Ցավոտ սեռական հարաբերության ֆիզիկական պատճառները տարբերվում են՝ կախված նրանից, թե ցավն առաջանում է սեռական ներթափանցման սկզբում, թե խոր ներթափանցման ժամանակ:
Հուզական կամ հոգեծին գործոնները կարող են կապված լինել ցավոտ սեռական հարաբերության բազմաթիվ տեսակների հետ:
Ներթափանցման ցավ
Սեռական ներթափանցման սկզբում առաջացող ցավը կարող է կապված լինել մի շարք գործոնների հետ:
- Հեշտոցի ոչ բավարար խոնավեցում և օծում (լուբրիկացիա). սա հաճախ ոչ բավարար սիրային նախախաղի արդյունք է: Պատճառ կարող է լինել նաև էստրոգենի մակարդակի անկումը դաշտանադադարից կամ ծննդաբերությունից հետո կամ կրծքով կերակրման ժամանակ (հեշտոցի չորություն): Հայտնի է, որ որոշ դեղամիջոցներ ազդում են սեռական ցանկության կամ գրգռվածության վրա (լիբիդո), ինչը կարող է նվազեցնել հեշտոցի բնական քսանյութերը և սեռական հարաբերությունը դարձնել ցավոտ: Դրանք ներառում են՝ հակադեպրեսանտներ, բարձր արյան ճնշման դեղամիջոցներ, հանգստացնող, հակահիստամիններ և որոշ հակաբեղմնավորիչ հաբեր:
- Վնասվածք, տրավմա կամ գրգռվածություն. սա ներառում է՝ վնասվածք կամ գրգռում դժբախտ պատահարից, զուգընկերոջ մեծ առնանդամի կամ բռնաբարության պատճառով, շեքի շրջանում վիրահատությունից, կանանց թլպատումից (վիրահատական միջամտություն, որը կատարվում է ոչ թե առողջական պատճառով, այլ մշակութային և սոցիալական բարքերից ելնելով) կամ ծննդաբերության ժամանակ կատարված կտրվածքից՝ ծննդուղին լայնացնելու նպատակով (էպիզիոտոմիա):
- Բորբոքում, վարակ կամ մաշկային հիվանդություններ. ձեր սեռական շրջանի կամ միզուղիների վարակը, ինչպիսիք են սեռական ճանապարհով փոխանցվող վարակները, կարող է սեռական հարաբերությունը դարձնել ցավոտ: Ցավի կամ անհարմարավետության պատճառ կարող են լինել նաև էկզեման կամ սեռական օրգանների այլ մաշկային խնդիրները:
- Վագինիզմ. հեշտոցի պատի մկանների ակամա և ցավոտ կծկումները կարող են ներթափանցումը (պենետրացիա) դարձնել ցավոտ, երբեմն նաև՝ անհնարին: Վագինիզմը կարող է առաջանալ սեռական հարաբերությունից առաջ կամ դրա ընթացքում:
- Ի ծնե առկա խնդիրներ. լիարժեք ձևավորված հեշտոց չունենալը (հեշտոցային ագենեզ) կամ հեշտոցային բացվածքը փակող թաղանթը (կուսաթաղանթ) կարող են առաջացնել դիսպարեունիա:
Խոր ցավ
Խոր ցավը սովորաբար առաջանում է խորը՝ մինչև վերջ ներթափանցման ժամանակ: Որոշ դիրքերում այն կարող է ավելի ուժեղանալ: Պատճառները ներառում են հետևյալը:
- Որոշ հիվանդություններ և պայմաններ. ցանկում ներառված են էնդոմետրիոզը, փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունը (ՓԿՕԲՀ), արգանդի պրոլապսը, արգանդի թեքումը, արգանդի ֆիբրոդները (միոմա), ցիստիտը, գրգռված աղու համախտանիշը, կոնքի հատակի դիսֆունկցիան, ադենոմիոզիտ, հեմոռոյը և ձվարանների կիստաները:
- Վիրահատություններ կամ այլ բուժումներ. կոնքի խոռոչի վիրահատությունից, այդ թվում՝ հիստերէկտոմիայից (արգանդի հեռացում) առաջացած սպիները կարող են ցավոտ սեռական հարաբերություն առաջացնել: Քաղցկեղի բուժման մեթոդները, ինչպիսիք են ճառագայթումը և քիմիաթերապիան, կարող են առաջացնել փոփոխություններ, որոնք սեռական հարաբերությանը ցավոտ են դարձնում:
Հուզական գործոններ
Հույզերը խորապես փոխկապակցված են սեռական ակտիվության հետ, ուստի դրանք կարող են դեր խաղալ սեռական ցավի մեջ: Հուզական գործոնները ներառում են հետևյալը:
- Հոգեբանական խնդիրներ. անհանգստությունը և տագնապը, դեպրեսիան, ձեր արտաքինի հետ կապված մտահոգությունները, սեռական մտերմության վախը կամ փոխհարաբերությունների հետ կապված խնդիրները կարող են նպաստել սեռական գրգռման՝ լիբիդոյի ցածր մակարդակին և դրանից բխող անհարմարավետությանը կամ ցավին:
- Սթրես. ձեր կոնքի հատակի մկանները հակված են լարվել կամ ձգվել՝ ի պատասխան սթրեսի: Սա կարող է նպաստել սեռական հարաբերության ժամանակ ցավի առաջացմանը:
- Սեռական բռնության ենթարկվելու պատմություն. դիսպարեունիա ունեցող ոչ բոլորն ունեն սեռական բռնության պատմություն, բայց եթե դուք բռնության եք ենթարկվել, բռնի սեռական հարաբերության մասին տհաճ հիշողությունները և ապրումները կարող են դեր խաղալ:
Դժվար է ասել, թե արդյոք հուզական գործոնները կապված են դիսպարեունիայի հետ: Առաջին անգամ ի հայտ եկած ցավը կարող է հանգեցնել ցավի կրկնության նկատմամբ վախի, որը դժվարացնի թուլանալը (այդ թվում՝ հեշտոցի մկանների), իսկ վերջինս պատճառի ավելի ուժեղ ցավ: Որպես հետևանք, դուք սկսում եք խուսափել սեռական կապերից:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-03-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024