Կան մի շարք պարզ միջոցներ, որոնք թույլ են տալիս բացառել կամ նվազագույնի հասցնել սալմոնելա բակտերիայի տարածումը կամ փոխանցումն այլ մարդկանց:
Սալմոնելային վարակի կանխարգելման միջոցներն առանձնահատուկ կարևոր են, երբ սնունդ է պատրաստվում կամ խնամք է կազմակերպվում նորածինների, մեծ տարիքով չափահասների և թուլացած իմունային համակարգով մարդկանց համար: Համոզվեք, որ կերակուրները ենթարկվում են լիարժեք ջերմային մշակման, իսկ չօգտագործված սնունդը պահպանվում է սառնարանում կամ սառցարանում:
Լվացեք ձեր ձեռքերը
Պատշաճ կերպով ձեռքերը լվալը կարող է օգնել կանխարգելելու սալմոնելա բակտերիայի փոխանցումը բերան կամ պատրաստվող սննդամթերք: Լվացեք ձեռքերը՝
- զուգարանից օգտվելուց հետո
- մանկան, մեծ տարիքով մարդկանց կամ հիվանդների տակաշորերը կամ տակդիրները փոխելուց հետո
- հում մսին կամ թռչնամսին դիպչելուց հետո
- ընտանի կենդանիների արտաթորանքները մաքրելուց հետո
- երկկենցաղներին կամ թռչուններին դիպչելուց հետո:
Առանձնացրեք տարբեր մթերքները
Խաչաձև վարակումը կանխարգելելու համար՝
- սառնարանում միսը, թռչնամիսը և ծովամթերը պահեք այլ սննդամթերքներից առանձին
- հնարավորության դեպքում ունեցեք երկու առանձին խոհարարական տախտակ՝ մեկը հում մսի և մյուսը մրգերի ու բանջարեղենների համար
- պատրաստի մթերքը երբեք մի դրեք նախկինում հում մսի համար օգտագործված և չլվացած ափսեի մեջ:
Խուսափեք հում հավկիթ ուտելուց
Թխվածքաբլիթի խմորը, տանը պատրաստած պաղպաղակը և գոգլին՝ բոլորն են պարունակում են հում ձու: Եթե ցանկանում եք օգտագործել հում հավկիթներ, համոզվեք, որ դրանք պաստերիզացված են:
Այլ խորհուրդներ
- Ուշադրություն դարձրեք սննդամթերքի պիտանելիության ժամկետին:
- Մի՛ գնեք պատրաստի սննդամթերք կասկածելի վայրերից, հատկապես տարվա շոգ եղանակին:
- Սալմոնելային վարակը տարածված է Ասիայում, Խաղաղօվկիանոսային տարածաշրջանում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, ուստի այս տարածաշրջաններ ուղևորվելիս խուսափեք հավանական վարակված սննդատեսակներից՝ աղցաններ և թարմ մրգային ուտեստներ, հում կամ սառեցված ծովամթերք, չմշակված մսեղեն և այլն: Նման տարածաշրջաններում օգտագործեք շշալցված մաքուր ջուր ոչ միայն խմելու, այլև ատամները լվանալու համար: Խուսափեք սառույցով ըմպելիքներից, լվացած կամ կտրտված մրգերից:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024