Օրթոստատիկ (դիրքային) հիպոտենզիա
04-05-2020
4 րոպե
Օրթոստատիկ հիպոտենզիան կամ թերճնշումը մի վիճակ է, որի ժամանակ ձեր արյան ճշումը զգալի չափով ընկնում է, երբ դուք արագ կանգնում եք:
Օրթոստատիկ հիպոտենզիայի հիմնական ախտանիշը կանգնելուց գլխապտույտի զգացումն է կամ ուշագնացությունը:
Ի՞նչ է օրթոստատիկ հիպոտենզիան
Ձեր մարմնում կա արյունատար անոթների ցանց՝ կազմված զարկերակներից («արտերիա»), երակներից («վենա») և մազանոթներից («կապիլյար»): Սիրտն արյունն արտամղում է զարկերակների մեջ, որոնք այդ արյունը տեղափոխվում են ձեր ողջ մարմնով և հասցնում բոլոր օրգաններին և հյուսվածքներին: Զարկերակներով տեղափոխվող արյան ճնշումը կամ նույն զարկերակային ճնշումն անոթներով շարժվող արյան գործադրած ճնշումն է զարկերակների պատերին։
Զարկերակային ճնշումը գրանցվում է որպես երկու թիվ, օրինակ՝ 120 և 80 միլիմետր սնդիկի սյուն (մմ ս.ս.): Առաջին թիվը սիստոլիկ ճնշումն է: Սա այն զարկերակներում այն ճնշումն է, երբ սիրտը կծկվում և զարկերակները լցնում է արյունով: Երկրորդ թիվը դիաստոլիկ ճնշումն է: Սա զարկերակներում այն ճնշումն է, երբ սիրտը կծկումների միջև հանգստանում է:
Օրթոստատիկ հիպոտենզիան մի վիճակ է, որը բնութագրվում է արյան ճնշման կտրուկ անկմամբ՝ արագ կանգնած դիրք ընդունելուց:
Իմացե՛ք ավելին զարկերակային հիպոտենզիայի մասին:
Որո՞նք են օրթոստատիկ հիպոտենզիայի պատճառները
Օրթոստատիկ հիպոտենզիան կարող է առաջանալ հետևյալ պատճառներից՝
- մեծ տարիք (օրթոստատիկ հիպոտենզիան ավելի տարածված է բարձր տարիքով մարդկանց շրջանում)
- հիպովոլեմա (շրջանառող արյան ծավալի անկում) և ջրազրկում (օրգանիզմի հեղուկների ցածր ծավալ), որոնց հիմնական պատճառներից են՝ արյունահոսություն, արյան շաքարի բարձրացում (հիպերգլիկեմիա), փորլուծություն, փսխումներ, այդ թվում՝ հղիության հիպերէմեզիս և որոշ դեղերի ընդունում, օրինակ՝ միզամուղներ
- ջրազրկում (օրգանիզմի հեղուկների փոքր ծավալ)
- երկարատև անշարժ վիճակ (օրինակ՝ անկողնում տևական ժամանակ պառկած մնալիս)
- հղիություն
- սրտային հիվանդություններ, այդ թվում՝ սրտամկանի ինֆարկտ, սրտային անբավարարություն, սրտի անկանոն ռիթմ (առիթմիա) կամ փականային հիվանդություն
- անեմիա (արյան կարմիր գնդիկների ցածր քանակ)
- Պարկինսոնի հիվանդություն
- ներզատական (էնդոկրին) համակարգի հիվանդություններ, այդ թվում՝ դիաբետ (շաքարախտ), մակերիկամային անբավարարություն և վահանաձև գեղձի հիվանդություններ
- դեղեր, որոնք օգտագործվում են բարձր արյան ճնշման բուժման մեջ, օրինակ՝ բետա պաշարիչներ, ԱՓՖ արգելակիչներ, նիտրատներ և անգիոտենզին II ընկալիչների պաշարիչներ, հատկապես, երբ այս դեղերն ընդունում են դիաբետով կամ Պարկինսոնի հիվանդությամբ մարդիկ
- այլ դեղեր, որոնք նշանակվում են տագնապը, դեպրեսիան, էրեկտիլ խանգարումը կամ Պարկինսոնի հիվանդությունը բուժելիս
- նյութեր, որոնք օգտագործվում են բարձր ճնշման դեղերի հետ միասին, օրինակ՝ ալկոհոլ, քնաբերներ և այլ դեղեր
- շոգ եղանակ (տապ):
Որո՞նք են օրթոստատիկ հիպոտենզիայի ախտանիշները
Օրթոստատիկ հիպոտենզիայի գլխավոր ախտանիշը կանգնելիս գլխատույտի զգացումն է կամ «աչքերի առաջ սևանալը»: Որոշ դեպքերում օրթոստատիկ հիպոտենզիայով մարդիկ կարող են նույնիսկ ուշագնաց լինել և ընկնել:
Այլ ախտանիշներից են՝
- մշուշոտ կամ «ամպամած» տեսողություն
- սրտխառնոց
