Շիզոաֆեկտիվ խանգարման ախտորոշումը ներառում է հոգեկան առողջության այլ խանգարումների բացառելը և եզրակացնելը, որ ախտանշանները պայմանավորված չեն ապօրինի թմրամիջոցների օգտագործմամբ, դեղորայքի ընդունմամբ կամ առողջական այլ խնդիրների առկայությամբ:
Շիզոաֆեկտիվ խանգարման ախտորոշումը կարող է ներառել հետևյալը:
- Ֆիզիկական քննություն (բուժզննում). սա կարող է անցկացվել, որ բացառվեն այլ խնդիրները, որոնք կարող են առաջացնել համանման ախտանիշներ և ստուգվի փոխկապված բարդությունների առկայությունը:
- Հետազոտություններ և սքրինինգներ. սրանք կարող են ներառել թեստեր, որոնք օգնում են բացառելու նմանատիպ ախտանիշներով առողջական վիճակները, ինչպես նաև ալկոհոլի և թմրամիջոցների հայտնաբերման սքրինինգ: Որոշ իրավիճակներում բժիշկը նաև կարող է խորհուրդ տալ պատկերային հետազոտություններ, ինչպիսիք են մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիկ (ՄՌՏ) կամ համակարգչային տոմոգրաֆիկ (ԿՏ) սքանավորումը:
- Հոգեկան վիճակի գնահատում. բժիշկը կամ հոգեկան առողջության մասնագետը ստուգում են անձի հոգեկան վիճակը՝ դիտարկելով նրա արտաքին տեսքն ու պահվածքը և հարցնելով մտքերի, տրամադրությունների, զառանցանքների ու ցնորքների (հալյուցինացիաների) առկայության, ապօրինի թմրամիջոցների օգտագործման և ինքնասպանության հնարավորության մասին: Սա ներառում է նաև ընտանեկան և անձնական պատմության (անամնեզի) քննարկում:
- Շիզոաֆեկտիվ խանգարման ախտորոշիչ չափանիշներ. ձեր բժիշկը կամ հոգեկան առողջության մասնագետը կարող են օգտագործել Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի կողմից հրապարակված Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկ DSM-5-ի չափանիշները:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-08-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024