Առողջական խնդիրներ
Սեբորեային դերմատիտ (մաշկաբորբ)

2 րոպե
Սեբորեային դերմատիտը մաշկի բորբոքման տեսակ է, որը սովորաբար տեղակայվում է գլխամաշկի, դեմքի կամ իրանի այն շրջաններում, որտեղ մաշկը բնականում արտադրում է «սեբում» անվանումով ճարպը։
Սեբորեային դերմատիտը կոչվում է նաև «սեբորեային էկզեմա» և նորածինների մոտ դրսևորվում է գլխի մազածածկ հատվածում դեղնավուն և խոշոր թեփուկներով ու հաճախ զուգորդվում է բարուրային մաշկաբորբով։
Սեբորեային դերմատիտի պատճառները
Սեբորեային դերմատիտը կարող է զարգանալ մանրադիտակային մեծության մալասեցիա (Malassezia) սնկերի նկատմամբ օրգանիզմի իմունային ռեակցիայի հետևանքով։
Մալասեցիա սունկը նորմայում կարող է ապրել առողջ մաշկի վրա, մարմնի այն շրջաններում, որտեղ արտադրվում է ճարպ, սակայն որոշ մարդկանց մոտ անհայտ պատճառներով այս սնկերի նկատմամբ կարող է զարգանալ իմունային ռեակցիա։ Հիվանդությունը վարակիչ չէ, ոչ էլ վատ հիգիենայի նշան է։
Սեբորեային դերմատիտը նման է մաշկի չոր կամ ճարպոտ թեփուկով կամ թեփով պատված շրջանների, որը, եթե տեղակայվում է գլխի մազածածկ շրջաններում, մազաթափության չի բերում։
Նորածինների մոտ հիվանդությունը սովորաբար զուգորդվում է բարուրային մաշկաբորբով և ավելի հաճախ ախտահարում է գլխամաշկը՝ դրսևորվելով որպես դեղնավուն և խոշոր թեփուկներ։ Ախտահարված շրջանները նաև կարող են լինել կարմրավուն և քոր կամ այրոցանման զգացողություն առաջացնող։ Բարդացած դեպքերում ցանավորումը կարող է տարածվել ականջերի, կոպերի, քթի, կրծքավանդակի և մեջքի շրջաններ։
Սեբորեային դերմատիտի բուժումը և ինքնօգնությունը
Նորածինների մոտ սեբորեային դերմատիտը և բարուրային մաշկաբորբը սովորաբար բնական ճանապարհով «մաքրվում» են 6-12 ամսվա ընթացքում, սակայն դեռահասության կամ չափահաս տարիքում մաշկաբորբը կարող է ստանալ երկարատև ու ձգձգվող ընթացք։ Հիվանդությունը ժամանակ առ ժամանակ կարող է «բռնկվել» և սրանալ։
Սեբորեային դերմատիտը հաճախ կարող է տնային պայմաններում արդյունավետ կերպով կառավարվել առանց դեղատոմսի դուրս գրվող դեղերով, այդ թվում՝ գլխի մազածածկ մաշկի ախտահարման ժամանակ թեփի դեմ շամպունների օգտագործմամբ։
Նորածինների մոտ հաճախ դիտվող գլխամաշկի դեղնավուն թեփուկները կարելի է հեռացնել՝ նախ դրանք փափկացնելով մանկական շամպունով կամ ձիթապտղի ձեթով և տաք ջուրով, որից հետո զգուշությամբ հեռացնելով բամբակե խծուծով, փափուկ ատամի խոզանակով կամ փափուկ սրբիչով։ Երբեմն այդ թեփուկների տակ գտնվող մաշկը կարող է ախտահարվել վարակով։ Եթե մաշկի ախտահարումը չի լավանում կամ տարածվում է մարմնի այլ շրջաններ, զրուցեք ձեր բժշկի հետ։
Մարմնի այլ շրջանների ախտահարման ժամանակ հիվանդության ախտանիշները կարելի է մեղմացնել հակասնկային կամ կորտիկոստերոիդային նրբաքսուքներով (կրեմ) կամ քսուքներով։ Թեփոտվող մաշկը կարելի է նաև թեփազերծել սալիցիլաթթու պարունակող մարմնի կամ դեմքի լվացող միջոցներով։ Այս միջոցները կարող են հաճախակի կիրառվել բուժման սկզբում և ավելի հազվադեպ օգտագործել ախտանիշների վերադրսևորման ժամանակ։
Դիմեք բժշկին, եթե հիվանդության նշանները կայուն կերպով շարունակվում են կամ եթե դրանք հանկարծակի սրանում են՝ մեծացնելով անհարմարավետությունը (դիսկոմֆորտ), ուղեկցվելով անհանգստությամբ, հիասթափությամբ կամ ազդելով առօրյա կյանքի վրա։
Հազվադեպ, բժիշկը կարող է խորհուրդ տալ նաև մաշկաբանի խորհրդատվություն։
Հոդվածը տեղադրվել է՝ 04-06-2019 վերանայվել է՝ 01-06-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: