Ինքնօգնության այս խորհուրդները կարող են օգնել, որ հանգստացնեք ձեր մաշկը և կանխեք ռոզացեայի սրացումները (բռնկումները):
- Բացահայտեք և խուսափեք այն բաներից, որոնք վատթարացնում են ձեր ախտանիշները. ուշադրություն դարձրեք, թե ինչն է հակված ձեզ մոտ սրացումներ առաջացնելու և խուսափեք դրանցից:
- Պաշտպանեք ձեր դեմքը. օգտագործեք լայն սպեկտրի արևապաշտպան նրբաքսուք (կրեմ) կամ խոնավացնող միջոց, որոնք ունենք առնվազն 30 SPF, նույնիսկ ամպամած օրերին: Առատորեն օծեք ձեր դեմքն այս նրբաքսուքով և կրկնեք յուրաքանչյուր երկու ժամը մեկ կամ ավելի հաճախ, եթե լողում եք կամ քրտնած եք: Ռոզացեա ունեցող մարդիկ կարող են օգուտ քաղել՝ ընտրելով արևապաշտպան նրբաքսուքներ, որոնք պարունակում են տիտանի երկօքսիդ, ցինկ կամ երկուսն էլ: Դրանք կոչվում են հանքային հիմքով արևապաշտպան կամ ֆիզիկական արևապաշտպան քսուքներ: Օրինակներից են՝ Eucerin Sensitive Mineral Zinc Oxide Protection, La Roche-Posay Tinted Mineral և այլն: Կամ փնտրեք սիլիկոն պարունակող արտադրանքներ, ինչպիսիք են Դիմեթիկոնը կամ Ցիկլոմետիկոնը: Կիրառեք արևապաշտպան նրբաքսուք դեմքի համար որևէ դեղամիջոց կիրառելուց հետո և դիմահարդարումից առաջ: Ձեռնարկեք նաև ձեր դեմքը պաշտպանելու այլ միջոցներ, օրինակ՝ կրեք լայնեզր գլխարկ և խուսափեք կեսօրվա արևից, իսկ ցուրտ կամ քամոտ եղանակին կրեք շարֆ կամ դահուկային դիմակ:
Խնամքով վերաբերվեք ձեր մաշկին. շատ մի՛ շփեք ձեր դեմքի մաշկը կամ անտեղի մի՛ դիպչեք ձեր դեմքին: Օրական երկու անգամ օգտագործեք ոչ օճառային մաքրող միջոց և խոնավացրեք ձեր մաշկը: Որոշ դեմքի նրբաքսուքներ (կրեմ) կարող են օգնել կարմրության նվազեցմանը: Դեմքի համար պատրաստված արտադրանքները, որոնք պարունակում են Ազելաթթու, Դիկարբոքսիլ կամ Նիացինամիդ, կարող են նպաստել ռոզացեայի ախտանիշների դրսևորմանը: Ընտրեք առանց բույրերի ապրանքատեսակներ և խուսափեք մաշկի գրգռող միջոցներից, ինչպիսիք են ալկոհոլը, կամֆորան, միզանյութը և մենթոլը:
- Քողարկեք դեմքի ախտանիշները դիմահարդարմամբ. դիմահարդարման որոշ միջոցներ կարող են օգնել ռոզացեային բնորոշ դեմքի կարմրության քողարկմանը: Օրինակ, կանաչ երանգով դիմահարդարումը կարող է օգնել, որ թաքցնեք կարմիր գույնը: Խուսափեք ալկոհոլի վրա հիմնված գելերից և ջրիկ լոսյոններից:
Այլընտրանքային բժշկություն
Դեմքի մեղմ ամենօրյա մերսումը կարող է օգնել ռոզացեայի ախտանիշների մեղմացմանը: Օգտագործելով ձեր մատները, մերսեք ձեր մաշկը՝ «գծելով» փոքր շրջանակներ՝ սկսած դեմքի կենտրոնից և շարունակելով մինչև ականջները: Շարունակեք մերսումը մի քանի րոպե:
Եթե կարծում եք, որ սթրեսը վատթարացնում է ձեր ախտանիշները, փորձեք սթրեսի կառավարման մեթոդներ: Օրինակներից են խորը շնչառությունը և մեդիտացիան:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024