Ձվարանի քաղցկեղն ախտորոշելիս ձեր բժիշկը կարող է օգտվել որոշ հետազոտություններից։
- Գինեկոլոգիական քննություն (ներզննում). սա ներառում է հայելիների օգնությամբ զննումը և հեշտոցային քննությունը: Բժիշկը ձեռնոց հագած մի ձեռքի երկու մատները մտցում է ձեր հեշտոցի խոռոչ, իսկ երկրորդ ձեռքով սեղմում է որովայնի պատը՝ շոշափելու ձեր փոքր կոնքի օրգանները: Բժիշկը նաև տեսողական զննում է ձեր արտաքին սեռական օրգանները, հեշտոցը և արգանդի վզիկը:
- Պատկերային հետազոտություններ. որովայնի և կոնքի օրգանների գերձայնային հետազոտությունը (սոնոգրաֆիա) կամ համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ) կարող են բժշկին օգնել, որ որոշի ձեր ձվարանների չափը, ձևը և կառուցվածքը:
- Արյան թեստեր. արյան թեստերը կարող են ներառել օրգանների գործունեության թեստերը, որոնք օգնում են գնահատելու ընդհանուր առողջական վիճակը: Ձեր բժիշկը նաև կարող է ստուգել ձեր արյունը ուռուցքային մարկերների համար (օնկոմարկերներ), որոնք վկայում են ձվարանների քաղցկեղի մասին: Օրինակ, քաղցկեղային հակածին 125 (CA125) թեստը կարող է հայտնաբերել հաճախ ձվարանի քաղցկեղի բջիջների մակերևույթին առկա սպիտակուցը: Այս թեստերը չեն կարող հաստատել, թե արդյոք դուք քաղցկեղ ունեք, սակայն դրանք կարող են ձեր ախտորոշման և կանխատեսման (պրոգնոզի) մասին հուշումներ տալ:
- Վիրահատություն. երբեմն ձեր բժիշկը չի կարող վստահ լինել ձեր ախտորոշման մեջ, քանի դեռ չեք ենթարկվել վիրահատության՝ հեռացնելով ձվարանն ու այն ստուգելով քաղցկեղի նշանների համար:
- Գենետիկ թեստավորում. ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ձեր արյան նմուշը թեստավորում՝ փնտրելու գենային փոփոխություններ (մուտացիաներ), որոնք մեծացնում են ձվարանների քաղցկեղի առաջացման ռիսկը: Իմանալով, որ դուք ձեր ԴՆԹ-ում ունեք ժառանգական փոփոխություն, ձեր բժիշկը կարող է կարևոր որոշումներ կայացնել ձեր բուժման ծրագրի վերաբերյալ: Դուք կարող եք տրամադրել այդ տեղեկատվությունը ձեր արյունակից հարազատներին, ինչպիսիք են ձեր եղբայրները, քույրերը և ձեր երեխաները, քանի որ նրանք նույնպես կարող են վտանգված լինել նույն գենային փոփոխություններով:
Ձվարանի քաղցկեղի ախտորոշումը հաստատվելուց հետո ձեր բժիշկն օգտագործում է հետազոտություններից և միջամտություններից ստացված տվյալները, որ սահմանի ձեր քաղցկեղի փուլը: Ձվարանների քաղցկեղի փուլերը տատանվում են 1-ից 4-ի սահմաններում, որոնք հաճախ նշվում են հռոմեական I-ից IV թվանշաններով: Ամենացածր փուլը նշանակում է, որ քաղցկեղն սահմանափակված է ձվարաններով: IV փուլում քաղցկեղը տարածվել է օրգանիզմի հեռավոր շրջաններում:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-06-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024