Շիզոֆրենիայի ախտորոշումը ներառում է հոգեկան առողջության այլ խանգարումների բացառումը և որոշելը, որ ախտանշանները պայմանավորված չեն ապօրինի թմրամիջոցների չարաշահմամբ, դեղորայքով կամ առողջական վիճակով:
Շիզոֆրենիայի ախտորոշումը կարող է ներառել հետևյալը:
- Ֆիզիկական քննություն (բուժզննում). սա կարող է արվել՝ օգնելու բացառել այլ խնդիրները, որոնք կարող են առաջացնել ախտանիշներ և ստուգել դրա հետ կապված որևէ բարդության առկայությունը:
- Թեստեր և պատկերային հետազոտություններ. դրանք կարող են ներառել թեստեր, որոնք օգնում են բացառելու նմանատիպ ախտանիշներով վիճակները, ինչպես նաև ալկոհոլի և թմրամիջոցների հայտնաբերման սքրինինգ: Բժիշկը կարող է նաև առաջարկել պատկերային հետազոտություններ, ինչպիսիք են մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) կամ համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ):
- Հոգեբուժական գնահատում. բժիշկը կամ հոգեկան առողջության մասնագետը ստուգում է հոգեկան վիճակը՝ դիտարկելով արտաքին տեսքն ու պահվածքը և հարցնելով մտքերի, տրամադրությունների, ցնորքների, զառանցանքների, ապօրինի թմրամիջոցների օգտագործման և բռնության կամ ինքնասպանության հնարավորության մասին: Սա ներառում է նաև ընտանեկան և անձնական պատմության քննարկումը:
- Շիզոֆրենիայի ախտորոշիչ չափանիշներ. բժիշկը կամ հոգեկան առողջության մասնագետը կարող է օգտագործել Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկի չափորոշիչները (DSM-5), որը հրապարակվել է Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի կողմից:
Շիզոֆրենիան համարվում է փսիխոզ, որի ժամանակ խանգարվում է մարդու՝ իր և շրջակա աշխարհի ընկալումը: Շիզոֆրենիայով մարդը կարող է և չգիտակցել, որ ունի առողջական խնդիր կամ խուսափել բժիշկներից (հատկապես, եթե ունի պարանոիդ զառանցանք): Ուստի, նման դեպքերում շիզոֆրենիայի ախտանիշներ դրսևորող անձի հարազատները կամ ընկերները կարող են հոգ տանել, որ հնարավորինս շուտ սկսվի օգնության միջոցառումները: Վաղ ախտորոշումը և առանց ուշացման մեկնարկած բուժումը կարող են ապահովել ավելի լավ արդյունքներ:
Երբեմն հոգեբույժը կարող է ախտորոշել ոչ թե շիզոֆրենիա, այլ՝ փսիխոզ, հատկապես, եթե ախտանիշները ծանր չեն և չունեն երկարատև պատմություն: Այունամենայնիվ, փսիխոզով մարդկանց մի մասի մոտ ավելի ուշ կարող է զարգանալ շիզոֆրենիա, թեև բազմաթիվ մարդիկ կարող են նաև վերջնականապես ապաքինվել:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024