Սալմոնելոզ
Սալմոնելոզը (սալմոնելյոզ կամ սալմոնելային վարակ) գաստրոէնտերիտի տեսակ է, որը հարուցվում է Salmonella բակտերիայով:
Հիվանդությունն առավել հաճախ հանդիպում է երեխաների, տարեցների և այն անձանց շրջանում, ում մոտ ցածր է ստամոքսահյութի թթվայնությունը և օրգանիզմի դիմադրողականությունը (իմունիտետը)։
Որպես սուր աղիքային հիվանդություն, սալմոնելոզը առաջացնում է оրգանիզմի ծանր թունավորում և դրսևորվում ինքնազգացողության վատթարացմամբ և մարմնի ջերմաստիճանի հնարավոր բարձրացմամբ, փորլուծությամբ և փսխումներով:
Սալմոնելային վարակի հիմնական կրողները կենդանիներն են՝ կովերը, խոզերը, ձկները, ոչխարները և թռչունները։ Վարակը մարդուն է փոխանցվում վարակված սննդամթերքի և ջրի միջոցով։ Մարդկանց մոտ սալմոնելայի առաջացրած հիվանդությունը՝ սալմոնելոզը սովորաբար տևում է 2-7 օր:
Ինչպե՞ս կարող եմ վարակվել սալմոնելայով
Հիվանդության հարուցիչը ձեր օրգանիզմ ներթափանցում է բերանի միջոցով: Սալմոնելայով վարակման ամենահաճախ հանդիպող ուղիներն են՝
- վարակված սննդամթերքների կամ ջրի օգտագործում
- վարակված ձեռքերի միջոցով (ձեր կամ մեկ այլ մարդու)
- վարակված մակերեսների միջոցով
- վարակված կենդանիների կղանքով:
Ընդ որում, վարակված սննդամթերքի տեսքը, համն ու հոտը կարող են մնալ անփոփոխ: Սալմոնելա բակտերիան կենսունակ է ապխտած, պահածոյացված, աղի մեջ պահպանվող և սառեցրած մթերքներում։
Սալմոնելայով վարակվելիս դուք պետք է խուսափեք այլ մարդկանց հետ շփվելուց՝ մինչև ձեր փսխումները և փորլուծությունը դադարելուց հետո կանցնի առնվազն 24 ժամ:
Վարակված լինելու դեպքում դուք կարող եք մնալ վարակի աղբյուր այնքան ժամանակ, քանի դեռ ձեր օրգանիզմում առկա են սալմոնելայի բակտերիաները: Այս ընթացքում դուք պետք է առավել խստորեն հետևեք ձեր անձնական հիգիենայի կանոններին: Ծանոթացեք նաև սննդային թունավորմանը:
Սալմոնելոզի ախտանիշները
Հիվանդության նշանները սովորաբար ի հայտ են գալիս վարակվելուց հետո սկսած 6 ժամից մինչև 7 օր անց, թեև ավելի հաճախ այն կարող է ընթանալ «թաքնված»՝ առանց որևէ կլինիկական դրսևորման։ Սալմոնելոզը կարող է դրսևորվել հետևյալ նշաններով՝
- ջերմության կտրուկ բարձրացում
- դող և սարսուռ
- նողկանք և փսխումներ
- փորլուծություն
- ախորժակի անկում
- գլխացավ
- ստամոքսի կծկանքային ցավեր
- կղանքում (աղիքային արտաթորանքներում) արյուն կամ լորձ:
Սալմոնելոզի ախտորոշումը
Դուք պետք է կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե կասկածում եք, որ ունեք աղիքային վարակ, որն ուղեկցվում է ջրազրկման նշաններով կամ առաջացնում է՝
- տենդ
- որովայնի շրջանի սաստիկ ցավեր
- արյունային լուծ:
Առավել ևս, դուք պետք է անհապաղ դիմեք ձեր բժշկին, եթե ջրազրկման և վերոնշյալ մյուս գանգատները զարգացել են ձեր երեխայի մոտ:
Սալմոնելայի ախտորոշումը հաստատվում է կղանքի քննությամբ սալմոնելայի բակտերիաները հայտնաբերելիս (հետազոտության անվանումն է «կղանքի բակ. քննություն»):
Սալմոնելոզի բուժումը
Սալմոնելայի բուժման առաջին քայլը ջրազրկումը կանխելն է կամ արդեն իսկ զարգացած ջրաաղային պակասը լրացնելը առատ ջուր կամ ռեհիդրատացիոն հեղուկներ խմելու միջոցով: Ծանր դեպքերում, երբ անզուսպ փսխումները հեղուկների ընդունումը դարձնում են անհնար, բժիշկը կարող է նշանակել նաև ներերակային կաթիլային հեղուկներ:
Մարդկանց մեծ մասը սովորաբար առանց հակաբիոտիկների մեկ շաբաթվա ընթացքում ինքնուրույն լավանում է: Սակայն մանկահասակ երեխաների և մեծ տարիքով կամ թուլացած իմունիտետով չափահաս մարդկանց բժիշկը կարող է նշանակել որևէ հակաբիոտիկ:
Խուսափեք հակափսխումային կամ հակալուծային դեղեր ընդունելուց, քանի դեռ նման միջոցները չեն նշանակվել ձեր բժշկի կողմից:
Սալմոնելայի կանխարգելումը
Սալմոնելայի կանխարգելման լավագույն ուղիներն են՝
- մթերքներին հպվեք և եփեք անվտանգ եղանակով
- պահպանեք անձնական հիգիենայի կանոնները, մասնավորապես, լվացեք ձեռքերը զուգարանից օգտվելուց հետո, սնունդ պատրաստելուց առաջ և հետո, մանկան տակաշորերը փոխելուց առաջ և հետո, ինչպես նաև կենդանիներին դիպչելուց հետո
- մրգերը, բանջարեղենը, հում միսը (այդ թվում թռչնամիսը) օգտագործելուց առաջ լվացեք հոսող ջրով
- ուշադրություն դարձրեք սննդամթերքի պիտանելիության ժամկետներին
- սննդամթերքը պահպանեք սառնարանում
- մի գնեք սննդամթերք կասկածելի վայրերից, հատկապես տարվա տաք եղանակին
- խուսափեք «բարձր ռիսկային» սննդամթերքներից, օրինակ՝ թերխաշ ձու, ոչ պաստերիզացված կաթ կամ թերմշակված հավի միս:
Սալմոնելային վարակը տարածված է Ասիայում, Խաղաղօվկիանոսային տարածաշրջանում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, ուստի այս տարածաշրջաններ ուղևորվելիս խուսափեք հավանական վարակված սննդատեսակներից՝ աղցաններ և թարմ մրգային ուտեստներ, հում կամ սառեցված ծովամթերք, չմշակված մսեղեն և այլն: Նման տարածաշրջաններում օգտագործեք շշալցված մաքուր ջուր ոչ միայն խմելու, այլև ատամները լվանալու համար: Խուսափեք սառույցով ըմպելիքներից, լվացած կամ կտրտված մրգերից:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021