Դեռահասների և չափահասների համար սեբորեային դերմատիտի կամ մաշկաբորբի բուժման հիմնական միջոցները դեղորայքային շամպուններն են, նրբաքսուքները (կրեմներ) և լոսյոնները:
Եթե սովորական արտադրանքները և ինքնօգնության սովորույթները չեն օգնում, ձեր բժիշկը կամ բժիշկ-մաշկաբանը կարող են առաջարկել, որ փորձեք այս բուժումներից մեկնումեկը կամ մի քանիսը:
- Հակասնկիկային գելեր, նրբաքսուքներ, լոսյոններ, փրփուրներ կամ շամպուններ՝ դրանց հաջորդելով այլ դեղամիջոցներ․ ձեր բժիշկը կարող է առաջարկել, որ փորձեք 2% Կետոկոնազոլ կամ 1% Ցիկլոպիրոքս (Լոպրոքս) պարունակող որևէ արտադրանք: Կամ դուք կարող եք հաջորդաբար փորձել երկու կամ ավելի արտադրանքներ: Կետոկոնզոլը կարող է ավելի չորացնել ամուր փաթաթված կամ ներկած մազերը և մեծացնել դրանց թափվելու ռիսկը: Այս ազդեցությունը թեթևացնելու համար օգտագործեք այն շաբաթը միայն մեկ անգամ՝ խոնավացնող կոնդիցիոների հետ միասին: Այն, թե որքան հաճախ է պետք օգտագործել շամպուն կամ այլ հակասնկիկային միջոցներ, կախված է ձեր մազերի խնամքի բնույթից և ախտանիշներից: Դեղորայքային շամպունները կարելի է օգտագործել օրական մեկ անգամ կամ շաբաթական 2-ից 3 անգամ՝ մի քանի շաբաթ շարունակ։ Թույլ տվեք, որ օգտագործվող արտադրատեսակը մի քանի րոպե մնա ձեր գլխամաշկի վրա, որ հասցնի ազդել (հետևեք արտադրողի հրահանգներին): Այնուհետեւ մաքուր ջրով լավ լվացեք ձեր մազերը: Ախտանիշների վերացումից հետո դեղորայքային շամպուն օգտագործեք շաբաթը կամ երկու շաբաթը մեկ անգամ: Սա կօգնի կրկնությունների կանխարգելմանը:
- Նրբաքսուքներ (կրեմներ), լոսյոններ, շամպուններ կամ քսուքներ, որոնք վերահսկում են բորբոքումը․ ձեր բժիշկը նաև կարող է նշանակել տեղային կորտիկոստերոիդ, որը կիրառում եք գլխամաշկի կամ այլ ախտահարված շրջանների վրա: Օրինակներից են՝ Հիդրոկորտիզոն, Ֆլուոցինոլոն (Կապեքս, Սինալար), Կլոբետազոլ (Կլոբեքս, Տեմովատ) և Դեզոնիդ (Դեզովեն, Դեզոնատ): Դրանք հեշտ օգտագործվող և արդյունավետ են: Օգտագործեք դրանք միայն այնքան ժամանակ, մինչև ախտանիշները վերանան: Բազմաթիվ շաբաթներ կամ ամիսներ առանց ընդմիջման օգտագործելու դեպքում այս դեղամիջոցները կարող են առաջացնել կողմնակի ազդեցություններ, օրինակ՝ մաշկի գունազրկում, մաշկի բարակում և այլն: Կալցինեուրինի ինհիբիտորներ պարունակող նրբաքսուքները կամ քսուքները, ինչպիսիք են Տակրոլիմուսը (Պրոտոպիկ) կամ Պիմեկրոլիմուսը (Էլիդել), նույնպես կարող են արդյունավետ լինել: Դրանք ունեն ավելի քիչ կողմնակի ազդեցություններ, քան կորտիկոստերոիդները, սակայն առաջին ընտրության բուժում չեն, քանի որ ԱՄՆ Սննդի և դեղերի գործակալությունը (FDA) մտահոգություն ունի քաղցկեղի հետ հնարավոր կապի վերաբերյալ: Բացի այդ, Տակրոլիմուսը և Պիմեկրոլիմուսն ավելի թանկ արժեն, քան թույլ կորտիկոստերոիդային արտադրանքները:
- Բերանային (օրալ) հակասնկիկային դեղամիջոցներ․ եթե այլ բուժումներով ձեր վիճակը չի բարելավվում կամ մաշկաբորբն ունի ծանր ընթացք, ձեր բժիշկը կարող է առաջարկել դեղահաբի տեսքով հակասնկիկային դեղամիջոց:
Նորածինների մոտ սեբորեային դերմատիտը և բարուրային մաշկաբորբը սովորաբար բնական ճանապարհով մաքրվում են 6-12 ամսվա ընթացքում, սակայն դեռահաս կամ չափահաս տարիքում մաշկաբորբը կարող է ստանալ երկարատև ու ձգձգվող ընթացք: Հիվանդությունը ժամանակ առ ժամանակ կարող է բռնկվել:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-02-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024