Դեռևս պարզ չէ, թե ինչն է առաջացնում ձվարանների քաղցկեղը, թեև բժիշկները հայտնաբերել են բաներ, որոնք կարող են մեծացնել հիվանդության ռիսկը:
Բժիշկները գիտեն, որ ձվարանների քաղցկեղը սկսվում է այն ժամանակ, երբ ձվարանների մեջ կամ մոտակայքում գտնվող բջիջների ԴՆԹ-ում զարգանում են փոփոխություններ (մուտացիաներ): Բջջի ԴՆԹ-ն պարունակում է հրահանգներ, որոնք բջջին ասում են, թե ինչ անել: Մուտացիաները հրահանգում են բջիջներին արագ աճել և բազմանալ՝ ստեղծելով քաղցկեղի բջիջների զանգված (ուռուցք): Քաղցկեղի բջիջները շարունակում են ապրել, երբ առողջ բջիջները մահանում են: Դրանք կարող են ներխուժել մոտակա հյուսվածքներ և պոկվել սկզբնական ուռուցքից՝ տարածվելով (մետաստազազվելով) օրգանիզմի այլ շրջաններ:
Ձվարանների քաղցկեղի տեսակները
Բջջի տեսակը, որից սկսվում է քաղցկեղը, կանխորոշում է ձեր ունեցած ձվարանների քաղցկեղի տեսակը և օգնում ձեր բժշկին որոշելու, թե որ բուժումն է լավագույնը ձեզ համար: Ձվարանների քաղցկեղի տեսակները ներառում են հետևյալը:
- Էպիթելիալ ձվարանների քաղցկեղ. այս տեսակն ամենատարածվածն է: Այն ներառում է մի քանի ենթատեսակներ, այդ թվում՝ սերոզ կարցինոմա և մուցինոզ կարցինոմա:
- Ցողունային (ստրոմալ) ուռուցքներ. այս հազվադեպ ուռուցքները սովորաբար ախտորոշվում են ավելի վաղ փուլում, քան ձվարանների այլ քաղցկեղները:
- Սեռական բջիջների ուռուցքներ. այս հազվադեպ ձվարանների քաղցկեղները հակված են առաջանալու ավելի երիտասարդ տարիքում:
Ռիսկի գործոններ
Գործոնները, որոնք կարող են մեծացնել ձվարանների քաղցկեղի ռիսկը, ներառում են հետևյալը:
- Ավելի մեծ տարիք. ձվարանների քաղցկեղի վտանգը մեծանում է տարիքի հետ: Այն առավել հաճախ ախտորոշվում է մեծ տարիքով կանանց մոտ:
- Ժառանգական գենային փոփոխություններ (մուտացիաներ). ձվարանների քաղցկեղի մի փոքր տոկոսը պայմանավորված է գենային փոփոխություններով, որոնք դուք ժառանգել եք ձեր ծնողներից: Այն գեները, որոնք մեծացնում են ձվարանների քաղցկեղի առաջացման ռիսկը, ներառում են BRCA1 և BRCA2: Այս գեները մեծացնում են նաև կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը։ Հայտնի են մի քանի այլ գենային մուտացիաներ, որոնք մեծացնում են ձվարանների քաղցկեղի վտանգը, ներառյալ այն մուտացիաները, որոնք կապված են Լինչի համախտանիշի և BRIP1, RAD51C և RAD51D գեների հետ:
- Ձվարանի քաղցկեղի ընտանեկան պատմություն (անամնեզ). եթե ունեք արյունակից հարազատներ, որոնց մոտ ախտորոշվել է ձվարանների քաղցկեղ, դուք կարող եք ունենալ հիվանդության բարձր ռիսկ:
- Ավելորդ քաշ կամ գիրություն ունենալը. ավելորդ քաշը կամ գիրությունը մեծացնում է ձվարանների քաղցկեղի ռիսկը:
- Հետդաշտանադադարային հորմոնային փոխարինող թերապիա. հորմոնային փոխարինող թերապիայի ընդունումը՝ դաշտանադադարի գանգատներն ու ախտանիշները վերահսկելու համար, կարող է մեծացնել ձվարանների քաղցկեղի ռիսկը:
- Էնդոմետրիոզ. էնդոմետրիոզը հաճախ ցավոտ խանգարում է, որի դեպքում ձեր արգանդի ներսը ծածկող հյուսվածքի նման հյուսվածք է աճում ձեր արգանդից դուրս:
- Դաշտանների սկսվելու և ավարտվի տարքը. վաղ տարիքից դաշտանի սկիզբը կամ ավելի ուշ տարիքում դաշտանադադարի սկիզբը, կամ երկուսն էլ, կարող են մեծացնել ձվարանների քաղցկեղի ռիսկը:
- Երբեք հղի չլինելը. եթե դուք երբեք հղի չեք եղել, ձեզ մոտ կարող է աճել ձվարանների քաղցկեղի ռիսկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-06-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024