Սալմոնելա բակտերիան ապրում է մարդու, կենդանիների և թռչունների աղիներում:
Բազմաթիվ մարդիկ սալմոնելայով վարակվում են, երբ oգտագործում են արտաթորանքներով աղտոտված սննդամթերք: Ավելի հաճախ վարակվում են հետևյալ սննդամթերքները (ընդ որում, վարակված սննդամթերքի տեսքը, համն ու հոտը կարող են մնալ անփոփոխ):
- Հում միս, թռչնամիս և ծովամթերք. կղանքային արտաթորանքները կարող են հայտնվել մսի կամ թռչնամսի վրա կենդանիների մորթման գործընթացի ընթացքում: Ծովամթերքը կարող է վարակվել, եթե աճեցվել կամ բուծվել է վարակված ջրում:
- Հում հավկիթներ. թեև ձվի կճեպը հանդիսանում է ախտոտման դեմ հուսալի մեխանիկական պատնեշ, վարակված հավերն ածում են արդեն սալմոնելա պարունակող ձու մինչև կճեպի ձևավորվելը: Հում ձուն կարող է օգտագործվել տնային պայմաններում մայոնեզ և հոլանդական սոուս պատրաստելիս:
- Մրգեր և բանջարեղեններ. որոշ թարմ մթերքներ, հատկապես դրանց ներմուծվող սորտերը կարող են ջրվել կամ լվացվել սալմոնելայով աղտոտված ջրով: Վարակումը նաև կարող է տեղ գտնել խոհանոցում, երբ հում մսի կամ թռչնամսի հյութը (մսաջուր) շփվում է չեփվող սննդի, օրինակ՝ աղցանի հետ:
Սալմոնելա բակտերիան կենսունակ է ապխտած, պահածոյացված, աղի մեջ պահպանվող և սառեցրած մթերքներում։
ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի գործակալությունը զեկուցել է, որ սալմոնելային վարակի որոշ բռնկումներ կապված են եղել վարակված համեմունքների հետ:
Բազմաթիվ սննդամթերքներ կարող են վարակվել, երբ պատրաստվում են զուգարանից օգտվելուց հետո ձեռքերը չլվացած մարդկանց կողմից: Վարակում նաև կարող է տեղի ունենալ, երբ դիպչում եք վարակված ինչ-որ բանի, օրինակ՝ ընտանի կամ տնային կենդանիներին (թռչուններ կամ սողուններ), որից հետո մատերը տանեք բերանը:
Ռիսկի գործոններ
Սալմոնելային վարակի ռիսկը բարձրացնող գործոնները ներառում են այն ամենը, ինչը բերում է սալմոնելա բակտերիայի հետ ավելի սերտ շփման և առողջական խնդիրներ, որոնք թուլացնում են վարակի նկատմամբ ընդհանուր դիմադրողականությունը:
Ազդեցության բարձրացում
- Միջազգային ճանապարհորդություն. սալմոնելային վարակը, այդ թվում տիֆոիդ տենդ առաջացնող տեսակներն ավելի տարածված են անբավարար սանիտարական վերսհսկման մեխանիզմներ գործարկող զարգացող երկներում:
- Ընտանի թռչուն կամ սողուն. որոշ ընտանի կամ տանը պահվող կենդանիներ կարող են հանդիսանալ սալմոնելայի բակտերիաների կրողներ:
Ստամոքսի կամ աղիների հիվանդություններ
Օրգանիզմն ունի սալմոնելային վարակի դեմ պայքարի բազմաթիվ բնական պաշտպանական միջոցներ: Սակայն որոշ առողջական խնդիրներ կամ դեղամիջոցներ կարող են թուլացնել բնական պաշտպանունակությունը:
- Անտացիդներ. ստամոքսի թթվայնության նվազեցումը թույլ է տալիս, որ ավելի շատ սալմոնելա բակտերիաներ գոյատևեն:
- Աղիների բորբոքային հիվանդություն. այս խանգարումը վնասում է աղիների լորձաթաղանթը, որի արդյունքում սալմոնելայի բակտերիաներն ավելի հեշտությամբ են ներթափանցում աղիքի պատի հաստության մեջ:
- Վերջերս հակաբիոտիկների օգտագործում. հակաբիոտիկները կարող են կրճատել աղիների «լավ» բակտերիաների քանակը, որի արդյունքում թուլանում է սալմոնելային վարակի դեմ բնական պայքարի ունակությունը:
Իմունային խնդիրներ
Հետևյալ առողջական խնդիրները կամ դեղամիջոցները կարող են բարձրացնել սալմոնելայի ազդեցության ռիսկը, քանի որ թուլացնում են իմունային համակարգը՝
- ՁԻԱՀ
- մանգաղաբջջային հիվանդություն
- մալարիա
- օրգանների փոխպատվաստումից հետո նշանակվող իմունային համակարգն ընկճող դեղամիջոցներ
- կորտիկոստերոիդներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024