Կարմրախտի դեմ պատվաստանյութը սովորաբար տրվում է կարմրուկ-խոզուկ-կարմրախտ (ԿԽԿ, MMR) համակցված պատվաստանյութի հետ միասին:
Այսպիսի համակցված պատվաստանյութը նաև կարող է ներառել ջրծաղիկի (վարիցելա) պատվաստանյութը՝ ԿԽԿԾ (MMRV) անվան ներքո: Ընտանեկան բժիշկները խորհուրդ են տալիս երեխաներին ԿԽԿ պատվաստանյութի առաջին դեղաչափը տալ 12-ից 15 ամսականում, իսկ երկրորդը՝ 36 ամիս անց, 4-ից 6 տարեկան հասակում՝ նախքան դպրոց հաճախելը:
ԿԽԿ պատվաստանյութը կանխարգելում է կարմրախտը և անձին պաշտպանում է այս վարակից իր ողջ կյանքի ընթացքում: Պատվաստանյութ ստանալը կարող է կանխել կարմրախտը ապագա հղիության ընթացքում:
Պատվաստանյութ ստացած կամ արդեն իմունիտետ ունեցող կանանցից ծնված երեխաները սովորաբար պաշտպանված են կարմրախտից ծնվելուց հետո առաջին 6-8 ամվա ընթացքում: Եթե երեխան կարմրախտից պաշտպանվելու կարիք ունի մինչև 12 ամսականը, օրինակ՝ արտասահմանյան ճանապարհորդության համար, պատվաստանյութը կարող է տրվել արդեն 6 ամսականում: Սակայն, վաղ պատվաստված երեխաները դեռևս կարիք ունեն պատվաստվելու ավելի ուշ տարիքում:
Որպես համակցված պատվաստանյութ ԿԽԿ-ի տրամադրումը կարող է կանխել կարմրուկից, խոզուկից և կարմրախտից պաշտպանվելու ձգձգումները, ընդ որում՝ ավելի քիչ ներարկումներով: Համակցված պատվաստանյութը նույնքան անվտանգ և արդյունավետ է, որքան այս երեք վարակների դեմ պատվաստանյութերն առանձին վերցրած:
ԿԽԿ պատվաստանյութի և աուտիզմի միջև չկա որևէ հաստատված կապվածություն
Ի հեճուկս տարածված մտահոգություններին կամ կասկածներին, Ամերիկյան մանկաբուժության ակադեմիայի (AAP), Բժշկության ազգային ակադեմիայի (NAM) և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) լայնածավալ զեկույցները եզրակացրել են, որ ԿԽԿ պատվաստանյութի և աուտիզմի միջև գիտականորեն ապացուցված որևէ կապ գոյություն չունի:
Այս կազմակերպությունները մեկնաբանել են, որ աուտիզմը հաճախ հայտնաբերվում է 18-ից 30 ամսական երեխաների մոտ, ինչը մոտավորապես այն ժամանակն է, երբ երեխաներին տրվում է ԿԽԿ առաջին պատվաստանյութը: Սակայն, ժամանակային այս զուգադիպությունը չպետք է շփոթել պատճառահետևանքային կապերի հետ:
Ունե՞ք արդյոք ԿԽԿ պատվաստանյութի կարիքը
Դուք պատվաստման կարիք չունեք, եթե՝
- 12 ամսականից հետո ստացել եք ԿԽԿ պատվաստանյութի երկու դեղաչափերը
- անցել եք արյան թեստեր, որոնք ցույց են տալիս, որ ունեք կարմրուկի, խոզուկի և կարմրախտի նկատմամբ անընկալունակություն (իմունիտետ)
- ծնվել եք մինչև 1957 թվականը, քանի որ մինչև 1957 թվականը ծնված մարդիկ մեծ հավանականությամբ մանկության տարիներին վարակվել են կարմրուկով, խոզուկով և կարմրախտով և ունեն իմունիտետ, սակայն, եթե իմունիտետը հաստատող արյան թեստ չեք անցել, խորհուրդ է տրվում ստանալ ԿԽԿ պատվաստանյութ:
Ստացեք պատվաստանյութ, եթե 12 ամսականից հետո չեք ստացել ԿԽԿ պատվաստանյութի երկու դեղաչափերը կամ չեք անցել կարմրուկի, խոզուկի և կամրախտի նկատմամբ իմունիտետի առկայությունը հաստատող արյան թեստեր:
Իմունիտետի ապահովումը հատկապես կարևոր է, եթե դուք`
- վերարտադրողական տարիքի ոչ հղի կին եք
- հաճախում եք քոլեջ, մասնավոր կամ միջնակարգ դպրոց
- աշխատում եք հիվանդանոցում, բուժհաստատությունում, երեխաների խնամքի կենտրոնում կամ դպրոցում
- նախատեսում եք մեկնել արտասահման:
Պատվաստանյութը խորհուրդ չի տրվում՝
- հղի կանանց կամ այն կանանց, ովքեր նախատեսում են հղիանալ առաջիկա չորս շաբաթվա ընթացքում
- այն անձանց, ովքեր կյանքին սպառնացող ալերգիկ ռեակցիա են ունեցել ժելատինի, Նեոմիցին հակաբիոտիկի կամ ԿԽԿ պատվաստանյութի նախորդ դեղաչափի նկատմամբ:
Եթե ունեք քաղցկեղ, արյան խանգարում կամ մեկ այլ հիվանդություն կամ ընդունում եք դեղամիջոցներ, որոնք ազդում են ձեր իմունային համակարգի վրա, խոսեք ձեր բժշկի հետ նախքան ԿԽԿ պատվաստանյութ ստանալը:
Պատվաստման կողմնակի ազդեցությունները
Մարդկանց մեծամասնությունը պատվաստանյութից որևէ կողմնակի ազդեցություն չի նշում:
Որոշ դեպքերում աննշան կողմնակի ազդեցությունները կարող են ի հայտ գալ պատվաստումից մոտ երկու շաբաթ անց, սակայն սովորաբար ավելի հազվադեպ են առաջանում երկրորդ դեղաչափից հետո: Դրանք կարող են ներառել՝
- ներարկման տեղում ձեռքի ցավ
- ջերմություն
- թեթև ցան կամ ներարկման շրջանի կարմրություն:
Շատ հազվադեպ, կարող են ի հայտ գալ՝
- հոդերի ժամանակավոր ցավ կամ կարկամություն, հատկապես՝ դեռահասների և չափահաս կանանց մոտ, ովքեր նախկինում կարմրախտից պաշտպանված չեն եղել
- այտերի կամ պարանոցի գեղձերի այտուցվածություն
- ցնցումներ, որոնք սովորաբար ուղեկցում են բարձր ջերմությանը
- արյան այն բջիջների ցածր մակարդակ, որոնք օգնում են մակարդմանը (արյան թիթեղիկներ կամ թրոմբոցիտներ), որի հատևանքով կարող է առաջանալ անսովոր արյունահոսություն կամ կապտուկ
- ամբողջ մարմնով տարածվող ցան
- խիստ հազվադեպ՝ ծանր ալերգիկ ռեակցիա:
Ախտորոշվելուց հետո
Եթե ենթարկվել եք վիրուսի ազդեցությանը և հիվանդացել եք կարմրախտով, կարող եք օգնել ձեր ընկերներին, ընտանիքի անդամներին և գործընկերներին՝ տեղեկացնելով նրանց ձեր ախտորոշման մասին: Եթե ձեր երեխան վարակվել է կարմրախտով, տեղեկացրեք նրա դասղեկին կամ մսուր-մանկապարտեզի դաստիարակին:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024