- ապակողմնորոշում (դիզօրիենտացիա) կամ շշմածություն (կոնֆուզիա)
- հանկարծահաս թուլության զգացում
- հանկարծահաս հոգնածություն
- վայր ընկելը
- կրծքավանդակի ցավեր:
Այս ախտանիշները սովորաբար անհետանում են, երբ դուք մի քանի րոպե նստում կամ պառկում եք:
Ինչպե՞ս է օրթոստատիկ հիպոտենզիան ախտորոշվում
Եթե բժիշկը կարծում է, որ դուք կարող եք ունենալ օրթոստատիկ հիպոտենզիա, ապա նա չափում է ձեր արյան ճնշումը ձեր պառկած, նստած և կանգնած դիրքերում: Բժիշկը նաև անցկացնում է զննում՝ փորձելով գտնել որևէ առողջական խնդիր, որը կարող էր բերել զարկերակային ճնշման անկման:
Ձեր բժիշկը նաև կարող է առաջարկել որոշ հետազոտություններ, այդ թվում՝
- արյան թեստ (որ ստուգի անեմիայի կամ դիաբետի առկայությունը)
- էլեկտրասրտագրություն (որպեսզի ստուգի ձեր սրտի ռիթմը)
- Հոլտեր մոնիտոր (փոքր շարժական սարք, որը կրում եք ձեր վրա, որպեսզի գրանցվի ձեր սրտի ռիթմը երկար ժամանակի ընթացքում, օրինակ՝ 24 կամ 48 ժամ)
- էխոսրտագրություն (սրտի սոնոգրաֆիկ հետազոտություն կամ սրտի «էխո»)
- սթրես-թեստ, երբ բժիշկը հսկում է ձեր սրտի ռիթմը ֆիզիկական ծանրաբեռնվածության ընթացքում
- Վալսալվայի փորձ (մանևր), երբ դուք մի քանի անգամ խորը շնչում եք, որի ընթացքում բժիշկը չափում է ձեր արյան ճնշումը և սրտի ռիթմը
- այլ փորձեր, օրինակ՝ թեք սեղանի թեստ:
Ինչպե՞ս է օրթոստատիկ հիպոտենզիան բուժվում
Եթե ձեզ մոտ լինում են օրթոստատիկ հիպոտենզիայի դրվագներ, ապա բժիշկը նախ և առաջ կփորձի որոշել, թե արդյոք դուք ունե՞ք մեկ այլ հիվանդություն կամ առողջական վիճակ, որը կարող է պատճառել ձեր թերճնշումը: Բազմաթիվ դեպքերում պատճառ հանդիսացող հիվանդության բուժումը կարող է վերացնել օրթոստատիկ հիպոտենզիան:
Եթե օրթոստատիկ հիպոտենզիան առաջանում է որոշ դեղերի ընդունումից հետո, բժիշկը կարող է վերանայել դրանց դեղաչափերը կամ փոխարինել այլ դեղերով:
Օրթոստատիկ հիպոտենզիայի բուժման մեթոդներից մեկն էլ ձեր առօրյա կյանքում որոշ «հարմարեցումներ» կամ «շտկումներ» կատարելն է, օրինակ՝
- եթե ջրազրկված եք, ապա շատ հեղուկներ խմեք
- սահմանափակեք ալկոհոլի օգտագործումը կամ խուսափեք ոգելից խմիչքներից (ալկոհոլը կարող է առաջացնել ջրազրկում)
- աթոռից վեր կենալուց կանգնեք դանդաղորեն
- նստած ժամանակ մի՛ խաչեք ձեր ոտքերը
- եթե առողջական խնդրի պատճառով ստիպված եք որոշ ժամանակ անկողնում մնալ, փորձեք կարճ ժամանակով մի քանի անգամ անկողնում նստել կամ զգուշությամբ ոտքի կանգնել
- անկողնուց վեր կենալուց նախ որոշ ժամանակ նստեք անկողնում, որից հետո միայն դանդաղորեն ոտքի կանգնեք
- փորձեք կատարել իզոմետրիկ վարժություններ (օրինակ՝ մի քանի րոպե սեղմած պահել ռետինե գնդակ կամ սրբիչ՝ մինչև կանգնած դիրք ընդունելը. այսպիսի վարժությունները կարող են քիչ բարձրացնել ձեր արյան ճնշումը և կանխարգելել կանգնելիս ճնշման կտրուկ անկումը)
- բժշկի խորհրդով դուք կարող եք հանգել սեղմող (կոմպրեսիոն) գուլպաներ, որոնք ճնշում են ձեր ոտքերը և օգնում արյան շրջանառությանը
- բարձրացրեք ձեր անկողնու գլխամասը
- մի՛ մնացեք ոտքի վրա երկար ժամանակի ընթացքում:
Անհրաժեշտության դեպքում բժիշկը կարող է նաև նշանակել որոշ դեղեր, օրինակ՝ Ֆլուդրոկորտիզոն, Միդոդրին կամ Էրիթրոպոետին, որոնք բարձրացնում են արյան ծավալը կամ կծկում-նեղացնում արյունատար անոթները:
Հոդվածը վերանայվել է՝ 26-01-2023