Սարկոմա. պատճառներ
03-04-2021
1 րոպե

Դեռ վերջնական պարզ չէ, թե ինչու է սարկոմաների մեծ մասն առաջանում:
Ընդհանուր առմամբ, քաղցկեղը զարգանում է, երբ բջջի ներսում ԴՆԹ-ում կատարվում են փոփոխություններ (մուտացիաներ): ԴՆԹ-ն իր մեջ կրում է բազմաթիվ անհատական գեներ, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է «հրահանգների հավաքածու» և բջջին թելադրում է, թե ինչպիսի գործառույթներ կատարեն, ինչպես աճեն ու կիսվեն (բաժանվեն):
Մուտացիաները կարող են բջիջներին «հրահանգել», որ անկառավարելիորեն աճեն ու կիսվեն և շարունակեն ապրել, երբ նորմալ բջիջները մահանում են։ Երբ սա տեղի է ունենում, կուտակվող ոչ նորմալ բջիջները կազմավորում են ուռուցք: Քաղցկեղային բջիջները կարող են ուռուցքից առանձնանալ և տարածվել մարմնի այլ շրջաններ (մետաստազ):
Ռիսկի գործոններից
Որոշ գործոններ կարող են բարձրացնել սարկոմայի ռիսկը:
- Ժառանգված համախտանիշներ. քաղցկեղի ռիսկը բարձրացնող որոշ համախտանիշներ կարող են ծնողներից փոխանցվել երեխաներին: Սարկոմայի ռիսկը բարձրացնող ախտանիշների օրինակներից են՝ ընտանեկան ռետինոբլաստոմա և 1-ին տիպի նեյրոֆիբրոմատոզ:
- Քաղցկեղի ճառագայթային բուժում. ճառագայթային բուժումը բարձրացնում է ավելի ուշ զարգացող սարկոմայի ռիսկը:
- Քրոնիկ այտուցվածություն (լիմֆոդեմա). լիմֆոդեման այտուց է, որը պատճառվում է ավշային հեղուկի կուտակումից և առաջանում է, երբ ավշային համակարգը խցանված կամ վնասված է: Այն կարող է բարձրացնել սարկոմայի տեսակներից մեկի՝ անգիոսարկոմայի ռիսկը:
- Քիմիական նյութերի ազդեցություն. որոշ քիմիական միացություններ (օրինակ՝ արտադրական քիմիական նյութեր և գյուղատնտեսական քիմիկատներ) կարող են բարձրացնել լյարդի վրա ազդող սարկոմայի ռիսկը:
- Վիրուսների ազդեցություն. «մարդու հերպես վիրուս 8» կոչվող վիրուսը կարող է թուլացած իմունային համակարգով մարդկանց մոտ բարձրացնել սարկոմայի առանձնահատուկ տեսակի՝ Կապոշի սարկոմայի ռիսկը:
Հոդվածը վերանայվել է՝ 03-04-2021