Շիզոաֆեկտիվ խանգարման ախտանիշները կարող են տարբերվել անձից անձ։
Այս խանգարմամբ մարդիկ դրսևորում են փսիխոտիկ ախտանիշներ, ինչպիսիք են ցնորքները կամ զառանցանքները, ինչպես նաև տրամադրության խանգարման ախտանիշներ՝ բիպոլյար տեսակի (մանիայի և երբեմն դեպրեսիայի դրվագներ) կամ դեպրեսիվ տեսակի (դեպրեսիայի դրվագներ)։
Շիզոաֆեկտիվ խանգարման զարգացումը և ընթացքը կարող են տարբերվել, սակայն բնորոշ առանձնահատկությունները ներառում են մեծ տրամադրության դրվագը (դեպրեսիվ կամ մանիակալ տրամադրություն) և փսիխոտիկ ախտանիշների առնվազն երկու-երեք շրջանները, երբ մեծ տրամադրության դրվագն առկա չէ։
Շիզոաֆեկտիվ խանգարման ախտանիշները կախված են տեսակից (բիպոլյար կամ դեպրեսիվ) և, ի լրումն այլոց, կարող են ներառել հետևյալը։
- Զառանցանքներ՝ կեղծ, հաստատուն համոզմունքներ, չնայած դրանց հակասող փաստերի առկայությանը։
- Ցնորքներ (հալյուցինացիաներ), ինչպիսիք են ձայներ լսելը կամ բաներ տեսնելը, որոնք իրականում չկան։
- Խանգարված հաղորդակցում, ինչպիսին է չկապակցված խոսքը։
- Տարօրինակ կամ անսովոր վարքագծեր։
- Դեպրեսիայի ախտանիշներ, ինչպիսիք են դատարկության, տխրության կամ անարժեքության զգացումները։
- Մոլուցքային (մանիակալ) տրամադրության շրջաններ՝ կենսաուժի բարձրացմամբ, մի քանի օր շարունակվող քնի կարիքի նվազեցմամբ և տվյալ անձի բնավորությանը ոչ հատուկ պահվածքով։
- Աշխատանքային, մասնագիտական, ուսման գործառույթների և փոխհարաբերությունների հետ կապված խնդիրներ։
- Ինքնախնամքի հետ կապված խնդիրներ, ինչպիսիք են անձնական հիգիենայի և արտաքին տեսքի անտեսումը։
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե կարծում եք, որ ձեզ ծանոթ ինչ-որ մեկն ունի շիզոաֆեկտիվ խանգարման ախտանիշներ, խոսեք այդ մարդու հետ ձեր մտահոգությունների մասին։ Թեև դուք չեք կարող ստիպել ինչ-որ մեկին, որ դիմի մասնագիտական օգնության, դուք կարող եք առաջարկել ձեր օժանդակությունը և օգնել նրան բժիշկ-հոգեբույժի կամ հոգեկան առողջության մասնագետի որոնման հարցում։
Եթե կարծում եք, որ ձեզ հարազատ անձն ի վիճակի չէ հոգալու իր սննդի, հագնվելու և առօրյա այլ գործերի հետ կապված հարցերը, ինքներդ դիմեք հոգեկան առողջության մասնագետին, որ տվյալ անձը չմնա բուժման և խնամքի ծառայություններից դուրս։
Շտապ դիմեք բուժօգնության կամ զանգեք 1-03, եթե կարծում եք, որ այդ անձն ունի ինքնասպանության մտքեր կամ վարքագծեր։
Հոդվածը հրապարակվել է՝ 08-08-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024