Դուք կարող եք կառավարել սեբորեային դերմատիտը կամ մաշկաբորբն ապրելակերպի փոփոխություններով և տնային միջոցներով:
Դրանցից շատերը վաճառվում են դեղատներում կամ սուպերմարկետներում: Հնարավոր է, որ անհրաժեշտ լինի փորձել տարբեր ապրանքատեսակներ կամ դրանց զուգակցումներ՝ մինչև գտնեք ձեզ համար ամենաօգտակար միջոցը:
Ձեզ համար լավագույն մոտեցումը կախված է ձեր մաշկի տեսակից, մազերի խնամքի բնույթից և ձեր ախտանիշներից: Այնուամենայնիվ, նույնիսկ եթե ձեր վիճակը լավանա, ամենայն հավանականությամբ, ինչ-որ պահի այն կկրկնվի: Հետևեք ախտանիշներին և վերսկսեք բուժական միջոցառումները, երբ այն կրկնվի: Կամ օգտագործեք սովորական թեփի դեմ դեղամիջոցներ ձեր առօրյա ռեժիմում՝ բռնկումները կանխելու համար:
Կանոնավոր կերպով լվացեք ձեր գլխամաշկը
Եթե սովորական շամպունը չի օգնում թեփի վերացմանը, փորձեք թեփի դեմ շամպուններ: Դրանք դասակարգվում են ըստ ակտիվ բաղադրիչի՝
- Պիրիթիոնին ցինկ (DermaZinc, Head & Shoulder և այլն), որը նաև առկա է որպես պինդ օճառ
- Սելենիումի սուլֆիդ (Head & Shoulders, Selsun Blue և այլն)
- Կետոկոնազոլ 1% (Նիզորալ A-D)
- Խեժ (Denorex Extra Strength, DHS Tar և այլն)
- Սալիցիլաթթու (Denorex, DHS Sal և այլն):
Այն, թե ինչ հաճախականությամբ է պետք շամպունով լվանալ կամ կիրառել այլ հակասնկիկային միջոցներ, կախված է ձեր մազերի խնամքի տեսակից և ախտանիշներից: Դեղորայքային շամպունները կարելի է օգտագործել օրական մեկ անգամ կամ շաբաթական 2-ից 3 անգամ՝ մի քանի շաբաթ շարունակ։ Ախտանիշների վերացումից հետո դեղորայքային շամպուն օգտագործեք շաբաթը կամ երկու շաբաթը մեկ անգամ: Սա կօգնի կրկնության կանխարգելմանը: Խեժ կամ Սելենի սուլֆիդ պարունակող շամպունը կարող է գունաթափել բաց գույնի մազերը:
Երբեմն շամպունը, որը նախկինում օգնել էր, ժամանակի ընթացքում կորցնում է իր արդյունավետությունը: Նման դեպքերում փորձեք հաջորդաբար օգտագործել երկու կամ ավելի տեսակներ: Անպայման թողեք շամպունը գլխամաշկի վրա այնքան, որքան հրահանգել է արտադրողը, ինչը թույլ կտա, որ ակտիվ բաղադրիչներն ազդեն: Այնուհետեւ մանրակրկտորեն մաքրաջրեք ձեր մազերը: Այս շամպունները նաև կարելի է նրբորեն քսել դեմքին, ականջներին և կրծքին, և վերջում՝ լավ մաքրաջրել:
Այլ տնային միջոցներ
Հետևյալ բուժումները և ինքնօգնության խորհուրդները կարող են օգնել ձեզ, որ ավելի արդյունավետ կերպով վերահսկեք ձեր սեբորեային դերմատիտը և հնարավորինս կանխարգելեք սրացումները:
- Փափկացրեք և հեռացրեք թեփուկները ձեր մազերից. ձեր գլխամաշկին քսեք հանքային, գետնանուշի կամ ձիթապտղի յուղ: Թողեք այն 1-ից 3 ժամ: Այնուհետև սանրեք կամ խոզանակեք ձեր մազերը և մանրակրկիտ մաքրաջրեք ձեր գլխամաշկը:
- Կանոնավոր կերպով լվացեք ձեր մաշկը. օգտագործեք գոլ, ոչ տաք ջուր և թույլ օճառ կամ օճառ չպարունակող որևէ միջոց: Վերջում լավ մաքրաջրեք ձեր մաշկը: Չորացրեք և քսեք խոնավացնող նրբաքսուք՝ քանի դեռ ձեր մաշկը դեռ խոնավ է:
