Բուժման առաջնային նպատակն այն է, որ երեխաները հասնեն չափահասներին բնորոշ հասակին:
Վաղաժամ սեռական հասունացման բուժումը կախված է պատճառից: Այնուամենայնիվ, երբ որևէ հիմնավոր պատճառ չի գտնվում, բուժումը կարող է անհրաժեշտ չլինել՝ կախված երեխայի տարիքից և սեռահասունացման ընթացքի արագությունից: Բժիշկը նաև կարող է առաջարկել, որ երեխան մի քանի ամիս գտնվի դիտարկման և հսկողության ներքո։
Կենտրոնական վաղաժամ սեռահասունացման բուժումը
Այս դեպքում սովորաբար նշանակվում է դեղամիջոց, որը կոչվում է GnRH անալոգային թերապիա։ Բուժումը հետաձգում է սեռահասունացման հետագա զարգացումը: Դա կարող է լինել այնպիսի դեղամիջոցների ամենամսյա ներարկումներ, ինչպիսիք են Լեյպրոլիդ ացետատը (Լուպրոն Դեպոտ) կամ Տրիպտորելինը (Տրելստար, Տրիպտոդուր Կիտ): Որոշ ավելի նոր դեղամիջոցներ կարող են տրվել ավելի երկար ժամանակային միջակայքերով:
Երեխաները շարունակում են ստանալ այս դեղամիջոցը մինչև սեռհասունացման սովորական տարիքին հասնելը: Բուժման դադարեցումից հետո նորից սկսվում է սեռահասունացումը։
Կենտրոնական վաղաժամ սեռական հասունացման բուժման մեկ այլ տարբերակ է Հիստրելինի իմպլանտը, որի ազդեցությունը տևում է մինչև մեկ տարի: Այս բուժումը չի ներառում ամսական ներարկումներ և իրականացվում է թևի մաշկի տակ դեղորայքային իմպլանտի տեղադրման փոքր վիրահատական միջամտությամբ: Մեկ տարի անց իմպլանտը հեռացվում է։ Անհրաժեշտության դեպքում կարող է տեղադրվել նոր իմպլանտ:
Պատճառային հիվանդության բուժումը
Եթե վաղաժամ սեռահասունացումը մեկ այլ առողջական խնդրի հետևանք է, սեռահասունացման դադարեցումը կամ հետաձգումը պահանջում է այդ վիճակի բուժում: Օրինակ, եթե առկա է ուռուցք, որն արտադրում է վաղաժամ սեռահասունացում առաջացնող հորմոններ, այդ ուռուցքը հեռացնելուց հետո սեռական հասունացումը սովորաբար դադարում է:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024