Առողջական խնդիրներ
Ձվարանի քաղցկեղ

2 րոպե
Ձվարանի քաղցկեղը չարորակ նորագոյացություն է, որը սկսվում է ձվարանում:
Ձվարանի քաղցկեղը կարող է ախտահարել կնոջ ինչպես մեկ, այնպես էլ երկու ձվարանները։
Ձվարանները կնոջ վերարտադրողական համակարգի զույգ օրգաններ են, որոնք գտնվում են արգանդի երկու կողմերում և արտադրում են ամիսը մեկ ձվաբջիջ, ինչպես նաև իգական սեռական հորմոններ (էստրոգեն և պրոգեստերոն):
Ըստ առաջացման մեխանիզմի ձվարանի քաղցկեղները պայմանականորեն բաժանում են 4 տեսակների։
- Ձվարանի առաջնային քաղցկեղ. այս տեսակը նաև անվանում են էնդոմետրիոդային քաղցկեղ, որն ավելի հաճախ հանդիպում է երիտասարդ՝ մինչև 30 տարեկան կանանց մոտ և ախտահարում զույգ ձվարանները:
- Ձվարանի երկրորդային քաղցկեղ. սա զարգանում է ձվարանի բարորակ ուռուցքի՝ կիստոմայի չարորակացման (քաղցկեղի վերափոխման) արդյունքում: Երկրորդային քաղցկեղն արտաքինից նմանվում է ծաղկակաղամբի և ավելի հաճախ առաջանում է 40-60 տարեկան կանանց շրջանում:
- Ձվարանի մետաստատիկ քաղցկեղ. ինչպես հուշում է անվանումը, քաղցկեղի այս տեսակն առաջանում է այլ օրգաններից դեպի ձվարաններ քաղցկեղի տարածման արդյունքում (արյան կամ ավշի միջոցով)։
- Չարորակ պապիլյար ցիստադենոմա. սա մեծ քանակի պապիլյար արտաճումներ պարունակող կիստա է, որը հաճախ ուղեկցվում է որովայնի խոռոչում հեղուկի կուտակման՝ ասցիտի հետ։
Ձվարանի քաղցկեղը հաճախ մնում է չհայտնաբերված, քանի դեռ չի հասցրել տարածվել կոնքի և որովայնի խոռոչներում: Ձվարանի քաղցկեղի ախտանիշները կարող են նմանակել այլ հիվանդություններին՝ բավականին դժվարացնելով ախտորոշումը։
Ուշ փուլերում ձվարանի քաղցկեղն ավելի դժվար բուժելի է: Հակառակ դրան, վաղ փուլի ձվարանի քաղցկեղը, երբ ուռուցքն ընդգրկում է միայն ձվարանը, հաջող բուժման շանսն ավելի բարձր է: Ձվարանի քաղցկեղի բուժման մեջ սովորաբար օգտագործվում են վիրահատությունը և քիմիոթերապիան:
Հոդվածը տեղադրվել է՝ 26-06-2018 վերանայվել է՝ 10-06-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: