Քոսի ախտանիշները ներառում են հետևյալը:
- Մաշկի քոր, հաճախ՝ ուժեղ, որը սովորաբար ավելի է սաստկանում երեկոյան և գիշերը:
- Բարակ, ալիքաձև թունելներ (քոսային ուղի), որոնք կազմված են մաշկի վրա գտնվող զույգ-զույգ դասավորված փոքրիկ բշտիկներից կամ հանգույցիկներից: Քոսի այս դասական մաշկային պատկերը հաճախ աղավաղվում է քորելուց առաջացած ճանկռվածքներով և մաշկային բարդություններով:
Քոսը հաճախ հանդիպում է մաշկային ծալքերում: Սակայն քոսը կարող է հայտնվել մարմնի բազմաթիվ շրջաններում: Չափահասների և ավելի մեծ երեխաների մոտ քոսը առավել հաճախ հայտնաբերվում է հետևյալ տեղամասերում՝
- ձեռերի և ոտքերի մատների միջև
- թևատակերում
- դաստակի մոտ
- դաստակների ներսի երկայնքով
- արմնկածալքերում
- ոտքնաթաթերի ներբանների վրա
- կրծքավանդակի վրա
- պտուկների շուրջը
- պորտի շուրջ
- սեռական օրգանների շուրջը
- աճուկների շրջանում
- հետույքի վրա:
Նորածինների և մանկահասակ երեխաների մոտ քոսի տարածված վայրերը սովորաբար ներառում են՝
- ձեռքերի մատներ
- դեմք, գլխամաշկ և պարանոց
- ձեռքերի ափեր
- ոտնաթաթերի ներբաններ:
Եթե նախկինում ունեցել եք քոս, ախտանշանները կարող են սկսվել վարակվելուց մի քանի օրվա ընթացքում: Եթե երբեք չեք ունեցել քոս, վարակվելուց հետո կարող է տևել մինչև վեց շաբաթ, մինչև ախտանիշներն ի հայտ գան: Դուք դեռ կարող եք քոս տարածել, նույնիսկ եթե դեռ որևէ ախտանիշ չունեք:
Ե՞րբ դիմել բժշկին
Խոսեք ձեր բժշկի հետ, եթե ունեք քոսի որևէ ախտանիշ:
Բազմաթիվ մաշկային հիվանդություններ, ինչպիսիք են մաշկաբորբը (դերմատիտը) կամ էկզեման, նույնպես կարող են առաջացնել մաշկի քոր և փոքր բշտիկներ: Ձեր բժիշկը կարող է գտնել ձեր ախտանիշների ճշգրիտ պատճառը, որ դուք ստանաք ճիշտ բուժում: Հակահիստամինները կամ դեղատոմս չպահանջող լոսյոնները կարող են թեթևացնել քորը: Սակայն դրանք ձեզ չեն ազատի տիզերից կամ դրանց ձվիկներից:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024