Կարմրախտի գանգատներն ու ախտանիշները հաճախ դժվար է նկատել, հատկապես երեխաների մոտ:
Դրանք սովորաբար ի հայտ են գալիս վիրուսի հետ շփումից երկու-երեք շաբաթ անց: Ախտանիշները սովորաբար տևում են մոտ 1-ից 5 օր և կարող են ներառել՝
- թեթև ջերմություն՝ 38,9 °C (102 F) կամ ավելի ցածր
- գլխացավ
- քթի փակվածություն կամ քթահոսություն (ռինիտ կամ հարբուխ)
- կարմիր, քոր առաջացնող աչքեր (կոնյուկտիվիտ)
- մեծացած, ցավոտ ավշային հանգույցներ ծածրակի տակ, պարանոցի ետևի մասում և ականջների ետևում, որը կարող է պահպանվել մի քանի շաբաթ
- բաց կարմիր կամ վարդագույն ցան, որը սկսվում է դեմքից և արագ տարածվում դեպի իրան, ապա՝ դեպի ձեռքեր ու ոտքեր, և մի քանի օրից նույն նույն հաջորդականությամբ անհետանում, երբեմն՝ թեփոտվելով, սակայն՝ առանց հետք թողնելու
- որոշ դեպքերում՝ փոքր, կարմիր հանգույցիկներ (պապուլա) փափուկ քիմքին (Ֆորչեյմերի նշան)
- հոդերի ցավ, հատկապես երիտասարդ կանանց մոտ:
Ե՞րբ դիմել բժշկին
Կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե կարծում եք, որ դուք կամ ձեր երեխան կարող եք վարակված լինել կարմրախտով կամ եթե նկատում եք այն գանգատները կամ ախտանիշները, որոնք կարող են հուշել կարմրախտի մասին:
Եթե նախատեսում եք հղիանալ, ստուգեք ձեր պատվաստումների գրառումը՝ համոզվելու, որ ստացել եք ձեր կարմրուկ-խոզուկ-կարմրախտի (ԿԽԿ, MMR) պատվաստանյութը: Եթե հղի եք, և ձեզ մոտ կարմրախտ է զարգանում, հատկապես՝ հղիության առաջին եռամսյակում, վիրուսը կարող է առաջացնել զարգացող պտղի մահ կամ լուրջ բնածին արատներ: Հղիության ընթացքում կարմրախտով վարակվելը բնածին խուլության ամենատարածված պատճառն է: Ուստի, ավելի լավ է հղիությունից առաջ պաշտպանված լինել կարմրախտից:
Եթե հղի եք, ամենայն հավանականությամբ, կանցնեք կարմրախտի նկատմամբ իմունիտետի սովորական սքրինինգային թեստ: Սակայն, եթե երբեք չեք ստացել պատվաստանյութ և կարծում եք, որ կարող եք վարակված լինել կարմրախտով, անմիջապես դիմեք ձեր բժշկին: Արյան թեստը կարող է հաստատել, որ դուք արդեն ունեք իմունիտետ այս վարակի դեմ:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024