ռիսկը: Այլ դեղամիջոցները, որոնք կարող են մեծացնել օրթոստատիկ հիպոտենզիայի ռիսկը, ներառում են Պարկինսոնի հիվանդության բուժման համար օգտագործվող դեղեր, որոշ հակադեպրեսանտներ, որոշ հակափսիխոտիկ միջոցներ, մկանային ռելաքսանտներ, էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման դեղեր և թմրամիջոցներ:
- Որոշ հիվանդություններ. հիվանդությունները, որոնք կարող են մեծացնել ցածր արյան ճնշման (հիպոտենզիայի) ռիսկը, ներառում են որոշ սրտային հիվանդություններ, ինչպիսիք են սրտի փականային խնդիրները, սրտամկանի ինֆարկտը և սրտային անբավարարությունը: Այլ հիվանդություններից են նյարդային համակարգի որոշակի խանգարումները, ինչպիսին է Պարկինսոնի հիվանդությունը: Օրթոստատիկ հիպոտենզիայի ռիսկը կարող են մեծացնել նաև այլ հիվանդություններ, որոնք առաջացնում են նյարդային վնասում (նեյրոպաթիա), ինչպիսին է շաքարային դիաբետը:
- Ջերմային ազդեցություն. շոգ միջավայրում գտնվելը կարող է առաջացնել առատ քրտնարտադրություն և, հնարավոր է, ջրազրկում, որը կարող է իջեցնել արյան ճնշումը և առաջացնել օրթոստատիկ հիպոտենզիա:
- Անկողնային ռեժիմ. հիվանդության կամ վնասվածքի պատճառով երկար ժամանակ անկողնում մնալը կարող է առաջացնել թուլություն: Սա կարող է հանգեցնել օրթոստատիկ հիպոտենզիայի:
- Ալկոհոլ. ալկոհոլի օգտագործումը կարող է մեծացնել օրթոստատիկ հիպոտենզիայի ռիսկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-05-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024