Սարկոմայի ախտորոշման և դրա տարածումը (փուլը) որոշելու համար օգտագործվող հետազոտություններն ու միջամտությունները ներառում են հետևյալը:
- Ֆիզիկական քննություն (բուժզննում). ձեր բժիշկը, ամենայն հավանականությամբ, կկատարի ֆիզիկական քննություն՝ ձեր ախտանիշները ավելի լավ հասկանալու և այլ հուշող նշամներ փնտրելու համար, որոնք կօգնեն ձեր ախտորոշմանը:
- Պատկերային հետազոտություններ. թե որ պատկերային հետազոտություններն են ճիշտ ձեզ համար, կախված կլինի ձեր իրավիճակից: Որոշ հետազոտություններ, ինչպիսիք են ռենտգեն հետազոտությունը, ավելի հարմար են ոսկրային խնդիրներ տեսնելու համար: Այլ հետազոտությունները, ինչպիսին է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ), ավելի լավ են շարակցական հյուսվածքի խնդիրները տեսնելու համար: Պատկերային այլ հետազոտությունները կարող են ներառել գերձայնային հետազոտությունը (սոնոգրաֆիա), համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ), ոսկորների սքանավորումը և պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիան (ՊԷՏ):
- Հյուսվածքային նմուշի հեռացում հետազոտության համար (բիոպսիա). բիոպսիան լաբորատոր հետազոտության համար կասկածելի հյուսվածքի մի կտոր հեռացնելու ընթացակարգ է: Բարդ լաբորատոր թեստերը կարող են որոշել, թե արդյոք բջիջները քաղցկեղային են և ինչպիսի քաղցկեղ են դրանք ներկայացնում: Հետազոտությունները նաև կարող են բացահայտել տեղեկատվություն, որն օգտակար է լավագույն բուժումը ընտրելու համար: Թե ինչպես կվերցվի բիոպսիայի նմուշը, կախված է ձեր կոնկրետ իրավիճակից: Այն կարելի է վերցնել մաշկով անցած ասեղով կամ հատել-հեռացնել վիրահատության ընթացքում: Երբեմն բիոպսիան կատարվում է քաղցկեղի հեռացման վիրահատության հետ միաժամանակ:
Երբ ձեր բժիշկը որոշի, որ դուք սարկոմա ունեք, կարող է ձեզ խորհուրդ տալ լրացուցիչ հետազոտություններ՝ քաղցկեղի տարածման նշանները գտնելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-04-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024