Ցավոտ սեռական հարաբերության բժշկական գնահատումը սովորաբար կազմված է հետևյալ միջոցառումներից:
- Մանրակրկիտ հիվանդության պատմություն. ձեր բժիշկը կարող է հարցնել, թե երբ է սկսվել ձեր ցավը, որ մասն է ցավում, ինչպես է այն զգացվում և արդյոք դա առաջանում է յուրաքանչյուր սեռական զուգընկերոջ և յուրաքանչյուր սեռական դիրքի դեպքում: Ձեր բժիշկը նաև կարող է հետաքրքրվել ձեր սեռական պատմության, տարած վիրահատությունների և ծննդաբերության մասին: Մի՛ ամաչեք և հարցերին պատասխանեք հնարավորինս անկեղծ, առավել ևս, որ դրանց պատասխանները կարող են դառնալ ձեր խնդրի ճիշտ պատճառի որոշման բանալին:
- Ընդհանուր և գինեկոլոգիական զննում. արտաքին զննման ընթացքում բժիշկը կարող է ստուգել ձեր սեռական շրջանի մաշկի գրգռվածության, վարակի կամ անատոմիական խնդիրների նշանները: Նա կարող է նաև փորձել գտնել ձեր ցավը՝ մեղմ ճնշում գործադրելով ձեր սեռական օրգանների և շեքի մկանների վրա: Հնարավոր է նաև կատարվի հեշտոցի տեսողական զննում` օգտագործելով հեշտոցային հայելի: Ցավոտ սեռական հարաբերություն ունեցող որոշ կանայք ցավ և անհանգստություն են զգում նաև գինեկոլոգիական ներզննման ժամանակ: Դուք կարող եք խնդրել դադարեցնել քննությունը, եթե այն չափազանց ցավոտ է:
- Այլ հետազոտություններ. եթե ձեր բժիշկը կասկածում է ցավոտ սեռական հարաբերության որոշ պատճառների մասին, կարող է նաև ձեզ խորհուրդ տալ փոքր կոնքի օրգանների գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա), միզասեռական քսուքի միկրոսկոպիա (մանրադիտակային զննում) կամ ցանքս (մանրէաբանական հետազոտություն): Երբեմն կարող է առաջանալ նաև արյան և մեզի թեստի անհրաժեշտություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-03-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024