Եթե սովորական տնային միջոցներով ձեր ախտանիշները չեն բարելավվում, խոսեք բժշկի հետ դեղորայքային գել կամ նրբաքսուք (կրեմ) օգտագործելու մասին:
Այս տեսակի դեղամիջոցները կարող են օգնել ախտանիշների թեթևացմանը: Ավելի ծանր ռոզացեայի դեպքում ձեզ կարող են անհրաժեշտ լինել դեղահաբերի ընդունում: Լազերային թերապիան կարող է օգնել դեմքի արյունալեցումը, կարմրությունը և լայնացած անոթացանցը մեղմացնելու համար:
Այն, թե որքան երկար պետք է շարունակել բուժումը, կախված է ձեր ռոզացեայի տեսակից և ախտանիշների ծանրության աստիճանից: Նույնիսկ եթե բուժման ընթացքում ձեր մաշկի տեսքը բարելավվում է, ախտանիշները հաճախ վերադառնում են:
Դեղորայքային բուժում
Մի քանի դեղամիջոցներ կարող են օգնել ռոզացեայի ախտանիշների վերահսկմանը: Ձեզ նշանակված դեղամիջոցի տեսակը կախված է ձեր ախտանիշներից: Օրինակ՝ որոշ դեղամիջոցներ կամ թերապիաներ ավելի լավ են ազդում արյունալեցման և կարմրության դեպքում, իսկ մյուսները՝ բշտիկների և թարախաբշտիկների դեպքում: Հնարավոր է, որ անհրաժեշտ լինի փորձել մեկ կամ մի քանի դեղամիջոց՝ ձեզ համար արդյունավետ բուժում գտնելու համար:
Ռոզացեայի դեղամիջոցները ներառում են հետևյալը:
- Տեղային օգտագործման (մաշկային) գելեր կամ այլ միջոցներ. թեթևից մինչև չափավոր արյունալեցմամբ և կարմրությամբ ռոզացեայի դեպքում կարող եք փորձել բուժիչ նրբաքսուք (կրեմ) կամ գել, որը պետք է քսել անմիջապես ախտահարված մաշկի վրա: Օրինակներից են Բրիմոնիդինը (Միրվասո) և Օքսիմետազոլինը (Ռոֆադե), որոնք մեղմացնում են կարմրությունը՝ նեղացնելով արյունատար անոթները: Արդյունքները կարող են դրսևորվել օգտագործելուց հետո 12 ժամվա ընթացքում: Այնուամենայնիվ, արյունատար անոթների վրա այս դեղամիջոցների ազդեցությունը ժամանակավոր է, իսկ չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել կարմրության սաստկացման: Ուստի, ամեն օր օգտագործելու փոխարեն, այս միջոցներին կարող եք դիմել միայն կարևոր հանդիպումներից կամ իրադարձություններից առաջ: Այլ տեղային օգտագործման արտադրանքներն օգնում են ռոզացեայի թեթև բշտիկների վերացմանը: Օրինակներից են Ազելաթթուն (Ազալեքս, Ֆինացեա), Մետրոնիդազոլը (Մետրոգել, Նորիտատ և այլն) և Իվերմեկտինը (Սոոլանտրա): Ազելաթթվի և Մետրոնիդազոլի դեպքում բուժման արդյունքները կարող են հետաձգվել մինչև 2-6 շաբաթ: Իվերմեկտինի բուժական ազդեցությունը կարող է նույնիսկ ավելի երկար տևել: Սակայն, արդյունքները հակված են ավելի երկար շարունակվել, քան Մետրոնիդազոլի դեպքում: Երբեմն լավագույն արդյունքներ կարելի է ստանալ այս դեղամիջոցներից երկու կամ ավելի տեսակների համակցությամբ:
- Բերանային (օրալ) ընդունման հակաբիոտիկային դեղամիջոցներ. բշտիկներով և հատկապես թարախաբշտիկներով ընթացող ավելի ծանր ռոզացեայի դեպքում ձեզ կարող են նշանակվել բերանային հակաբիոտիկային հաբեր, ինչպիսին է Դոքսիցիկլինը (Օրացեա և այլն):
- Բերանային (օրալ) ընդունման ակնեի (պզուկների) դեմ դեղամիջոցներ. սուր ռոզացեայի դեպքում, որը չի ենթարկվում այլ դեղամիջոցներին, ձեզ կարող է նշանակվել Իզոտրետինոին (Ամնեստիմ, Կլարավիս և այլն): Սա բերանային ընդունման ակնեի դեմ ուժեղ դեղամիջոց է, որը նաև օգնում է ռոզացեայի բշտիկների վերացմանը: Իզոտրետինոինը չի կարելի ընդունել հղիության ընթացքում, քանի որ կարող է առաջացնել բնածին արատներ:
Լազերային թերապիա
Լազերային թերապիան կարող է օգնել լայնացած անոթացանցի տեսքի բարելավմանը: Այն նաև կարող է մեղմացնել ռոզացեայի առաջացրած դեմքի երկարաժամկետ կարմրությանը: Եվ այս ախտանիշի դեպքում նման բուժումը հաճախ ավելի լավ է ազդում, քան նրբաքսուքը կամ հաբը: Լազերը թիրախավորում է տեսանելի երակները, ուստի այս մեթոդն առավել արդյունավետ է ոչ թուխ, շագանակագույն կամ սև մաշկի համար:
Խոսեք ձեր բժշկի հետ լազերային թերապիայի ռիսկերի և օգուտների մասին: Տարածված կողմնակի ազդեցությունները ներառում են բուժումից հետո մի քանի օրվա ընթացքում զարգացող կարմրությունը, կապտուկները և մեղմ այտուցները: Հազվադեպ կարող են առաջանալ բշտիկներ և սպիացում: Բուժման ընթացքում տեղային սառույցը և մաշկի նուրբ խնամքը կարող են օգնել կողմնակի ազդեցությունների մեղմացմանը կամ կանխարգելմանը: Շագանակագույն կամ սև մաշկի վրա լազերային բուժումը կարող է առաջացնել բուժված մաշկի գույնի երկարաժամկետ կամ մշտական փոփոխություններ:
Բուժման ամբողջական ազդեցությունը կարող է ի հայտ գալ լազերային թերապիայից շաբաթներ անց: Ձեր մաշկի բարելավված տեսքը պահպանելու համար կարող են անհրաժեշտ լինել կրկնակի թերապիաներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024