- Կիրառեք դեղորայքային նրբաքսուք․ սկզբում փորձեք ախտահարված տարածքների համար օգտագործել թույլ կորտիկոստերոիդային նրբաքսուք, փրփուր, քսուք կամ յուղ (Scalpicin Scalp Itch)՝ հեռու պահելով այն ձեր աչքերից: Եթե դա չի օգնում, փորձեք հակասնկիկային նրբաքսուք (Կետոկոնազոլ):
- Մի՛ օգտագործեք վարսահարդարման արտադրանքներ․ դադարեք օգտագործել մազերի լաքեր, գելեր և հարդարման այլ միջոցներ, քանի դեռ բուժում եք ձեր վիճակը:
- Մի՛ օգտագործեք մաշկի և մազերի ալկոհոլ պարունակող միջոցներ․ սրանք կարող են առաջացնել հիվանդության բռնկում:
- Եթե ունեք մորուք կամ բեղ, պարբերաբար լվացեք դեմքի մազերը շամպունով․ սեբորեային դերմատիտը կարող է ավելի վատ ընթացք ստանալ բեղերի և մորուքի շրջանում: Ամեն օր լվացեք ձեր մորուքն ու բեղը 1% Կետոկոնազոլով, մինչև ձեր ախտանիշները բարելավվեն: Այնուհետեւ անցեք շաբաթը կամ երկու շաբաթը մեկ անգամ շամպունով լվանալուն: Հակառակ դեպքում, սափրվելը կարող է թեթևացնել ձեր ախտանիշները:
- Զգուշորեն մաքրեք ձեր կոպերը․ եթե ձեր կոպերը բորբոքված կամ թեփակալած են, լվացեք դրանք ամեն գիշեր՝ քնելուց առաջ: Օգտագործեք մի քանի կաթիլ մանկական շամպուն՝ խառնված երկու կափարիչ գոլ ջրի հետ: Մաքրեք թեփուկները բամբակյա ծայրատով: Ձեր կոպերի տաք թրջոցները նույնպես կարող են փափկացնել թեփուկները և հեշտացնել դրանց հեռացումը:
- Նրբորեն լվացեք ձեր երեխայի գլխամաշկը․ եթե ձեր փոքրիկն ունի թեթև աստիճանի գլխամաշկի սեբորեային մաշկաբորբ, օրական մեկ անգամ լվացեք նրա գլխամաշկը թույլ մանկական շամպունով: Շամպունը հեռացնելուց առաջ նրբորեն թուլացրեք թեփուկները շորով կամ մազերի մանկական խոզանակով: Եթե թեփուկներն ամբողջովին չեն հեռացվել, նախ քսեք և գլխամաշկի վրա մեկ-երկու ժամ պահեք հանքային կամ ձիթապտղի յուղ: Սեբորեային մաշկաբորբը սովորաբար անհետանում է մի քանի շաբաթվա կամ ամիսների ընթացքում:
Այլընտրանքային բժշկություն
Ամենատարբեր այլընտրանքային թերապիաներ, ներառյալ ստորև թվարկվածները, օգնել են որոշ մարդկանց կառավարելու սեբորեային դերմատիտը: Սակայն դրանց արդյունավետությունն ապացուցված չէ: Միշտ լավ գաղափար է, որ նախքան այլընտրանքային միջոցներին դիմելը խորհրդակցեք ձեր բժշկի հետ:
- Թեյի ծառի յուղ. ախտահարված շրջանի համար կարելի է օգտագործել 5% թեյի ծառի յուղով շամպուն: Սակայն, որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ թեյի ծառի յուղը կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել:
- Ալոե. ալոեն բազմաթիվ արտադրանքների բաղադրիչ է: Դուք նաև կարող եք ախտահարված մաշկի համար օգտագործել ալոեի տերև:
Եթե մտածում եք օգտագործել որևէ սննդային հավելում կամ այլընտրանքային թերապիա, խոսեք ձեր բժշկի հետ դրանց դրական և բացասական կողմերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-02-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024