Առողջական խնդիրներ
Շիզոֆրենիա

1 րոպե
Շիզոֆրենիան մտածողության ճեղքվածությամբ և հույզերի աղքատացմամբ ընթացող ծանր քրոնիկ հոգեկան խանգարում է:
Շիզոֆրենիան դասվում է ծանր փսիխոզների խմբին՝ հիվանդություններ կամ վիճակներ, որոնք ընթանում են իրականության աղճատված ընկալմամբ: Հիվանդությունն ազդում է մարդկանց մտածողության, ընկալումների, վերաբերմունքի և վարքագծերի վրա՝ առաջացնելով առօրյա կենսագործունեության կոպիտ խանգարումներ: Ցնորքները (իրականում գոյություն չունեցող բաներ տեսնելը է կամ ձայները լսելը), զառանցանքները (մի բանին հավատալը, որն իրականում գոյություն չունի), խիստ խանգարված մտածողությունը և վարքաբանական կոպիտ շեղումները ազդում են մարդու կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտների վրա: Շիզոֆրենիայով մարդն ունի խնդիրներ ամենուրեք՝ աշխատավայրում, դպրոցում, այլ մարդկանց հետ շփումներում և ընտանիքում:
Շիզոֆրենիան հանդիպում է 100 մարդուց 1-ի մոտ, իսկ ախտանիշները սովորաբար սկսում են դրսևորվել ուշ դեռահասության կամ վաղ չափահաս տարիքում: Շիզոֆրենիան երկարատև ընթացքով հիվանդություն է, որը բուժումից դուրս մնալու դեպքում կարող է բերել ծանր հաշմանդամության և անգործունակության:
Այնուամենայնիվ, այսօր շիզոֆրենիան ավելի բուժելի է քան երբևէ: Հնարավորինս շուտ սկսված բուժմամբ կարող են ստացվել ավելի լավ արդյունքներ: Բազմաթիվ հիվանդների կարող են նշանակվել դեղեր, սակայն կան բուժման ոչ դեղորայքային տարբերակներ ևս, որոնք կարող են զուգակցվել դեղորայքային բուժման հետ: Օրինակներից են հոգեբանական, վերականգնողական և ընտանեկան թերապիաները, որոնց նպատակն է հիվանդության ախտանիշները վերահսկելի դարձնելը և կյանքի որակը բարելավելը:
Հոդվածը տեղադրվել է՝ 24-07-2018 վերանայվել է՝ 26-04-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: