Որոշ երեխաների մոտ վաղաժամ սեռական հասունացման պատճառները հասկանալու համար օգտակար է իմանալ, թե ինչ է տեղի ունենում կյանքի այս փուլում:
Սեռահասունացումը սկսվում է գլխուղեղում մեկնարկված գործընթացով, երբ ենթատեսաթմբում (հիպոթալամուս) արտադրվում է գոնադոտրոպին ազատող հորմոն (GnRH) կոչվող հորմոն:
Երբ այս հորմոնը հասնում և խթանում է ենթատեսաթմբից քիչ ներքև՝ գլխուղեղի հիմքում գտնվող փոքրիկ, լոբաձև գեղձը, որը կոչվում է մակուղեղ (հիպոֆիզ), վերջինս արտադրում է գոնադոտրոպին և այլ հորմոններ, որոնք հանգեցնում են աղջիկների ձվարանների մեջ էստրոգենի, իսկ տղաների ամորձիներում՝ տեստոստերոնի ավելացմանը: Ի վերջո, էստրոգենը ձևավորում է կանացի (իգական), իսկ տեստոստերոնը՝ տղամարդու (արական) սեռական հատկանիշներ:
Տարբերում են վաղաժամ սեռահասունության երկու տեսակ՝ կենտրոնական և ծայրամասային (պերիֆերիկ):
Կենտրոնական վաղաժամ սեռահասունացում
Այս տեսակի վաղաժամ սեռահասունացման պատճառը հաճախ հայտնի չէ:
Կենտրոնական վաղաժամ սեռահասունացման դեպքում սեռական հասունացումը շատ շուտ է սկսվում, սակայն զարգանում է սովորականի պես: Այս վիճակն ունեցող երեխաների մեծամասնության համար վաղ սեռահասունացման հիմքում ընկած որևէ առողջական խնդիր կամ այլ հայտնի պատճառ չկա:
Հազվադեպ, հետևյալ խնդիրները կարող են առաջացնել կենտրոնական վաղաժամ սեռահասունացում:
- Ուռուցք գլխուղեղում կամ ողնուղեղում
- Գլխուղեղի փոփոխություն, որն առկա է ի ծնե (բնածին): Սա կարող է լինել հեղուկի կուտակում, որը հայտնի է որպես հիդրոցեֆալիա կամ ուռուցք, որը քաղցկեղ չէ և հայտնի է որպես համարտոմա:
- Գլխուղեղի կամ ողնուղեղի ճառագայթում:
- Գլխուղեղի կամ ողնուղեղի վնասվածք (տրավմա):
- Հազվադեպ հանդիպող գենետիկ (ժառանգական) հիվանդություն, որն ազդում է ոսկորների և մաշկի գույնի վրա և առաջացնում հորմոնային խնդիրներ։ Այս վիճակը կոչվում է ՄակՔյուն-Օլբրայթի համախտանիշ:
- Գենետիկ (ժառանգական) խնդիրների մի խումբ, որը կոչվում է բնածին մակերիկամային գերաճ (ադրենալ հիպերպլազիա): Այս խանգարման պատճառով մակերիկամները սկսում են արտադրել ոչ սովորական (ատիպիկ) հորմոններ:
- Հիպոթիրեոզ կոչվող վիճակ, երբ վահանաձև գեղձը չի արտադրում բավարար քանակությամբ թիրեոիդ հորմոններ, ինչպիսին է թիրոքսինը (T4):
Ծայրամասային (պերիֆերիկ) վաղաժամ սեռահասունացում
Այս տեսակի վաղաժամ սեռահասունացման պատճառը Էստրոգենի կամ տեստոստերոնի վաղաժամ արտադրությունն է:
Ծայրամասային վաղաժամ սեռահասունացման դեպքում գլխուղեղի հորմոնը (GNRH), որը սովորաբար մեկնարկում է սեռահասունացումը, չի մասնակցում այս գործընթացին: Դրա փոխարեն, պատճառն էստրոգենի կամ տեստոստերոնի ազատումն է: Աղջիկների մոտ՝ ձվարանների, տղաների մոտ՝ ամորձիների, և աղջիկների ու տղաների մոտ՝ մակերիկամների կամ մակուղեղի (հիպոֆիզի) հետ կապված խնդիրները կարող են առաջացնել վերոնշյալ հորմոնների ներզատում դեպի արյան հուն (աղջիկների մոտ՝ էստրոգենի և տղաների մոտ՝ տեստոստերոնի):
Հետևյալ խնդիրները կարող են հանգեցնել ծայրամասային վաղաժամ սեռահասունացման:
- Ուռուցք մակերիկամներում կամ մակուղեղում (հիպոֆիզ), որոնք արտադրում են էստրոգեն կամ տեստոստերոն։
- Հազվադեպ հանդիպող գենետիկ (ժառանգական) հիվանդություն, որն ազդում է ոսկորների և մաշկի գույնի վրա և առաջացնում հորմոնային խնդիրներ։ Այս վիճակը կոչվում է ՄակՔյուն-Օլբրայթի համախտանիշ:
- Էստրոգեն կամ տեստոստերոն պարունակող նրբաքսուքների (կրեմների) կամ քսուքների ազդեցության ենթարկվելը:
Աղջիկների մոտ ծայրամասային վաղաժամ սեռահասունացումը նաև կարող է կապված լինել հետևյալ վիճակների հետ՝
- ձվարանային կիստաներ
- ձվարանային ուռուցքներ:
Տղաների մոտ ծայրամասային վաղաժամ սեռահասունացումը նաև կարող է կապված լինել հետևյալ վիճակների հետ՝
- Ուռուցք սերմնահեղուկ կամ տեստոստերոն արտադրող բջիջներում։
- Հազվադեպ հանդիպող գենետիկ (ժառանգական) խանգարում, որը կոչվում է գոնադոտրոպին-անկախ ընտանեկան վաղաժամ սեռահասունացում: Սա կարող է պատճառ դառնալ, որ տղաները, սովորաբար 1-ից 4 տարեկանում, սկսեն տեստոստերոն շատ վաղ արտադրել:
Ռիսկի գործոններ
Վաղաժամ սեռահասունացման ռիսկի գործոնները ներառում են հետևյալը:
- Աղջիկ լինելը. աղջիկների շրջանում վաղաժամ սեռահասունացումն ավելի հավանական է, քան տղաների մոտ:
- Գեր լինելը. ավելորդ քաշ կրելը մեծացնում է վաղաժամ սեռհասունացման ռիսկը։
Հոդվածը հրապարակվել է՝ 06-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024