Ձվարանների քաղցկեղի բուժումը սովորաբար ներառում է վիրահատության և քիմիոթերապիայի համակցումը:
Որոշ իրավիճակներում կարող են օգտագործվել այլ բուժումներ:
Վիրահատություն
Ձվարանի քաղցկեղի հեռացման համար կարող են առաջարկվել հետևյալ վիրաբուժական միջամտությունները:
- Մեկ ձվարանի հեռացում. վաղ փուլի քաղցկեղի դեպքում, երբ ուռուցքը մեկ ձվարանի սահմաններից դուրս չի տարածվել, վիրահատությունը կարող է ներառել միայն ախտահարված ձվարանի և նույն կողմի արգանդափողի հեռացումը: Այս միջամտությունը կարող է պահպանել երեխաներ ունենալու ձեր ունակությունը:
- Երկու ձվարանների հեռացում. եթե երկու ձվարաններում էլ առկա է քաղցկեղ, սակայն ավելի տարածուն քաղցկեղի նշաններ չկան, բժիշկը կարող է առաջարկել զույգ ձվարանների և զույգ արգանդափողերի հեռացում: Վիրահատությունն արգանդը թողնում է անփոփոխ, և սառեցված սեփական սաղմը, ձվաբջիջը կամ դոնորական ձվաբջիջն օգտագործելով հնարավոր է իրականացնել արհեստական հղիության միջոցառում, թեև մեծ հավանականությամբ հղիությունը կամ ծննդաբերությունը կընթանան տարբեր, այդ թվում՝ լուրջ բարդություններով:
- Երկու ձվարանների և արգանդի հեռացում. եթե քաղցկեղը տարածուն է կամ չեք ցանկանում պահպանել հղիանալու և ծննդաբերելու ձեր ունակությունը, ձեր բժիշկը կարող է առաջարկել ձվարանների, արգանդափողերի, արգանդի, մոտակա ավշային հանգույցների և որովայնային ճարպային հյուսվածքի (օմենտում) հեռացում:
- Տարածուն քաղցկեղի վիրահատություն. եթե քաղցկեղը տարածված է, ձեր բժիշկը կարող է առաջարկել քիմիոթերապիա, որից հետո՝ վիրահատություն, որ հեռացվի քաղցկեղն այն չափով, որքանով հնարավոր է:
Վիրահատությամբ հեռացված քաղցկեղային հյուսվածքների նմուշներն ուղարկվում են լաբորատորիա՝ քաղցկեղի տեսակը որոշելու համար, որի արդյունքները կարևոր են հետագա բուժման տարբերակն ընտրելու համար:
Քիմիոթերապիա
Քիմիոթերապիան դեղորայքային բուժում է, որն օգտագործում է քիմիական նյութեր՝ մարմնի արագ աճող, ներառյալ՝ քաղցկեղային բջիջները ոչնչացնելու համար: Քիմիոթերապիայի դեղերը կարող են ներարկվել երակի մեջ կամ ընդունել բերանով:
Քիմիոթերապիան հաճախ օգտագործվում է վիրահատությունից հետո՝ ոչնչացնելու քաղցկեղային բջիջները, որոնք կարող են մնալ: Այն կարող է օգտագործվել նաև վիրահատությունից առաջ՝ քաղցկեղի չափը փոքրացնելու և վիրահատությունը տեխնիկապես հեշտացնելու համար։
Որոշ իրավիճակներում քիմիաթերապիայի դեղամիջոցները կարող են տաքացվել և ներմուծվել որովայնի մեջ վիրահատության ընթացքում (հիպերթերմիկ ինտրապերիտոնեալ քիմիոթերապիա): Դեղորայքը թողնվում է տեղում որոշակի ժամանակ, նախքան դրանք դատարկելը: Այնուհետեւ շարունակվում է վիրահատությունը:
Թիրախային թերապիա
Թիրախային դեղորայքային թերապիաները կենտրոնանում են քաղցկեղի բջիջներում առկա կոնկրետ թուլությունների՝ խոցելի կառուցվածքային տարրերի վրա: Վնասելով դրանք՝ թիրախային դեղորայքային թերապիան կարող է հանգեցնել քաղցկեղի բջիջների մահվան:
Եթե մտածում եք ձվարանների քաղցկեղի թիրախային թերապիայի մասին, ձեր բժիշկը կարող է թեստավորել ձեր քաղցկեղային բջիջները՝ որոշելու, թե որ թիրախային թերապիան առավել հավանական ազդեցություն կարող է ունենալ ձեր քաղցկեղի վրա:
Հորմոնային թերապիա
Հորմոնային թերապիան օգտագործում է դեղամիջոցներ՝ արգելափակելու էստրոգենի հորմոնի ազդեցությունը ձվարանների քաղցկեղի բջիջների վրա: Ձվարանների քաղցկեղի որոշ բջիջներ օգտագործում են էստրոգեն, որն օգնում է դրանց աճին, ուստի էստրոգենի արգելափակումը կարող է օգնել քաղցկեղի վերահսկմանը:
Հորմոնային թերապիան կարող է լինել դանդաղ աճող ձվարանների քաղցկեղի որոշ տեսակների բուժման տարբերակ: Դա կարող է նաև տարբերակ լինել, եթե նախնական բուժումից հետո քաղցկեղը վերադառնա:
Իմունոթերապիա
Իմունոթերապիան օգտագործում է իմունային համակարգը քաղցկեղի դեմ պայքարելու համար: Օրգանիզմի հիվանդությունների դեմ պայքարող իմունային համակարգը չի կարող հարձակվել քաղցկեղի բջիջների վրա, քանի որ դրանք արտադրում են սպիտակուցներ, որոնք օգնում են թաքնվելու իմունային համակարգի բջիջներից: Իմունոթերապիան գործում է՝ խանգարելով այդ գործընթացը:
Իմունոթերապիան կարող է լինել որոշակի իրավիճակներում ձվարանների քաղցկեղի բուժման տարբերակ:
Պալիատիվ խնամք
Պալիատիվ խնամքը մասնագիտացված բժշկական օգնություն է, որը կենտրոնանում է ծանր հիվանդություններին ուղեկցող ցավի և այլ ախտանիշների մեղմացման վրա: Պալիատիվ խնամքն իրականացվում է տարբեր մասնագետներ ներառող թիմի կողմից, ովքեր աջակցում են ինչպես հիվանդին: Պալիատիվ խնամքը կարող է օգտագործվել նաև ագրեսիվ բուժումների հետ համատեղ (վիրահատություն և քիմիոթերապիա), որ հնարավորինս բարելավվի հիվանդի ինքնազգացողությունը և կյանքի որակը, ինչպես նաև երկարացվի կյանքի տևողությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-06-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024