Առողջական խնդիրներ

Քոս

Քոս

Time Read 3 րոպե

Քոսը մաշկի մակաբուծային հիվանդություն է, որի առաջացման պատճառը քոսի տիզն է։

Քոսի տիզը փոքր՝ աչքի համար անտեսանելի մեծության մակաբույծ է, որը «խրվում է» վերնամաշկի մեջ՝ առաջացնելով ուժեղ քոր և երբեմն՝ նաև ցանավորում։

Քոսը խիստ վարակիչ է մի անձից մյուսին կարող է փոխանցվել մաշկային սերտ շփման միջոցով։ Վարակումը կարող է տեղի ունենալ նաև համատեղ օգտագործվող հագուստի, սրբիչների և անկողնային պարագաների միջոցով (սպիտակեղեն և այլն)։ Ցանկացած մարդ կարող է վարակվել քոսով՝ անկախ տարիքից, սեռից և անձնական հիգիենայի պահպանման մակարդակից։

Քոսի տիզը սովորաբար փորում է մաշկը և իր ձվերը տեղադրում է այն մաշկի մեջ, որն ավելի փափուկ և պաշտպանված է։ Հավանաբար դա է պատճառը, որ քոսի տիզն ավելի հաճախ «բնակվում է» ձեռքերի դաստակի, մատների միջև ընկած տարածության, թևատակի և արմունկի մաշկային ծալքերի, աճուկների և շեքի մաշկի վրա։

Քոսը հեշտությամբ բուժվում է՝ նախապես մաշկը նուրբ լվանալով, չորացնելով, որից հետո քսելով Պերմեթրինի կրեմ լոսյոն։ Կարևոր է, որ հետևեք դեղի ներդիրում նշված հրահանգներին։

Ինքնօգնություն

Կան տարբեր մեթոդներ, որոնք քոսը բուժելու ընթացքում կօգնեն ձեզ, որ ավելի հեշտ ազատվեք այս մակաբույծից։

Ահա դրանցից մի քանիսը

  • Պերմեթրինով պետք է օծել ողջ մարմինը, ուստի դուք կարող եք զգալ օգնականի կարիք, որ ապահովեք մարմնի այն մասերի բուժումը, որոնք ձեզ համար դժվար հասանելի են։
  • Մեծ տարիքով մարդկանց, նորածինների, հղի կանանց և զգայուն մաշկ ունեցող անձանց բուժումները կարող են տարբերվել։ Զրուցեք այս մասին ձեր բժշկի հետ։
  • Բուժական լոսյոնն ավելի լավ է ներծծվում մաշկի մեջ, եթե օգտագործվում է ցնցուղ ընդունելուց և մարմինը սրբիչով նուրբ չորացնելուց հետո։
  • Քորը կարող է սաստկանալ գիշերային ժամերին խիստ տաք ցնցուղից կամ լոգանքից հետո, ուստի փորձեք օգտվել գոլ ջրից։
  • Քորը կարող է պահպանվել բուժումից 4-6 շաբաթվա ընթացքում, որը հաճախ տիզի նկատմամբ մաշկային ալերգիկ ռեակցիայի արդյունք է։ Եթե այս ժամանակաշրջանից հետո քորը չի վերանում, դիմեք ձեր բժշկին (չի բացառվում, որ դուք կրկին վարակվել եք կամ բուժումն արդյունավետ չի եղել և անհրաժեշտ է կրկնակի բուժում)։

Ինչպե՞ս կանխարգելել քոսի տարածումը

Ձեզ են ներկայացվում որոշ քայլեր, որոնք կօգնեն, որ կանխարգելեք քոսի տարածումը և այլ մարդկանց վարակելը։

  • Փորձեք չքորել մաշկը, այլապես դուք կնպաստեք մակաբույծի տարածմանը դեպի մարմնի այլ շրջաններ, որն իր հերթին կստեղծի քոր առաջացնող նոր «օջախներ»։
  • Քոսի տիզը կարող է գոյատևել մարդու մարմնից դուրս մինչև 1 օրվա ընթացքում, ուստի հնարավոր է, որ դուք քոսով վարակվեք սպիտակեղենի կամ հագուստի միջոցով։ Միշտ պահպանեք անձնական հիգինան և ձեր սպիտակեղենը և հագուստը պահեք մաքուր վիճակում։
  • Խուսափեք անձնական իրերի համատեղ օգտագործումից (սրբիչներ, սպիտակեղեն կամ հագուստ), քանի դեռ քոսը չի վերացել։
  • Եթե ձեզ մոտ առաջացել է քոս, ապա կարևոր է, որ ձեր տան բոլոր անդամները, հատկապես՝ սեռական զուգընկերները ձեզ հետ միասին բուժվեն։
  • Ցանկալի է մնալ տանը և չհաճախել դպրոց, աշխատավայր կամ այլ տեղեր, քանի դեռ ձեր բուժումից չի անցել առնվազն 24 ժամ։

Հոդվածը տեղադրվել է՝ 04-05-2019 վերանայվել է՝ 01-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: