Վաղաժամ սեռական հասունացման ախտորոշումը ներառում է մի շարք հարցերի պարզաբանում:
Մասնավորապես, վաղաժամ սեռհասունացումն ախտորոշելիս երեխայի բժիշկը՝
- գնահատում է երեխայի և ընտանիքի հիվանդության պատմությունները (անամնեզ)
- անցկացնում է ֆիզիկական քննություն (բուժզննում)
- նշանակում է հորմոնների մակարդակների որոշման արյան թեստեր:
Երեխաների ձեռքերի և դաստակների ռենտգեն հետազոտությունը նույնպես կարող է օգնել վաղաժամ սեռահասունացման ախտորոշմանը, քանի որ կարող է ցույց տալ, թե արդյոք նրանց ոսկորները շատ արագ են աճում:
Վաղաժամ սեռահասունացման տեսակի հայտնաբերումը
Գոնադոտրոպին ազատող հորմոնի (GnRH) խթանման թեստը օգնում է բացահայտել վաղաժամ սեռահասունացման տեսակը:
Այս թեստի համար նախ կատարվում է արյան նմուշառում, այնուհետև երեխային ներարկում են GnRH հորմոն: Որոշակի ժամանակահատվածում անցկացված մի շարք արյան թեստերը ցույց են տալիս, թե ժամանակի ընթացքում ինչպես են երեխայի օրգանիզմի հորմոններն արձագանքում GnRH-ի ներարկմանը:
Կենտրոնական վաղաժամ սեռահասունացման դեպքում GnRH հորմոնն առաջացնում է այլ հորմոնների մակարդակների բարձրացում: Հակառակը, ծայրամասային (պերիֆերիկ) վաղաժամ սեռահասունացման դեպքում այդ հորմոնների մակարդակները մնում են գրեթե անփոփոխ։
Կենտրոնական վաղաժամ սեռահասունացման այլ հետազոտություններ
- Գլխուղեղի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ). այս պատկերային հետազոտությունը կարող է ցույց տալ, թե արդյոք այն երեխաները, ովքեր ունեն կենտրոնական վաղ սեռահասունացում, ունեն գլխուղեղի հետ կապված խնդիրներ, որոնք առաջացնում են սեռական հասունացման վաղ սկիզբը:
- Վահանաձև գեղձի հորմնային թեստեր. այս լաբորատոր թեստերը կարող են ցույց տալ, թե արդյոք վահանաձև գեղձը բավարար քանակությամբ վահանաձև գեղձի հորմոն չի արտադրում, որը կոչվում է հիպոթիրեոզ (թերակտիվ վահանաձև գեղձ): Թեստը կարող է նշանակվել այն երեխաներին, ովքեր ունեն հիպոթիրեոզի ախտանիշներ, ինչպիսիք են հոգնածությունը, ցրտի նկատմամբ գերարձագանքը, դպրոցում վատ սովորելը կամ գունատ, չոր մաշկ ունենալը:
Ծայրամասային վաղաժամ սեռահասունացման այլ հետազոտություններ
Ծայրամասային վաղաժամ սեռահասունություն ունեցող երեխաներին անհրաժեշտ են ավելի շատ հետազոտություններ՝ իրենց վիճակի պատճառը պարզելու համար: Սա կարող է ներառել ավելի շատ արյան թեստեր՝ հորմոնների մակարդակը ստուգելու համար, կամ աղջիկների դեպքում՝ գերձայնային հետազոտություն՝ ձվարանների կիստա կամ ուռուցք հայտնաբերելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024