Վարդագույն որքին

Վարդագույն որքինը թույլ մաշկային ցան է, որն ունի վարդագույն, թեփոտված կամ բորբոքված (կարմրած) տեսք:
Հիվանդությունը բավականին տարածված է և ունի թեթև ընթացք: Ավելի հաճախ տարածված է երիտասարդ չափահասների շրջանում:
Ցանը սովորաբար շարունակվում է 1-3 ամիս, որից հետո անհետանում է՝ իրենից հետո չթողնելով որևէ կայուն հետք կամ նշան: Սակայն թուխ մաշկով մարդիկ կարող են նշել, որ ցանի անհետացումից հետո մնացել են շագանակագույն բծեր, որոնք կարող են շարունակվել բավականին երկար:
Վերանալուց հետո ցանը սովորաբար այլևս չի կրկնվում:
Վարդագույն որքինի ախտանիշները
Առաջին նշանը սովորաբար ձեր կրծքի, որովայնի կամ թիկունքի շրջանում կլորավուն կամ ձվաձև վարդագույն բիծն է: Բիծը սովորաբար վարդագույն է կամ թուխ գունավորման:
Հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում ավելի փոքր վարդագույն կամ թխագույն բծեր հայտնվում են ձեր թիկունքի, պարանոցի, ձեռքերի կամ ոտքերի վրա:
Հիվանդությունն ընթանում է ցանավորման ոչ մեծ բռնկումների ձևով:
Դուք կարող եք նաև զգալ՝
- ընդհանուր հոգնածություն
- ցավեր կամ ծակոցներ
- քոր, երբեմն՝ ուժեղ:
Վարդագույն որքինն ունի սեզոնայնություն և հաճախ ի հայտ է գալիս գարնան կամ աշնան ամիսներին:
Ի՞նչն է վարդագույն որքինի պատճառը
Վարդագույն որքինի պատճառն անհայտ է, սակայն կարծիք կա, որ կարող է ունենալ վիրուսային (հերպեսի վիրուսի որոշ շտամներ, որոնք կապված չեն հասարակ հերպեսի հետ) կամ բակտերիալ ծագում: Այն հավանաբար վարակիչ չէ:
Որոշ մարդկանց մոտ մինչև ցանավորումը կարող են ի հայտ գալ ընդհանուր մրսածության, ըմպանաբորբի կամ ջերմության բարձրացման երևույթներ:
Վարդագույն որքինի ախտորոշումը և բուժումը
Բժիշկ-մաշկաբանները սովորաբար վարդագույն որքինի ցանն ախտորոշում են զուտ արտաքին զննման (դիտելու) հիման վրա: Հազվադեպ, հատկապես մաշկային այլ հիվանդությունները բացառելու համար նրանք կարող են առաջարկել մաշկի քերուկի կամ եզակի դեպքերում՝ արյան հետազոտություն:
Շատ հաճախ վարդագույն որքինի բուժումը սահմանափակվում է մաշկը «հարթացնելու» և քորը մեղմացնելու միջոցներով: Բժիշկ-մաշկաբանը կարող է նշանակել կամ խորհուրդ տալ՝
- կորտիկոստերոիդային կրեմ կամ քսուք, որը նաև կարող է մեղմացնել կարմրությունը
- հակահիստամինային դեղեր
- սառը լոգանք՝ վարսակի ալյուրով կամ առանց դրա
- սառը կոմպրեսներ
- ցանի վրա կալամինի լոսյոնի ցանում (սա պարունակում է ցինկի օքսիդ և 0,5% երկաթի օքսիդի խառնուրդ և ունի հակագրգռիչ և հակաքորային ազդեցություն):
Ցանի կրկնությունը խիստ անսովոր է:
Բնական կամ արհեստական արևի ճառագայթները կարող են օգնել ցանի անհետացմանը, սակայն որոշ մարդկանց մոտ կարող են առաջացնել տևական մգացած բծեր:
Եթե ձեզ մոտ հղիության ընթացքում առաջացել է վարդագույն որքին, ապա տեղեկացրեք այդ մասին ձեր բժշկին, քանի որ խիստ հազվադեպ այն կարող է ընթանալ բարդություններով:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021