Այս հոդվածում ձեզ կներկայացվի հարվահանաձև գեղձերի վիրահատական հեռացման վերաբերյալ օգտակար տեղեկատվություն:
Եթե ունեք հարցեր, զրուցեք այդ մասին բժշկի կամ համապատասխան մասնագետների, մասնավորապես՝ էնդոկրին վիրաբույժի հետ:
Ի՞նչ են հարվահանաձև գեղձերը
Հարվահանաձև գեղձերն արտադրում են պարաթիրեոիդ կամ պարատ հորմոն (PTH), որն օգնում է օրգանիզմում կալցիումի հավասարակշռության պահպանմանը:
Մարդկանց մեծ մասն ունի 4 հատ հարվահանաձև գեղձ, որոնք տեղակայված են պարանոցին, սովորաբար՝ վահանաձև գեղձի ետևում: Երբ այս գեղձերից մեկը կամ մի քանիսը դառնում են գերակտիվ, զարգանում է արյան մեջ կալցիումի մակարդակի բարձրացում:
Նման վիճակի ամենահաճախ հանդիպող ախտանիշը ոսկրային ցավերն են:
Որո՞նք են վիրահատության օգուտները
Ձեր գանգատները պետք է թեթևանան կամ վերանան: Միևնույն ժամանակ, կրճատվում է ձեր ոսկրերի, երիկամների կամ սրտի վրա կալցիումի մեծ քանակների վնասաբեր ազդեցությունը:
Ի՞նչ է վիրահատությունը ներառում
Վիրահատությունը սովորաբար անցկացվում է ընդհանուր անզգայացման ներքո, սակայն երբեմն հնարավոր է իրականացնել նաև տեղային ազգայացմամբ:
Պարաթիրեոիդէկտոմիան սովորաբար տևում է մոտ մեկ ժամ: Վիրաբույժը պարանոցի առաջային մակերեսին վերջինիս ծալքերին զուգահեռ կատարում է կտրվածք և մկանախրձերն առանձնացնելով հասնում ու հեռացնում է մեծացած հարվահանաձև գեղձերը:
Պարաթիրեոիդէկտոմիա
Ինչպիսի՞ բարդություններ կարող են առաջանալ
Որոշ բարդություններ կարող են ստանալ ծանր ընթացք և անգամ բերել մահվան:
Որևէ վիրահատության ընդհանուր բարդությունները
- ցավ
- վիրահատական շրջանի (վերքային) վարակ
- մաշկի կոպիտ սպիացում
- արյան մակարդուկներ (թրոմբոզ) ոտքերում
- արյան մակարդուկներ (թրոմբոզ) թոքերում:
Տվյալ վիրահատության առանձնահատուկ բարդությունները
- արյունահոսություն
- ձայնի փոփոխություններ
- շնչառության դժվարացում
- արյան կալցիումի մակարդակի անկում
- վիրահատության խափանում (երբ չի հաջողվում հայտնաբերել հարվահանաձև գեղձերը):
Ինչքա՞ն շուտ կվերականգնվեմ
Դուք ի վիճակի կլինեք տուն վերադառնալ վիրահատությունից 1-2 օր հետո:
Դուք կարող եք վերադառնալ աշխատանքի, երբ բժիշկը համոզվի, որ բավարար լավ եք զգում (սովորաբար 2 շաբաթ անց՝ կախված վիրահատության ծավալից և աշխատանքի բնույթից):
Կանոնավոր վարժանքները կարող են օգնել, որ հնարավորինս շուտ վերադառնաք սովորական գործերին: Մինչև վարժանքներ սկսելը, խորհուրդ հարցրեք բժշկից:
Վիրահատված անձանց մեծ մասը լիարժեք վերականգնվում և անցնում է առօրյա կյանքին:
Վիրահատությամբ չհեռացված նորմալ գեղձը կարող է գերակտիվանալ և տարիներ անց մեկ այլ վիրահատության կարիք ունենաք:
Ամփոփում
Հարվահանաձև գեղձերը կարող են գերակտիվանալ՝ պատճառելով արյան կալցիումի մակարդակի բարձրացում: Ախտահարված գեղձերի հեռացումը երկարատև առողջական խնդիրների կանխարգելման միակ հուսալի մեթոդն է:
Լրացուցիչ տեղեկատվություն
Վիրահատական միջամտությունների մասին
Այցելե՛ք Մեդեքսի վիրահատական միջամտությունների համապատասխան էջերը, որ լրացուցիչ ընդհանուր բնույթի տեղեկություններ ստանաք վիրահատությունների վերաբերյալ, այդ թվում՝
Հոդվածը հրապարակվել է՝ 31-01-2021
Վերջին վերանայում՝ 30-04-2024